Февраля 05, 2024 | 12:09
Образование
Конкурсы
Команда ЕГУ – победитель национального тура конкурса по международному праву имени Филипа Джессапа
ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի ունեցած Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի ազգային մրցափուլի արդյունքում հաղթող է ճանաչվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը:
Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի ամենամյա դատախաղ-մրցույթը աշխարհի ամենամեծ և ամենահեղինակավոր, ինչպես նաև միջազգային իրավունքին նվիրված ամենահին դատախաղ-մրցույթն է: Այն ամեն տարի կազմակերպում է Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան (ILSA)։ Մրցույթը, որին մասնակցում են գրեթե բոլոր երկրների իրավագիտական ֆակուլտետների ուսանողները, նպատակ ունի խթանելու միջազգային իրավունքի ոլորտում իրավագիտության ֆակուլտետի ուսանողների ինքնուրույն հետազոտությունների և ուսումնասիրությունների կատարումը:
Մրցույթի ժամանակ թիմերը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի առջև հորինված իրավական վեճի վերաբերյալ գրավոր և բանավոր փաստարկներ են ներկայացնում։ Դատախաղի շրջանակում քննարկման առարկա են դառնում միջազգային իրավունքի բազմաթիվ հարցեր: Այդ հարցերն ուսումնասիրելու և «դատարան»-ի առջև ներկայացնելու աշխատանքներին ներգրավվելով՝ ուսանողներն սկսում են խորապես ուսումնասիրել միջազգային հանրային իրավունքը և ձևավորում ու զարգացնում գործնական կարողություններ։
Հայաստանն այս մրցույթին մասնակցում է 2000 թվականից։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմերը, տարբեր տարիների մասնակցելով մրցույթին, գրանցել են մի շարք հաջողություններ, ազգային հաղթանակներ և հայտնվել լավագույնների շարքում։ 2015 թվականից մրցույթը Հայաստանում անցկացվում է անգլերենով, ինչը մասնակիցներից պահանջում է լեզվի լիարժեք իմացություն։
Դատախաղ-մրցույթի միջազգային փուլում հանդես գալու համար թիմը նախ պետք է հաղթի ազգային մրցափուլում: Այս տարի դատախաղի ազգային մրցափուլը կազմակերպել էր Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը։ Դատախաղի եզրափակիչ փուլի դատավորները ճանաչված միջազգայնագետներ և իրավաբաններ էին։ Նախագահող դատավորը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էր։
Մրցույթի մասնակից համալսարանների թիմերից եզրափակիչ փուլ էին անցել Երևանի պետական համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի թիմերը։ Եզրափակիչ փուլում համոզիչ հաղթանակ է տարել ԵՊՀ թիմը, որը մարտի 30-ից ապրիլի 6-ը Հայաստանը կներկայացնի Վաշինգտոնում կայանալիք միջազգային մրցափուլին։
ԵՊՀ թիմի մարզիչն է Մարիամ Ղազարյանը, որն ուսանողական տարիներին երկու անգամ հանդես է եկել ազգային մրցափուլում հաղթանակ տարած թիմերի կազմում։ Նա նաև ակտիվ մասնակցություն է ունեցել ներպետական և միջազգային մի շարք մրցույթների։ Թիմի անդամներն են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Լիանա Սերոպյանը, Մարիամ Արամյանը, Նարեկ Ախոյանը և Մարիա Հովհաննիսյանը:
Այժմ ԵՊՀ թիմը պատրաստվում է Վաշինգտոնում կայանալիք ամենահեղինակավոր մրցույթի վերջնական փուլին։
Հավելենք, որ Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի պատմությունն սկսվել է դեռևս 1960 թ․՝ որպես ընկերական մրցույթ Հարվարդի համալսարանի երկու թիմերի միջև։ Արդեն 1968 թ․ մրցույթը բացել է իր դռները ոչ ամերիկյան թիմերի համար։ Այժմ արդեն մրցույթը ներգրավում է 80-ից ավելի երկրների ավելի քան 550 բուհերի իրավագիտության մասնագիտության ուսանողների: