Февраля 23, 2024 | 11:20
Наука
Образование
Исследовательская работа
Новая возможность экспериментальных исследований в терагерцовом диапазоне
ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի ենթամիլիմետրային ալիքների լաբորատորիայի գիտաշխատողներն արդեն հնարավորություն ունեն տերահերցային տիրույթում փորձարարական հետազոտություններ կատարելու նոր սպեկտրոմետրի միջոցով:
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրում» մրցույթի շրջանակում և ԵՊՀ աջակցությամբ Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը ձեռք է բերել նոր սարքավորում՝ տերահերցային սպեկտրոմետր:
Նոր սարքավորումը ձեռք բերելուց կարճ ժամանակ անց Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտական խումբը սկսել է կատարել առաջին հետազոտությունը: Սարքի շնորհիվ գիտաշխատողները կարողանում են հետազոտել որոշակի կառուցածքով պարբերական համակարգերի փոխազդեցությունը էլեկտրամագնիսական դաշտի հետ:
Ձեռք բերված սարքավորման հնարավորությունների մասին զրուցել ենք Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, ֆ.մ.գ.թ., ասիստենտ Հենրիկ Պարսամյանի հետ։ Նա, խոսելով նոր սարքավորման՝ տերահերցային սպեկտրոմետրի միջոցով կատարվող հետազոտական աշխատանքների մասին, նշեց, որ հետազոտություններից մեկն այժմ ընթացքի մեջ է. «Մենք փորձում ենք փոխել տերահերցային տիրույթի էլեկտրամագնիսական ալիքների բևեռացումը: Բևեռացած էլեկտրամագնիսական ալիքն ունի որոշակի տատանման ուղղություն, և մեր խնդիրն է պարբերական համակարգերի միջոցով փոխել այս տատանման ուղղությունը: Տերահերցային ալիքը, ընկնելով մետամակերևույթի վրա, որոշակի ռեզոնանսային ձևով է փոխազդում վերջինիս հետ, և այս երևույթը կարելի է օգտագործել տարբեր կենսաբանական սենսորների կիրառություններում, ինչպես նաև էլեկտրամագնիսական դաշտի ղեկավարման համար: Օրինակ՝ լուծույթ կաթեցնելով մետամակերևույթի վրա՝ փոխվում է ռեզոնանսի ընդհանուր դիրքը, և դրանով կարելի է պատկերացում կազմել, թե այն ինչ լուծույթ է և այլն»:
Երիտասարդ գիտաշխատողն ընդգծեց, որ գիտական խմբի հետազոտությունները հիմնականում վերաբերում են էլեկտրամագնիսական ալիքների ղեկավարմանը, տարբեր կառուցվածքների և էլեկտրամագնիսական դաշտի փոխազդեցության հետ կապված տարատեսակ երևույթների ուսումնասիրությանը:
«Ըստ էության՝ գիտական խմբի աշխատանքները երկու մասի կարելի է բաժանել: Առաջինը տեսական աշխատանքներն են, որոնք վերաբերում են օպտիկական երևույթներին, իսկ երկրորդը փորձարարական բաղադրիչն է: Փորձարարական հետազոտություններն այժմ կատարում ենք գերբարձր հաճախությունների և տերահերցային տիրույթներում: Ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է ղեկավարել որոշակի համակարգերի հետ էլեկտրամագնիսական ալիքների փոխազդեցության արդյունքում առաջացող անցումը, կլանումը բևեռացման ձևի փոփոխությունը կամ պտույտը և այլն»,- ասաց Հենրիկ Պարսամյանը:
Նախկինում լաբորատորիայում նմանատիպ սարքավորում եղել է, որը ձեռք է բերվել 2000-ականների սկզբին, սակայն սարքի միջոցով հետազոտություններ կատարելը շատ ավելի դանդաղ է ընթացել. մեկ չափումը տևել է մոտ 10 րոպե: Նոր սպեկտրոմետրը հնարավորություն է տալիս իրական ժամանակում գրանցելու էլեկտրամագնիսական դաշտի` փորձանմուշի հետ փոխազդեցության արդյունքում առաջացող փոփոխությունը:
«Այսօրինակ ժամանակակից սարքերի առկայությունն անչափ կարևոր է, քանի որ դրանք հնարավորություն են տալիս բարձրացնելու չափումների ճշգրտությունը և վստահելի լինելը: Սարքերն ունեն իրենց օգտագործման ժամանակը: Դրանք պարբերաբար կատարելագործվում են, և ի հայտ են գալիս այնպիսիք, որոնք էապես մեծացնում են հետազոտությունների արդյունավետությունը»,- նշեց երիտասարդ հետազոտողը:
Նշենք, որ գիտական խումբը պատրաստվում է հետազոտության արդյունքները հոդվածի տեսքով հրապարակման ներկայացնելու միջազգային ամսագրերից մեկում:
Գիտական խմբի մյուս անդամների հետ «Scopus» շտեմարանում զետեղված 15 հոդվածների համահեղինակ Հենրիկ Պարսամյանն ընդգծեց, որ միջազգային վարկանիշային պարբերականներում հոդվածների տպագրումը կարևոր է գիտական հանրության շրջանում աշխատանքների ճանաչելիության մակարդակը բարձրացնելու և լայն հանրությանը հասանելի դարձնելու տեսանկյունից, ինչի շնորհիվ էլ հնարավորություն է ընձեռվում գործակցային նոր կապեր հաստատելու։