Января 24, 2024 | 15:04
Конференции
Исследовательские центры и институты
Применение критического мышления в анализе архивов диаспоры: лекция в ЕГУ
ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնում «Քննադատական մտածողության կիրառումները սփյուռքյան արխիվի վերլուծություններում» խորագրով դասախոսություն անցկացրեց Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի (GWZO) (Գերմանիա) հետդոկտորական հետազոտող Կարեն Ջալլաթեանը:
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ ԵՊՀ-ում ստեղծվել է Պատմության փիլիսոփայության և տեսության հեռավար լաբորատորիա, որի նպատակն է առաջիկա 5 տարիներին հետազոտել արդիականացման հայկական հարացույցները, որոնք վերաբերում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի պատմության ուսումնասիրությանը: Լաբորատորիայի հիմնական խնդիրն է բացահայտել, թե ինչպես է տեղի ունեցել արդիականացումը, ինչ մարտահրավերներ են եղել, ինչպես է հաջողվել լուծել խնդիրները և այլն: Խոսելով լաբորատորիայի գործունեության մասին՝ Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի ղեկավար Դավիթ Մոսինյանը նշեց, որ հեռավար լաբորատորիայի արտասահմանյան ղեկավարը Կալլե Փիհլաինենն է (Տուրկուի համալսարան, Ֆինլանդիա), որը պատմության և փիլիսոփայության լավագույն մասնագետներից և նարատիվիստական դպրոցի հիմնական ներկայացուցիչներից մեկն է:
«Հեռավար լաբորատորիայի նպատակներից են հետազոտություններ կատարելը և դրանց արդյունքների մասին միջազգային վարկանիշ ունեցող պարբերականներում հոդվածներ տպագրելը, միջազգային գիտաժողովներ կազմակերպելը և այլն: Զուգահեռաբար, մենք խնդիր ենք դրել հանրայնացնելու մեր գործունեությունը, ինչին ուղղված քայլերից մեկը դասախոսությունների կազմակերպումն է: Այդ նպատակով մենք հրավիրել ենք ազգությամբ հայ Կարեն Ջալլաթեանին, որն իր դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Կալիֆոռնիայի համալսարանում (ԱՄՆ): Նրա ուսումնասիրության դաշտում է Անին՝ որպես կորսված քաղաք, և նրա հետազոտությունները հիմնականում առնչվում են Սփյուռքին»,- պատմեց Դավիթ Մոսինյանը:
Դասախոսության շրջանակում Կարեն Ջալլաթեանն անդրադարձավ հայաստանյան և սփյուռքյան ֆիլմի արխիվների զանազանությանը, ներկայացրեց, թե ինչ է Սփյուռքի կինոն: Մեկնաբանելով թեմայի կարևորությունը՝ Կ. Ջալլաթեանը նշեց, որ այն ներառում է մի քանի բաղադրիչներ՝ քննադատական մտածողություն, որը մշակութաբանության, միջազգային փիլիսոփայության, արվեստի, մշակույթի ուսումնասիրությունների կարևոր ուղղություններից մեկն է, Սփյուռքի արխիվ, պատմականացման խնդիրներ և այլն. այս ամենը նա ներկայացրեց Սփյուռքի շարժանկարիչների, կինոռեժիսորների աշխատանքների միջոցով:
«Երբ մենք խոսում ենք հայկական կինոյի մասին, անհրաժեշտ է զատորոշել հայաստանյան և սփյուռքյան արխիվները, սակայն սփյուռքյան արխիվն անհրաժեշտ է դիտարկել հայկական մտածողության մեջ. այն ոչ թե առանձին և անկախ երևույթ է, այլ սերտ կապված է հայաստանյան մշակույթի հետ»,- շեշտեց բանախոսը:
Նա ասաց, որ ֆիլմը՝ որպես ուսումնասիրության օբյեկտ, աստիճանաբար փոփոխվում և զարգանում է, ուստի անհրաժեշտություն է առաջանում հետազոտություններ կատարելու նոր մեթոդաբանությամբ:
Անդրադառնալով ԵՊՀ-ի հետ համագործակցության շարունակականությանը՝ Կ. Ջալլաթեանը փաստեց. «Ինձ համար սա շատ կարևոր փորձառություն է, քանի որ առաջին անգամ եմ նմանօրինակ դասախոսությամբ հանդես գալիս Հայաստանում, այն էլ՝ ամենակարևոր բարձրագույն կրթական հաստատություններից մեկում՝ ԵՊՀ-ում: Որպես Սփյուռքում բնակվող և աշխատող հայագետ՝ ինձ համար մեծ նշանակություն ունեն նաև գործընկերային կապերի հաստատումը և այդ կապերի ամրապնդումը»:
Նշենք, որ դասախոսությանը ներկա էին ուսանողներ, ասպիրանտներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված այլ անձինք: