Января 30, 2024 | 17:25
Наука
Исследовательская работа
Конкурсы
В ЕГУ созданы благоприятные условия для продвижения научно-исследовательской работы аспирантов
Ասպիրանտների և երիտասարդ գիտնականների համար ԵՊՀ-ն, համաձայն համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրով ամրագրված դրույթների, իրականացնում է աջակցության տարբեր ծրագրեր՝ շարունակաբար բարելավելով գիտական միջավայրը և նպաստավոր պայմաններ ստեղծելով գիտահետազոտական աշխատանքների խթանման համար։
Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ, ասպիրանտ Սիլվարդ Թադևոսյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023»-ի հաղթողներից է։ Նա գիտական ծրագրի շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի լաբորատորիաներում կատարում է ուսումնասիրություն։ Երիտասարդ հետազոտողը պատմել է գիտական ծրագրին դիմելու, ուսումնասիրության, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների և գիտական միջավայրի մասին։
Ինչպե՞ս եմ դիմել ծրագրին
«Բույսերից մինչև ախտածիններ։ Բուսական ծագմամբ կենսաբանորեն ակտիվ միացությունների հակաբակտերիական ակտիվության և ազդեցության մեխանիզմների ուսումնասիրություն» թեման դեռ մագիստրատուրայում եմ սկսել ուսումնասիրել։ Ասպիրանտուրայում արդեն գիտական ղեկավարիս՝ կ․գ․թ․ Նաիրա Սահակյանի խորհրդով դիմել եմ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023»-ի դրամաշնորհին և հաղթող ճանաչվել։
Մի խումբ մանրէների նկատմամբ հակաբիոտիկներն այլևս ազդեցություն չունեն
Եթե մարդիկ շատ օգտագործեն հակաբիոտիկներ, նրանց օրգանիզմը կայունություն ձեռք կբերի, և հակաբիոտիկը, որը պետք է ոչնչացներ մանրէն, այլևս չի գործի, իսկ մանրէն կշարունակի աճել՝ մուտացվելով ու տարածվելով։ Այսինքն՝ մանրէն դիմադրում է, և դեղորայքն այլևս չի ազդում։ Մեր փորձերի ժամանակ մենք դիտարկում ենք բուսական միացությունները և նրանց ազդեցության ակտիվությունը հակաբակտերիական, հակաօքսիդանտային տարբեր մանրէների վրա։ Որպես թեստ-համակարգ ուսումնասիրում ենք այն մանրէները, որոնք ավելի շատ են տարածված։ Դրանք հիմնականում հակաբիոտիկ կայուն մանրէներն են, որոնց վրա հակաբիոտիկների որոշ խումբ այլևս ազդեցություն չի ունենում։
Այս մանրէները տարածված են ամբողջ աշխարհում։ Դրանց նկատմամբ մարդկանց օրգանիզմում անընկալունակություն արձանագրելու դեպքում նոր միջոցներ կառաջարկենք ուսումնասիրության արդյունքում։
Բուսական միացությունը՝ որպես հակաբիոտիկ նոր միջոց մանրէների դեմ
Մենք փորձում ենք ստանալ նոր միացություններ, որոնք կարող են ազդել հենց այդ մանրէների վրա և վերացնել դրանք։ Եթե փորձերը գոհացուցիչ արդյունքներ ունենան, ուսումնասիրությունը չի ավարտվի դրամաշնորհային ծրագրի ժամկետում (2026 թ․ հոկտեմբեր) և կշարունակվի ծրագրի ավարտից ու ասպիրանտուրայից հետո ևս։
