Февраля 28, 2024 | 12:03
Образование
Международное сотрудничество
Преподавание китайского языка новыми методами носителя языка
Չինաստանից Հայաստան ժամանած Կաո Հանը 2023 թ․ սեպտեմբերից չինարեն է դասավանդում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներին։ Նա դեռ Չինաստանում է հայ ուսանողներին չինարեն դասավանդելու փորձ ձեռք բերել։
Կաո Հանը որպես չինարենի դասախոս աշխատել է Տալիանի օտար լեզուների համալսարանում (Չինաստան), որտեղ էլ դասավանդել է փոխանակման ծրագրերով Չինաստան մեկնած հայ ուսանողներին։ Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ հայ ուսանողներն աչքի են ընկել իրենց եռանդով, աշխատասիրությամբ և նորը սովորելու մեծ ձգտումով։
Կաո Հանը ընդգծեց, որ մեծ ոգևորությամբ է ընդունել իրեն ընձեռված՝ արտերկրում դասավանդելու առաջարկը։ Անդրադառնալով հենց Հայաստան գալու դրդապատճառներին՝ նա նշեց․ «Հայաստանն ընտրելու երեք դրդապատճառ ունեի․ առաջինը՝ Հայաստանում չինարենի ուսուցումն ընդգրկվել է ազգային կրթական համակարգում, և հիմնվել է Կոնֆուցիուսի ինստիտուտը։ Իմ կարծիքով՝ չինարենի ուսուցումը Հայաստանում մեծ հեռանկարներ ունի։ Երկրորդ՝ Չինաստանում հնարավորություն ստանալով փոխանակման ծրագրերի շրջանակում շփվելու հայ մանկավարժների հետ և դասավանդելու հայ ուսանողներին՝ շատ լավ տպավորություններ եմ ստացել, և ցանկություն է առաջացել ամրապնդելու հայ գործընկերներիս հետ գործակցային կապերը։ Երրորդ՝ Հայաստանն ունի դարերի պատմություն և աշխարհում առաջին երկիրն է, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն․ Հայաստանը հետաքրքիր էր ինձ համար նաև այս տեսանկյունից»։
Չինացի դասախոսը 2023 թ․ հունվարից սկսել է դասավանդել Երևանում՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում հիմնված Կոնֆուցիուսի ինստիտուտում, իսկ սեպտեմբերից՝ նաև ԵՊՀ-ում։
Նա, խոսելով Հայաստանի կրթական համակարգի առանձնահատկություններից, փաստեց, որ երկրում մեծ ուշադրություն է դարձվում լեզվական կրթությանը։
«Նկատել եմ, որ բացի մայրենի լեզվից՝ ուսանողները ոչ միայն սովորում են անգլերեն և ռուսերեն, այլև նպատակադրվում են մասնակցելու այլ օտար լեզուների դասընթացների, ինչպես, օրինակ, չինարենի, ֆրանսերենի և այլ լեզուների»,- նշեց Կաո Հանը՝ շեշտելով, որ այս մոտեցումը նպաստում է ուսանողների մտահորիզոնի ընդլայնմանը և կարողությունների զարգացմանը՝ միջազգային հաղորդակցության ու համագործակցության մեջ ներգրավվելու համար։
«Ավելին՝ այսօր աշխարհում տարբեր լեզուների վարժ տիրապետելը դարձել է մրցակցային առավելություն աշխատաշուկայում»,- հավելեց նա։
Հայաստանում Կաո Հանին գրավել են հարուստ պատմությունը, եզակի ճարտարապետությունն ու ապշեցուցիչ բնությունը։
«Մեծ առավելություն է՝ ապրել և աշխատել այսպիսի հիանալի երկրում։ Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին հատկապես Գեղարդավանքը, Սևանավանքը, Էջմիածնի Մայր տաճարը։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ մի շարք հայկական զբոսաշրջային վայրեր ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»,- ասաց մեր զրուցակիցը։
Կաո Հանը հավելեց՝ թեպետ իր աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թ․ հունվարին, սակայն ինքը հակված է երկարաձգելու իր աշխատանքը Հայաստանում, եթե, իհարկե, Տալիանի օտար լեզուների համալսարանն իրեն տա այդ հնարավորությունը։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում գործող Չինարենի և չինական մշակույթի կենտրոնի տնօրեն, բ․գ․թ․, դոցենտ Սյուզաննա Նավասարդյանը, կարևորելով օտար լեզվի դասընթացի անցկացումը լեզվակրի կողմից, նշեց, որ ԵՊՀ-ում չինարենը դասավանդվում է 2014 թվականից, իսկ արդեն 2015 թ․ Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում բացվել է Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը։
«Մեզ մոտ դասավանդել են և՛ տեղացի դասախոսներ, որոնք վերապատրաստվել կամ աշխատել են Չինաստանում, և՛ լեզվակիրներ։ Մինչ օրս ունեցել ենք ավելի քան 5 լեզվակիր դասախոս, իսկ այժմ դասավանդում է Կաո Հանը։ Առավել խրախուսելի է լեզվակիր դասախոսների դասավանդումը բարձր կուրսերում՝ հաշվի առնելով այն, որ ուսանողները, իմանալով, որ լեզվակիրը անգլերեն լավ չի հասկանում, չինարենով շփվելուց բացի այլ տարբերակ չեն ունենում»,- ասաց նա և ընդգծեց, որ ակամայից չինարեն խոսելով՝ բարելավվում է նույնիսկ լեզվի ոչ այնքան լավ իմացությամբ ուսանողի՝ լեզվի իմացության մակարդակը։
Սյուզաննա Նավասարդյանն ընդգծեց նաև, որ Չինարենի և չինական մշակույթի կենտրոնում պարբերաբար մշակութային տարբեր միջոցառումներ են կազմակերպվում՝ նպատակ ունենալով ծանոթացնելու չինարեն սովորողներին նաև երկրի մշակութային կյանքին։
Ըստ Սյուզաննա Նավասարդյանի՝ Հայաստանում քիչ են չինարենի մասնագետները, սակայն մասնագետների պահանջարկը մեծ է, ինչպես նաև հեշտ չէ լեզվակիր դասախոսի աշխատանքի ընդունելը։ Նա նշեց, որ Կաո Հանին առաջարկել են Կոնֆուցիուսի ինստիտուտից, երբ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետից դիմել են համապատասխան մասնագետի ներգրավելու հորդորով։
Կաո Հանի ուսանողներից Ամալյա Պողոսյանը, որը սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսում, մեզ հետ զրույցում կարևորեց այն հանգամանքը, որ երեք տարի լեզուն ուսումնասիրելուց հետո ծանոթանալու են նաև տվյալ երկրի երկրագիտությանը հենց չինարենով։ Նա, անդրադառնալով հենց լեզվակրի դասավանդման առավելություններին, ընդգծեց, որ բացի լեզուն սովորելուց՝ իրենք հնարավորություն են ունենում նաև ծանոթանալու Չինաստանի մշակույթին՝ մասնակցելով մի շարք մշակութային միջոցառումների։
«Չինարենը բարդ լեզու է և տարբերվում է մնացած լեզուներից նրանով, որ չունի սեփական այբուբեն, բայց փոխարենն ունի 80000 հիերոգլիֆ։ Այն տոնային լեզու է, այսինքն, եթե բառն արտաբերենք սխալ տոնայնությամբ, ապա այն կստանա այլ նշանակություն։ Այս առումով՝ լեզվակրի հետ խոսելու ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ լսում ես ճիշտ տոնայնությունը, ինչը միանգամից տպավորվում է։ Մյուս կողմից՝ հնարավորություն չես ունենում լեզվակրի հետ հաղորդակցվելու քո մայրենի լեզվով, քանի որ նա չի հասկանում այն, հետևաբար՝ ավելի հաճախ ես օգտվում բառարաններից ու գրքերից, որպեսզի կարողանաս մտքերդ չինարենով շարադրել»,- ասաց Ամալյա Պողոսյանը։
Ուսանողը, խոսելով դասապրոցեսից և ուսուցման մեթոդներից, պատմեց, որ չինարենի դասերը շատ հետաքրքիր են անցնում, քանի որ տարբեր թեմաների շուրջ ակտիվ քննարկումներ են անցկացվում։
«Դասերի ժամանակ նաև խաղում ենք հետաքրքիր խաղեր, օրինակ՝ չինարեն բառը բացատրում ենք չինարենով, իսկ կուրսընկերները փորձում են գուշակել այն։ Հաղթողները ստանում են չինական հուշանվերներ դասախոսից։ Լեզվի իմացության մակարդակը բարձրացնելու համար դասերին ստեղծագործական մոտեցում ենք ցուցաբերում։ Օրինակ՝ պատրաստում ենք չինարեն հոլովակներ, չինարենով հարցազրույց անցկացնում Հայաստանում սովորող չինացի ուսանողների հետ՝ դասընթացի շրջանակում ստանալով հավելյալ միավորներ»,- ասաց Ամալյա Պողոսյանը։
Ուսանողն ընդգծեց, որ պարբերաբար այցելություններ են կազմակերպվում Հայաստանում ՉԺՀ դեսպանատուն, ինչպես նաև հանդիպումներ են անցկացվում Կաո Հանի չինացի ընկերների հետ, երբ նրանք այցելում են Հայաստան։ Այս շփումները հնարավորություն են տալիս առավել վստահ լինելու չինարեն խոսելիս։
ԵՊՀ ուսանողը ծրագրում է կրթությունը շարունակել Չինաստանում։ Նա նշեց՝ թեև 6000-8000 հիերոգլիֆների իմացությունը բավարար է չինացիների հետ հաղորդակցվելու համար, բայց իր ընտրած՝ դիվանագիտության բնագավառում գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է ընդլայնել լեզվի իմացությունը։