Января 25, 2024 | 17:30
Наука
Исследовательская работа
Международное сотрудничество
Объект исследования: циркулярная экономика. Профессор ЕГУ – один из первых, кто начал изучать эту сферу
Շրջանաձև տնտեսության զարգացումը ԵՄ առաջնահերթություններից է, սակայն ՀՀ-ում դրա վերաբերյալ տնտեսագիտական վերլուծություններ գրեթե չկան: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ Վարդան Ալեքսանյանը, համագործակցելով Գերմանիայի և Ռումինիայի գործընկերների հետ, գիտական հոդված է հրապարակել «Sustainability» միջազգային պարբերականում:
Նյութական ապրանքների և ծառայությունների աճող պահանջարկը հակասում է ռեսուրսների սահմանափակությանը, ինչն անհրաժեշտություն է առաջացնում գծային տնտեսությունից անցում կատարելու շրջանաձև տնտեսության, որի նպատակը անթափոն տնտեսություն ունենալն է. ռեսուրսները կարող են վերօգտագործվել և վերականգնվել, իսկ թափոնները՝ վերամշակվել արտադրական նոր արժեք ստեղծելու նպատակով:
«Շրջանաձև ուղիներ դեպի կայուն զարգացում. շրջանաձև տնտեսության ցուցանիշների, տնտեսական աճի, սոցիալական բարեկեցության և բնապահպանական գործընթացների միջև կապերի ուսումնասիրությունը ԵՄ-27-ում» թեմայով գիտական հոդվածում բացահայտվել են 2012-2020 թթ. ընթացքում ԵՄ 27 երկրներում շրջանաձև տնտեսության և տնտեսություն-հասարակություն-միջավայր կապի միջև առկա բարդ փոխառնչությունները:
Օգտագործելով Եվրոպական վիճակագրական ծառայությունից (EUROSTAT) ձեռք բերված 243 դիտարկումների բազան՝ կատարվել է տնտեսաչափական վերլուծություն: Ուսումնասիրությունը նպատակ ուներ քանակական տվյալներով վերլուծելու շրջանաձև տնտեսության ցուցանիշների ազդեցությունը մակրոտնտեսական կախյալ փոփոխականների վրա, մասնավորապես՝ մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշը (տնտեսական հարթություն) և ջերմոցային գազերի արտանետումը (սոցիալական հարթություն):
Հետազոտության շնորհիվ պարզվել է, որ ռեսուրսարդյունավետությունը, թափոնների վերամշակումը, վերամշակվող հումքի առևտուրը, էներգաարդյունավետությունը, մասնավոր ներդրումները և համախառն ավելացված արժեքը՝ կապված շրջանաձև տնտեսության հետ, դրական ազդեցություն ունեն ԵՄ երկրների տնտեսական, սոցիալական և բնապահպանական ցուցանիշների վրա:
Կարևորելով թեմայի ընտրությունը՝ Վարդան Ալեքսանյանը շեշտեց, որ Հայաստանում շրջանաձև տնտեսության մոդելը տնտեսության ոչ մի հատվածում ներդրված չէ. օրինակ, եթե պլաստիկի վերամշակման համաշխարհային ցուցանիշը գնահատվում է շուրջ 50%, ապա ՀՀ-ում տվյալ ցուցանիշը շուրջ 15% է, ինչը շատ ցածր ցուցանիշ է ամբողջ աշխարհում:
«Շրջանաձև տնտեսության զարգացման Եվրոպական Միության երկրների փորձի ուղղությամբ կատարված այս հետազոտությունը ոչ միայն տնտեսագիտական առաջին ուսումնասիրություններից է, այլև կարևորագույն նախադրյալ և գիտական հիմք՝ ՀՀ շրջանաձև տնտեսության անցման կառուցակարգերի և պետական քաղաքականության մշակման գործում»,- նշեց Վ. Ալեքսանյանը:
Միջազգային Q2 վարկանիշային գիտական հանդեսում հրապարակումը Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալի համար բացել է միջազգային նոր գործակցությունների բազմաթիվ հնարավորություններ` hամատեղ հետազոտություններ կատարելու, գիտաժողովների մասնակցելու, միջազգային պարբերականներում հոդվածներ տպագրելու առաջարկներ և այլն:
Գիտական թիմը շարունակելու է գործակցությունը ոլորտի հետագա ուսումնասիրությունների համար՝ զարգացնելով շրջանաձև տնտեսության գաղափարը, ինչը հետագայում հնարավորություն կտա ՀՀ Կառավարությանը ներկայանալու հստակ առաջարկներով:
Վարդան Ալեքսանյանն ընդգծեց, որ ԵՊՀ-ն ունի միջազգային կապեր հաստատելու լայն հնարավորություններ, և տնտեսագիտության ոլորտում այդ բացը լրացնելու համար դեկանի գլխավորությամբ ֆակուլտետում բազմիցս քննարկում են միջազգային գործակցությունների հնարավոր ուղիները, ինչը կնպաստի կրթության որակի բարելավմանը, ոլորտի զարգացմանը և, առհասարակ, բուհի միջազգայնացմանը:
Նշենք, որ Վարդան Ալեքսանյանը օտարերկրյա գործընկերների հետ համատեղ ևս երկու հոդված է հրապարակել. Ուկրաինայի և Չինաստանի գործընկերների հետ համագործակցությամբ «Ֆինանսական աուդիտորները ազդո՞ւմ են կայունության հաշվետվությունների վրա: Ֆինանսական աուդիտների «Մեծ քառյակի» ազդեցությունը Չինաստանում ԿՍՊ հաշվետվությունների որակի վրա» թեմայով գիտական հոդված է հրապարակել «Intellectual Economics» պարբերականում (Scopus Q2), իսկ հայ և ռումինացի գործընկերների հետ համագործակցությամբ՝ «Արտահանման էկոնոմետրիկ վերլուծությունը և արտարժույթի փոխարժեքների ազդեցությունը գինու արտադրության վրա. (հայկական գինու արդյունաբերության օրինակով)» թեմայով գիտական հոդված «Web of Sciense» պարբերականում: