Февраля 20, 2024 | 14:19
Партнеры
Инфраструктура
Карьера
Подписан меморандум о взаимопонимании по развитию предпринимательских способностей студентов, аспирантов и научных работников
Երևանի պետական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ նախաձեռնությամբ մեկնարկելու «Սոցիալական ձեռներեցության ինկուբացիոն» ծրագիրը։
Ծրագիրը նախատեսված է ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ դասախոսների համար և նպատակ ունի աջակցելու սոցիալական որևէ խնդիր լուծող նորարարական գաղափարների իրականացմանը՝ օգնելով ձեռներեցներին սաղմնային փուլում գտնվող գաղափարը կյանքի կոչել և գաղափարից անցում կատարել դեպի ձեռնարկություն։
ԵՊՀ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) հետ համատեղ մշակված ծրագրի շրջանակում մասնակիցները ձեռք կբերեն ձեռներեցության, առաջնորդության հմտություններ, շուկայի վերլուծության ունակություններ, սեփական բիզնեսը կառավարելու և զարգացնելու հնարավորություններ, նրանց կտրամադրվեն անհրաժեշտ ռեսուրսներ և մենթորություն, ինչի արդյունքում էլ նրանք կկարողանան ստեղծել/գրանցել ձեռնարկություն։
«Բիզնես ինկուբատորը ԵՊՀ կարևոր ստորաբաժանումներից մեկն է, որի միջոցով մենք զարգացնում ենք ուսանողների, ասպիրանտների և հետազոտողների ձեռներեցության ունակությունները։ Մենք համոզված ենք, որ գիտելիքը պետք է իր արդյունավետ կիրառությունը գտնի, և սա ամենաարդյունավետ ձևերից մեկն է, որի միջոցով հնարավոր է ստեղծել ամուր ու ճկուն կապ կրթության, հետազոտության և բիզնեսի միջև։ Այս համագործակցությունը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ ծրագրի շահառուները ոչ միայն կունենան հնարավորություն զարգացնելու իրենց ձեռնարկատիրական ունակությունները, այլև ստեղծելու բիզնես նախագծեր, որոնք կունենան սոցիալական պատասխանատվության հստակ տարրեր»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Կրթութունը եղել և մնում է մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջնային ուղղությունը։ Ուստի մենք բարձր ենք գնահատում ԵՊՀ-ի և ՁԻՀ-ի հետ այս համագործակցությունը։ Համոզված ենք, որ այս ծրագրի մեկնարկը կունենա մեծ ազդեցություն ուսանողների շրջանում ձեռներեցության զարգացման գործում։ Կարևոր է նաև նշել, որ ծրագրի իրագործմամբ ցանկանում ենք նաև ուսանողների ուշադրությունը սևեռել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ուղղությանը, ինչը խիստ արդիական է»,- ասաց «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության տնօրեն Արման Վարդանյանը։
«ՁԻՀ-ը ստարտափների աջակցման և դրանց էկոհամակարգերի ստեղծման մեծ փորձ ունի։ Այս ծրագիրը առանձնահատուկ է նրանով, որ ինկուբացիոն գործընթացն իրականացվում է հենց ակադեմիական միջավայրում։ Այս առումով համագործակցությունը ԵՊՀ-ի հետ մեզ համար շատ կարևոր է։ Չափազանց կարևոր է նաև սոցիալական պատասխանատվության սկզբունքներով ստարտափների ստեղծման գործընթացը»,- հավելեց ՁԻՀ-ի ներկայացուցիչ Ա․ Խաչատրյանը։
Տեղեկացնենք, որ ֆինանսավորման նպատակով լավագույն գաղափարները կդիտարկվեն «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիայի» սոցիալական ֆոնդի կողմից։
Видео