Февраля 01, 2024 | 15:34
Наука
Образование
Исследовательская работа
Область микробиологии – объект научных интересов аспиранта ЕГУ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Դիանա Ղևոնդյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է, որը գիտական հետազոտություն է կատարում մանրէաբանության ոլորտում։
Դ․ Ղևոնդյանը մեզ հետ զրույցում ներկայացրել է իր գիտական ծրագիրը, հետազոտության թեման, սահմանած նպատակները, խնդիրները, ինչպես նաև համալսարանի ընձեռած հնարավորությունները։
Բժշկական թելերի ու սոսինձների, դեղերի պատիճների ստացման համար ԵՊՀ ասպիրանտն իր գիտական հետազոտությամբ խնդիր է առաջադրել առաջարկելու էկոլոգիապես մաքուր ու անվտանգ նոր միջոց։ Ըստ գիտական վարկածի՝ այն կարելի է ստանալ էկզոպոլիսախարիդներից` շաքարային հիմքով պոլիմերային միացություններից, որոնք արտադրում են մանրէները։
«Հիմա փորձում ենք հասկանալ, թե որ մանրէն որքան և ինչպիսի հատկություններով օժտված պոլիմեր կարող է սինթեզել։ Դիտարկում ենք հատկապես թերմոֆիլ մանրէները և նրանց սինթեզած պոլիմերները, որոնք ևս կարող են դրսևորել բարձր ջերմակայունություն»,- պատմեց Դիանան։
Նյութատեխնիկական ժամանակակից սարքավորումներով հագեցած ԵՊՀ լաբորատորիաներում գիտական փորձեր կատարվում են գրեթե ամեն օր։ Ծրագրի գիտական ղեվար, Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ․գ․դ․ Հովիկ Փանոսյանն ուղղորդում է ասպիրանտին և աջակցում տեսական գիտելիքները գործնականում կիրառելուն, ինչպես նաև լաբորատորիայում գիտափորձեր կատարելուն։ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային մեկ այլ ծրագրի շրջանակում Դիանա Ղևոնդյանը հետազոտությանն անհրաժեշտ տեսական գիտելիքներն ամրապնդել է Իտալիայում (Կենսամոլեկուլային քիմիայի ինստիտուտում)։
«Արդեն ուսումնասիրել եմ անհրաժեշտ գրականությունը և կատարել որոշակի պոլիմերներ անջատելու փորձեր։ Հիմա պետք է սկսենք հետազոտական աշխատանքները՝ ուսումնասիրելու պոլիմերների կազմը, նրանց ֆիզիկաքիմիական հատկությունները, ինչպես նաև հնարավոր կիրառությունները»,- ասաց նա։
«Թերմոֆիլների կողմից արտաբջջային պոլիմերային միացությունների արտադրության ուսումնասիրում․ բաղադրության և բնապահպանական կիրառությունների պատկերացումներ» ուսումնասիրությունը կավարտվի 2026 թ․, իսկ մինչ այդ լաբորատոր փորձերը կշարունակվեն գրեթե ամեն օր։
«Օրս չեմ պատկերացնում առանց ամենօրյա փորձերի ու ուսումնասիրությունների։ Մեկը մյուսին լրացնող գիտական ճանապարհներից չեմ ընտրելու միայն էկզոպոլիսախարիդների ուսումնասիրությունը, հետագայում կուսումնասիրեմ նաև այլ տիպի կենսապոլիմերներ»,- ընդգծեց ասպիրանտը։
Համալսարանի ընձեռած հնարավորությունները երիտասարդ հետազոտողի համար դարձան խթան՝ գիտությամբ զբաղվելու և իր ապագան կապելու մանրէաբանություն գիտաճյուղի հետ։
«Երբ գալիս ես համալսարան, թե՛ դասախոսները, թե՛ լաբորատոր պայմանները ուսանողին մղում են հետաքրքրվելու գիտությամբ։ Մեր լաբորատորիաները հագեցած են առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր պարագաներով։ Համալսարանն աջակցում է ուսանողներին տարբեր համաժողովների մասնակցության համար։ ԵՊՀ-ում ստեղծված են բոլոր պայմանները՝ տեսական և գործնական անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ յուրացնելու և որպես մասնագետ ձևավորվելու, կայանալու համար»,- նշեց Դիանան՝ հավելելով, որ գիտությունն անընդհատ գրավում է նրան և նորարարական գաղափարներ առաջադրելու հնարավորություններ ընձեռում։
Հավելենք, որ գիտահետազոտական ծրագրերում ասպիրանտներին և երիտասարդ հետազոտողներին ընդգրկելը ԵՊՀ որդեգրած սկզբունքներից է, որի ուղղությամբ կատարվում են գործուն և նպատակային քայլեր։