Այս փուլում դեռ փորձարկում ենք բույսերից անջատված միացությունները, հասկանում ազդեցության մեխանիզմները։ Գոհացուցիչ արդյունքի հասնելու դեպքում բուսական միացությունը կարող ենք օգտագործել որպես մանրէների դեմ հակաբիոտիկ նոր միջոց։ Այն կարող է ներառվել թե՛ դեղորայքի մեջ՝ ավելացնելով բուսական չափաբաժինն ու նվազեցնելով օրգանիզմին հասցվող վնասը, թե՛ դառնալ որպես ուղեկցող միջոց։ Սրանք արդեն հաջորդ փուլերի աշխատանքներ են, որոնք միայնակ հնարավոր չէ կատարել։ Անհրաժեշտ կլինեն դեղագետների, կենսաքիմիկոսների մասնագիտական խորհուրդները։
Լաբորատորիայում ստեղծված են հնարավորություններ արդյունավետ աշխատանքի համար
Գիտական ղեկավարս շատ է օգնում, մասնագիտական խորհուրդներ տալիս և ուղղորդում։ Ես սիրում եմ փորձերը նրա հետ միշտ քննարկել։ Յուրաքանչյուր փորձից հետո աշխատանքը շարունակելու մի քանի տարբերակ է առաջանում, դրանցից որևէ մեկն ընտրելու համար մասնագիտական խորհրդի և ուղղորդման անհրաժեշտություն է լինում։
Փորձերի համար անհրաժեշտ սարքավորումներն ունենք, հնարավոր է՝ մեկ լաբորատարորիայում տեղակայված չլինեն բոլոր սարքավորումները, բայց գործակցության շրջանակում մեր ամբիոնի տարբեր լաբորատորիաներում հնարավորություն է ընձեռվում հանգիստ կատարելու մեր փորձերը։ Մեր կողքին աշխատում են նաև երիտասարդ գիտնականներ, ինչը մեծ ակտիվություն է փոխանցում համալսարանականներին, լաբորատորիայի աշխատանքներին և մոտիվացնում մեզ։ Լաբորատորիայում միշտ աշխատանքային աշխուժություն կա։ Հետազոտությունների ժամանակ կարևոր է նպատակներ սահմանելը, նորի հետևից գնալը, երբեք կանգ չառնելը և առաջ գնալը։
Ես համալսարանի նվիրյալ եմ
Երբ ընդունվեցի համալսարան, շատ սիրեցի ԵՊՀ-ն, ու հետագայում այստեղ աշխատելը դարձավ երազանք։ Բակալավրիատում սովորելու տարիներին ֆակուլտետային ուսանողական խորհրդում արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատուն էի։ Այդ շրջանում ծանոթացել էի արտերկրի կրթական ծրագրերին, հետագայում դիմել դրանցից մեկին և հաղթող ճանաչվել։ Սակայն համալսարանում աշխատելու առաջարկ ստանալով՝ չեմ երկմտել, ընտրել եմ ԵՊՀ-ում մնալն ու աշխատելը։
Արդեն մագիստրատուրայում հնարավորություն ունեցա լինելու գիտական աշխատանքիս ղեկավարի թիմում՝ որպես աշխատակից։ Այդ ժամանակ արդեն ոգևորված էի, որոշեցի ուսումս շարունակել ԵՊՀ ասպիրանտուրայում՝ չնայած այն հանգամանքին, որ հնարավորություններ կային ուսումս արտերկրում շարունակելու։ Եթե մի օր գնամ արտերկրում սովորելու, վստահ եմ՝ նորից կվերադառնամ ԵՊՀ։ Ուզում եմ դասախոս դառնալ, որպեսզի իմ գիտելիքները փոխանցեմ նաև գիտության աշխարհ նոր մուտք գործողներին։ Համալսարանը, բացի գիտական ու կրթական միջավայրից, նաև ընտանիք է, որտեղ բոլորը պատրաստակամ են միմյանց օգնելու։ Այս թիմային աշխատանքը ինձ շատ է դուր գալիս, ու ինքս էլ փորձում եմ բոլորին օգնել՝ գիտելիքներս ու հմտություններս փոխանցելով ըստ անհրաժեշտության։ Ես համալսարանի նվիրյալ եմ։