Января 18, 2024 | 13:05
Կոնֆերանսներ
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Մարդու իրավունքներ
Կրոնը և խաղաղաշինության էթիկան. միջազգային առցանց գիտաժողով ԵՊՀ-ում
Արտերկրի համալսարանների և գիտական կենտրոնների հետ միջազգային համագործակցությունն ու ամրապնդումը ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով ամրագրված նպատակներից են։ Այսօրինակ գործակցության շրջանակում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում անցկացվեց «Արտաքսված և մոռացված․ հայերն առանց Լեռնային Ղարաբաղի» խորագրով միջքրիստոնեական մասնագիտական առցանց գիտաժողով։
Գիտաժողովը նպատակ ուներ խաղաղաշինության էթիկայի տեսանկյունից շեշտադրելու կրոնների դերը, նպաստելու վերջին շրջանում Արցախում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ միջազգային հարթակներում իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև մասնագիտական տեսանկյունից քննարկելու բնագավառին առնչվող խնդիրներ և ուղենշելու լուծումներ։
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովը կայացավ ֆակուլտետի Միջմշակութային և կրոնագիտական գիտահետազոտական կենտրոնի (Հայաստան), Մյունսթերի համալսարանի կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետի էկումենիկ ինստիտուտի (Գերմանիա) և Արևելյան եկեղեցիների լրատվական ծառայության (Շվեյցարիա) հետ համագործակցության շրջանակում:
Գիտաժողովի ժամանակ ոլորտի մասնագետները զեկուցումներ ներկայացրին՝ քննարկելով Արցախում վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պատմական տեսանկյունից (Աշոտ Հայրունի, ԵՊՀ): Անդրադարձ եղավ Արցախի համակարգված ապահայկականացման հետևանքներին (Հարություն Հարությունյան, ԵՊՀ/ՀԱՀ), ներկայում Արցախի հայկական, չափազանց հարուստ և երկու հազարամյակից ավելի փաստագրված պատմություն ունեցող մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին (Դագմար Հելլեր, Բենսհայմի միջեկեղեցական ինստիտուտ):
Խոսելով միջազգային գիտաժողովի խորագրի ընտրությունից և օտարերկրյա գործընկերների՝ թեմայով հետաքրքրված լինելու հանգամանքից՝ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, Միջմշակութային և կրոնագիտական գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող Հարություն Հարությունյանն ընդգծեց արցախահայության խնդիրների բարձրաձայնման կարևորությունը՝ նշելով, որ թեմայի լուսաբանման անհրաժեշտությունն առկա է, քանի որ շատերը սկզբնական շրջանում որոշ ժամանակ խոսեցին կատարված իրադարձությունների մասին, որից հետո թեման մոռացության տրվեց։
Հ․ Հարությունյանը, կարևորելով բարձրաձայնվող թեմաների (արցախահայերի ճակատագիր, ադապտացիա, համայնքի պահպանմանն առնչվող հարցեր) արդիականությունը, փաստեց, որ գիտաժողովի արդյունքները տարածվելու են միջազգային տարբեր հարթակներում:
Միջազգային գիտաժողովի արդյունքում մասնագիտական խումբը, միավորվելով մեկ հարթակում, ստեղծեց շարունակական համագործակցության նոր ուղիներ: