Февраля 06, 2024 | 14:29
Партнеры
Образование
Международное сотрудничество
Студенты Массачусетского технологического института в ЕГУ
Գիտության և տեխնոլոգիաների միջազգային նախաձեռնության «Գլոբալ ուսուցումների լաբորատորիաների» (GTL) ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ուսանողներ Ժան-Բապտիստ Սեբին, Թեյլոր Քոնլի Փիլանը և Քրիստինա Ժանեթ Վորնդրանը դասավանդել են երեք տարբեր առարկաներ և անցկացրել սեմինարներ։
ԵՊՀ ուսանողները երեք շաբաթ հնարավորություն են ունեցել մասնակցելու «Ֆինանսական գրագիտություն», «Տվյալների հետ աշխատանք» և «Ժամանակակից ֆիզիկա. քվանտային ֆիզիկայից կլիմայական փոփոխություններ» դասընթացներին: Յուրաքանչյուր խմբում ընդգրկված էին 15-20 ուսանողներ, որոնք դասախոսությունների ժամանակ ունեցել են ինտերակտիվ հանդիպումներ և քննարկումներ՝ կատարելով տարբեր հանձնարարություններ, խմբային աշխատանքներ: Դասընթացի արդյունքում ԵՊՀ ուսանողները ձեռք են բերել նոր գիտելիքներ, զարգացրել իրենց կարողություններն ու հմտությունները:
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, ծրագրի համակարգող Խաչիկ Աբաջյանը, մեզ հետ զրույցում խոսելով համագործակցության կարևորության մասին, ընդգծեց, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը աշխարհի առաջատար գիտակրթական հաստատություններից մեկն է, որի հետ գործակցային նոր ծրագրեր կան։
«ԵՊՀ-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջև համագործակցությունը սկսվել է դեռ նախորդ տարվանից: Նմանօրինակ ծրագրերի իրականացումը չափազանց կարևոր է ԵՊՀ միջազգայնացման համար: ԵՊՀ ուսանողների համար սա լրացուցիչ գիտելիքներ և փորձ ձեռք բերելու, ինչպես նաև արտերկրի մասնագետների հետ կապեր հաստատելու լավ հնարավորություն է»,- ընդգծեց նա:
Ժան-Բապտիստ Սեբին ԵՊՀ-ում դասավանդել է «Ժամանակակից ֆիզիկա. քվանտային ֆիզիկայից կլիմայական փոփոխություններ» առարկան: Նա, պատմելով դասավանդվող առարկաների մասին, նշեց, որ կարևորել և ուսանողներին է ներկայացրել բնագավառի (ֆիզիկայի) արդիական և նոր մոտեցումները՝ չանդրադառնալով մատուցվող ավանդական նյութերին, որոնք դասավանդում են ամենուր, այդ թվում՝ համալսարաններում․ «Ես անդրադարձել եմ երկու հիմնական թեմաների՝ քվանտային մեխանիկա և կլիմայական փոփոխություններ: Մենք քննարկել ենք կլիմայական փոփոխությունները Հայաստանում, խոսել հետևանքների և ազդեցությունների մասին։ Նաև ուսանողներին հանձնարարել եմ առաջարկել, թե ինչ է հնարավոր անել այս ոլորտում առաջացող խնդիրները լուծելու համար»։
Ժան-Բապտիստ Սեբին տպավորված էր համալսարանական միջավայրի յուրօրինակությամբ, համալսարանի պատմությամբ, ուսանողների՝ նորը սովորելու ձգտումով. «Ես տպավորված եմ համալսարանի երկարամյա պատմությամբ, համբավով, շենքային պայմաններով և ենթակառուցվածքներով։ Այստեղ կրթությունը հոյակապ է, ուսանողները՝ հրաշալի։ MIT-ի ուսանողներին և ասպիրանտներին խուրհուրդ եմ տալիս գալ ԵՊՀ, քանզի այն բարձր մակարդակի համալսարան է, որը տալիս է որակյալ կրթություն, և այստեղ ծրագրի կազմակերպիչները շատ վստահելի են, որոնք անում են առավելագույնը, որպեսզի օրերն անցնեն հիանալի»։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Բիզնեսի կառավարում» մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանող Քրիստինա Ժանեթ Վորնդրանը ԵՊՀ-ում դասավանդել է «Ֆինանսական գրագիտություն» առարկան։ Նա նշեց, որ ԵՊՀ-ում ձեռք է բերել հարուստ փորձառություն․ «Ես հասկացա, որ ֆինանսների ոլորտը պարզապես թվերի մասին չէ, այն իսկապես արվեստ է։ Ես հիացած եմ ուսանողների ներգրավվածությամբ։ Ինձ այնքա՜ն էր դուր գալիս, երբ նրանք ձեռք էին բարձրացնում, հարցեր տալիս․․․հետաքրքիր հարցեր։ Դասընթացի շրջանակում ուսումնասիրել ենք բյուջե կազմելուց մինչև կանխիկ գումարի կառավարում, ներդրումներ, ինչպես նաև վարքագծային տնտեսագիտություն»:
Դասընթացի ավարտին MIT-ի ուսանողները համալսարանականներին հանձնեցին հավաստագրեր: «Տվյալների հետ աշխատանք» առարկան դասավանդած Թեյլոր Քոնլի Փիլանը, խոսելով հավաստագրերի կարևորության, ապա ԵՊՀ ուսանողների հմտությունների մասին, ասաց, որ ԵՊՀ ուսանողները մեծ ոգևորությամբ են մասնակցել դասերին, ինչը ոգևորիչ էր։
«ԵՊՀ ուսանողները անգլերենով հիանալի են հաղորդակցվում։ Տեղեկության փոխանցման կամ ուսանողներին հանձնարարություններ տալու հետ կապված որևէ խնդիր չի ստեղծվել։ ԵՊՀ ռեկտորի ստորագրությամբ հավաստագրերն էլ վկայում են այն մասին, որ նրանք ավարտել են դասընթացը և համարվում են մասնագետներ»,- նշեց Թեյլոր Քոնլի Փիլանը և հավելեց, որ շատ կցանկանար վերադառնալ ամռանը և աշնանը, որպեսզի տեսնի Հայաստանը տարբեր եղանակներին։
MIT ուսանողների համար կազմակերպվել են այցեր ՀՀ տեսարժան, մշակութային տարբեր վայրեր: Նրանք եղել են Գառնիում, Գեղարդում Սարդարապատում, Էջմիածնում, Բյուրականում, Ծաղկաձորում, Սևանում և այլ տեսարժան վայրերում:
«Մեր այցելած բոլոր քաղաքները չափազանց գեղեցիկ էին։ Ինձ համար շատ հաճելի էր այցելել Էջմիածին, ծանոթանալ Հայաստանի պատմությանը։ Պետք է խոստովանեմ, որ ամենից շատ ինձ դուր է եկել լավաշ պատրաստելը: Այստեղ իսկապես հրաշալի ժամանակ եմ անցկացրել և կցանկանամ նորից այցելել Հայաստան, Երևանի պետական համալսարան»,- շեշտեց Թեյլորը։
Նշենք, որ MIT ուսանողները հասցրել են ընկերանալ ԵՊՀ ուսանողների հետ, քննարկել ընդհանուր հետաքրքրություններ ներկայացնող հարցեր, կիսել իրենց գիտելիքներն ու պատմել փորձառությունից:
Նմանօրինակ գործակցությունները խրախուսում են ուսանողներին և դասախոսներին զարգացնելու իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները, ընդլայնելու և ամրապնդելու միջազգային համագործակցության շրջանակը և ծանոթանալու այլ ազգերի մշակույթների։
Видео