Января 24, 2024 | 00:02
Инфраструктура
Исследовательская работа
Конкурсы
Научно-исследовательским работам, проводимым на химическом факультете ЕГУ, передастся новое качество
Համալսարանում կբացահայտվեն և կհետազոտվեն քիմիական ու կենսաբանական համակարգերը մոլեկուլային մակարդակով՝ շնորհիվ լայն հնարավորություններով օժտված նոր սերնդի գազ քրոմատոգրաֆի հետ համակցված տատանողական սպեկտրոսկոպիայի կայանի։ Հայաստանում ԵՊՀ-ն առաջինն է, որին հնարավորություն է ընձեռվել ձեռք բերելու այս համակցված սարքը։
Քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար սարքի կիրառման առանձնահատկությունների բացահայտմանն ուղղված վերապատրաստման դասընթաց է անցկացնում ԵՊՀ հայտարարած գնումների մրցույթում հաղթող ճանաչված «Իմունոֆարմ» ՍՊԸ ներկայացուցիչը։ Համակցված սարքի կիրառման վերաբերյալ գիտելիքները հարստացնելու և սարքին լավագույնս տիրապետելու նպատակով ԵՊՀ-ն առաջիկայում մասնագետ կհրավիրի նաև Լեհաստանից։
Քիմիայի ֆակուլտետի փոխդեկան, ք.գ.թ., դոցենտ Արմեն Գալստյանը նշեց, որ նոր սերնդի համակցված սարքով կկատարեն նյութերի բնութագրում, անհայտ նյութերի կառուցվածքի բացահայտում, հայտնի նյութերի որոշակի տեսակների փոխազդեցությունների ուսումնասիրություն և հետազոտական այլ աշխատանքներ։
«Ժամանակակից համալսարաններում և քիմիական լաբորատորիաներում, որտեղ կատարվում են անալիտիկ հետազոտություններ, այսօրինակ սարքերի առկայությունը խիստ անհրաժեշտություն է: Մինչ այս սարքի ձեռքբերումը Քիմիայի ֆակուլտետում առկա բարձր արդյունավետությամբ հեղուկային քրոմատոգրաֆ սարքի կիրառմամբ խնդիրների մի մասն էինք լուծում միայն։ Իսկ այս համակցված սարքը հնարավորություն է տալիս և՛ գիտական, և՛ կրթական ոլորտներում կատարելու այնպիսի հետազոտություններ, որոնք կատարելու հնարավորություն մինչ այժմ չունեինք»,- հավելեց Արմեն Գալստյանը։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ Լիանա Գաբրիելյանն ընդգծեց, որ ձեռք բերված սարքը կնպաստի գիտահետազոտական աշխատանքների՝ առավել բարձր որակով կատարմանը թե՛ Քիմիայի ֆակուլտետում, թե՛ միջազգային համագործակցության շրջանակում, ինչպես նաև Ֆիզիկայի ինստիտուտի, Կենսաբանության ֆակուլտետի հետ համատեղ։
«Համակցված սարքը կարելի է կիրառել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նյութագիտության, դեղագիտության, սննդի անվտանգության, ինչպես նաև ֆիզիկական, անալիտիկ, օրգանական և անօրգանական քիմիայում: Կարևոր դերակատարում ունի նաև օրգանական և անօրգանական միացությունների, կենսամոլեկուլների և դրանց լուծույթների կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրությունը»,- ասաց Լիանա Գաբրիելյանը։
Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտն այս համատեքստում ընդգծեց, որ սննդի անվտանգության ոլորտում տատանողական սպեկտրոսկոպիայի սարքը համակցված գազ քրոմատոգրաֆիայով հնարավորություն է տալիս բացահայտելու տարբեր նյութերի առկայությունն ընտրված սննդամթերքի նմուշում, ինչպես նաև բացահայտված նյութերին տալու քանակական բնութագրեր:
«Սննդից մի նմուշ տեղադրելով սարքում՝ կարողանում ենք նույնականացնել բաղադրիչները: Սարքի հետ միասին ունենք տվյալների մեծ բազա, որտեղ ներառված է 10000-ից ավելի նյութ, և սննդամթերքում հայտնաբերված նյութերը համադրելով այդ բազայում եղած նյութերի հետ՝ որոշում ենք, թե նմուշի մեջ որ նյութերն են հայտնաբերվել»,- նշեց Լիանա Գաբրիելյանը։
Նրա հավաստմամբ՝ դեղագիտության մեջ ևս հնարավոր է կատարել նման ուսումնասիրություն: Դեղահաբը տեղադրելով սարքում՝ հնարավոր է բացահայտել և՛ բաղադրությունը, և՛ բաղադրիչների քանակական պարունակությունը: Իսկ քիմիայի ոլորտում հնարավոր է կատարել միացությունների նույնականացում, ուսումնասիրել նյութերի կառուցվածքը ցանկացած ագրեգատային վիճակում, ինչպես մաքուր վիճակում, այնպես էլ լուծույթներում: ԻԿ և Ռաման սպեկտրների համատեղ վերլուծությունը հնարավորություն կտա միանշանակ վերագրելու բոլոր տատանումները, բացահայտելու միջմոլեկուլային փոխազդեցություններին մասնակցող ֆունկցիոնալ խմբերի բնույթը և կատարելու այլ հետազոտություններ։
Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնում թեպետ օգտագործում են համակցված սարքը, սակայն, ինչպես ընդգծեց Լիանա Գաբրիելյանը, այն իր ամբողջական հնարավորություններով կիրառելու համար ժամանակ է հարկավոր, և անցկացվող վերապատրաստումը միտված է հենց դրան: Նա հավելեց, որ այս սարքը 2023 թ․ արտադրանք է և առկա է աշխարհի սակավաթիվ հետազոտական կենտրոններում։
Նշենք, որ ԵՊՀ-ն սարքը ձեռք է բերել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրում» մրցույթում հաղթող ճանաչվելու արդյունքում։
Համալսարանի լաբորատոր ենթակառուցվածքների շարունակական համալրումը նպաստում է գիտահետազոտական նախագծերում ինչպես դասախոսական կազմի, այնպես էլ ուսանողների ներգրավվածությանը՝ խրախուսելով հետազոտական աշխատանքների ամբողջացումն ու հանրայնացումը։