Февраля 29, 2024 | 13:46
Прием
Образование
Обществоведческое направление в старшей школе ЕГУ
2023-2024 թթ․ ուսումնական տարվանից գործող ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցն այս տարի 10-րդ դասարանի աշակերտների համար ընդունելություն է հայտարարել ոչ միայն բնագիտամաթեմատիկական, այլև հասարակագիտական ուղղվածությամբ։
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի առավելությունների և ընձեռած հնարավորությունների մասին պատմել է դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը։
ԵՊՀ ավագ դպրոցը ընդլայնում է իր գործունեության շրջանակը՝ կրթություն ապահովելով նաև հասարակագիտական ուղղվածությամբ։
Գրեթե բոլոր ավագ դպրոցներում մինչ այժմ կրթությունը կազմակերպվել է երկու հիմնական ուղղություններով՝ բնագիտամաթեմատիկական և հումանիտար հոսքերով (վերջիններս էլ իրենց հերթին ունեցել են իրենց ենթահոսքերը՝ հումանիտարը՝ իրավագիտական, պատմական, լեզվաբանական և այլն, բնագիտամաթեմատիկականը՝ ֆիզմաթ, բնագիտական (քիմիա-կենսաբանություն), տեղեկատվական տեխնոլոգիաներ, դիզայն և այլն)։ Բացի դրանից՝ կան միայն բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ դպրոցներ, այնինչ հասարակագիտական ուղղվածությամբ առանձին դպրոցներ չկան։ ՍԹԵՄ ավագ դպրոցում հասարակագիտական հոսքի ստեղծմամբ մենք նպատակ ունենք լրացնելու հենց այդ բացը։
Դպրոցում սահմանված մակարդակն ապահովելու դեպքում հեղինակային ծրագրերով իրականացվող որոշ դասընթացների կրեդիտներ ճանաչվում են ԵՊՀ-ի կողմից։
Ինչպես բնագիտամաթեմատիկական (ՍԹԵՄ), այնպես էլ հասարակագիտական հոսքի համար «ԵՊՀ դպրոցների ցանց» կրթական ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանը մշակել է հեղինակային առարկայական ծրագրեր՝ նպատակային ուսուցումը կազմակերպելու համար։ Մյուս առարկաները դասավանդվելու են պետական առարկայական ծրագրերով։
Որպես առավելություն նշեմ, որ ՍԹԵՄ դպրոցում հեղինակային ծրագրերով իրականացվող դասընթացների կրեդիտները, սահմանված մակարդակն ապահովելու դեպքում, ճանաչելի են ԵՊՀ-ի կողմից, և մեր սովորողները ԵՊՀ ընդունվելու դեպքում կարող են չմասնակցել նշված առարկաների դասընթացներին, քանի որ արդեն իսկ ունենալու են անհրաժեշտ գիտելիքների պաշար։ Վստահ եմ՝ սա շատ կարևոր առանձնահատկություն է և հնարավորություն է տալիս թեթևացնելու բուհական ծանրաբեռնվածությունը։
Հավելեմ նաև, որ դպրոցն ապահովում է առնվազն երկու օտար լեզուների ուսուցում, որոնք ընտրում է աշակերտը՝ առաջարկվող ավելի քան 15 լեզուներից։
ԵՊՀ ավագ դպրոցն ընձեռում է տեսական գիտելիքները գործնականում կիրառելու լայն հնարավորություններ։
Դպրոցի աշակերտներին հասանելի են ԵՊՀ բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ լեզուների ուսուցման կենտրոնները, որտեղ յուրաքանչյուր սովորող ցանկության դեպքում հնարավորություն ունի խորացնելու օտար լեզուների իմացությունը։ Դպրոցի աշակերտները հնարավորություն ունեն նաև մասնակցելու ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետազոտական աշխատանքներին։ Յուրաքանչյուր սովորող տարին մեկ անգամ կատարում է առնվազն մեկ նախագծային հետազոտական աշխատանք։ Սթեմականները մասնակցում են առարկայական օլիմպիադաների և տարբեր մրցույթների։
Խմբակներ, սպորտային ակումբներ, գիտակրթական շրջագայություններ․ աշակերտների առօրյան հագեցած է նաև դասերից հետո։
Մեր սովորողների յուրաքանչյուր օրը փորձում ենք առավել բովանդակային դարձնել, ինչը, կարելի է ասել, հաջողվում է։ Դասապրոցեսից դուրս՝ կրթական ծրագրի շրջանակում, աշակերտներն այցելում են տարբեր գիտակրթական, մշակութային և այլ հաստատություններ։ Օրինակ՝ անցնող ուսումնական տարում նրանք միջուկային ֆիզիկայի դասի շրջանակում այցելել են Հայկական ատոմային էլեկտրակայան՝ ծանոթանալով էներգիայի ստեղծման ողջ գործընթացին, լինելով տարածքի ներսում՝ կառավարման վահանակի մոտ, որը պահպանվող տարածք է, և կողմնակի անձանց մուտքը շատ հազվադեպ է թույլատրվում։
Ամբողջ ուսումնական տարվա ընթացքում աշակերտներն այցելել են տարբեր մշակութային վայրեր՝ Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա, ԵՊՀ իրավաբանական կլինիկա, նշանավոր մարդկանց տուն-թանգարաններ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան և այլն։
Գործընկեր կազմակերպությունների միջոցով մենք փորձում ենք հետաքրքիր դարձնել նաև մեր աշակերտների ամառային հանգիստը՝ այն համատեղելով ճամփորդությունների (այցելություն եվրոպական ամառային ճամբարներ) և նոր գիտելիքներ ձեռք բերելու հետ։
Սովորողները հնարավորություն ունեն նաև մասնակցելու օլիմպիադաների նախապատրաստական խմբակների աշխատանքներին, որոնք կազմակերպվում են ողջ տարվա ընթացքում։ Դպրոցում գործում է նաև «Արհեստական բանականություն» խմբակը։
Այն աշակերտները, որոնք ունեն մշակութային կամ սպորտային նախասիրություններ, հնարավորություն ունեն մասնակցելու սպորտային խմբակների կամ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պարապմունքներին։ Բոլոր խմբակներին անդամակցությունն անվճար է։
Դպրոցում կշարունակեն դասավանդել և՛ ԵՊՀ առաջատար մասնագետները, և՛ հրավիրյալ դասավանդողները։
Ինչպես ՍԹԵՄ, այնպես էլ հասարակագիտական ուղղվածությամբ դասարաններում դասավանդելու են ԵՊՀ առաջատար, ինչպես նաև հրավիրյալ մասնագետներ, որոնք մեր սովորողներին կտան չափորոշչային պահանջներին համապատասխան գիտելիքներ։ Դպրոցում դասավանդվելու են Հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված առարկաները՝ հիմք ընդունելով ավագ դպրոցի առանձնահատկությունը։ Բոլոր 7 բնագավառների առարկաների զուգակցմամբ կազմվելու է յուրաքանչյուր սովորողի անհատական ուսումնական պլանը և անհատական դասատախտակը։
Դպրոցը խրախուսում է մասնագիտական ուղղվածության հարցում կողմնորոշված աշակերտների ընդունելությունը։
Դպրոցում հոսքերը ձևավորվում են՝ պայմանավորված ընդունելության քննություններով։ Այն դիմորդները, որոնք ընդունելության քննություն են հանձնել ՍԹԵՄ առարկաներից («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» կամ «Մաթեմատիկա»), հնարավորություն չունեն ընդգրկվելու հասարակագիտական ուղղվածությամբ դասարաններում, և հակառակը։ Հոսքերից որևէ մեկն ընդունված դիմորդը հետագայում չի կարող փոխել ուղղվածությունը, քանի որ յուրաքանչյուր հոսք ունի իր հեղինակային կրթական ծրագիրը։ Եթե աշակերտը մեկ ուսումնական տարի չի ուսումնասիրում տվյալ հոսքի համար նախատեսված հեղինակային ծրագիրը, նա այդ բացը լրացնելու հնարավորություն այլևս չի ունենա։ Այդ աշակերտի գիտելիքները չեն կարող հավասար լինել տվյալ հոսքում մեկ ուսումնական տարի սովորած աշակերտների գիտելիքներին։ Օրինակ՝ բնագիտամաթեմատիկական հոսքի 10-րդ դասարանում նախատեսված է ԲՏՃՄ բնագավառի առարկաների 18 ժամ ուսուցում, այնինչ հասարակագիտական հոսքում այդ բնագավառին հատկացված է ընդամենը 6 ժամ։
Դպրոց դիմելու հնարավորություն ունեն ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները։
2024-2025 ուսումնական տարում հասարակագիտական հոսքի համար սահմանված է 30 տեղ, սակայն այս թիվը կարող է փոփոխվել՝ պայմանավորված ընդունելության քննությունների արդյունքներով։ Եթե դիմորդների գրանցած արդյունքները այդքան էլ գոհացուցիչ չլինեն, ապա շատ հնարավոր է, որ ընդունելության տեղերը կրճատվեն՝ հօգուտ ՍԹԵՄ ուղղվածության, և հակառակը։
Քննությունների մասին ամփոփ տեղեկատվությունը հրապարակված է ինչպես ԵՊՀ կայքէջում, այնպես էլ մեր սոցիալական պաշտոնական հարթակներում։ Մենք ժամանակ առ ժամանակ թարմացնում ենք ողջ տեղեկատվությունը։
Նշեմ, որ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց դիմելու հնարավորություն ունեն ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները։
Դպրոցի ուսման վարձավճարի փոխանցումը կատարվում է համամասնորեն՝ 50 տոկոս՝ 1-ին, 50 տոկոս՝ 2-րդ կիսամյակում։
Մեկ ուսումնական տարվա համար ուսման վարձավճարը կազմում է 800․000 ՀՀ դրամ (Երևանի պետական համալսարանի հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատողների երեխաների ուսման վարձը կազմում է 640․000 ՀՀ դրամ): Վճարումները կատարվում են համամասնորեն՝ 50%՝ առաջին կիսամյակում, 50%՝ 2-րդ կիսամյակում:
Առաջին անգամ դպրոց հաճախող սովորողի համար ծնողը (օրինական ներկայացուցիչը) պայմանագիրը ստորագրելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, պետք է վճարի կանխավճար՝ ուսումնառության մասին պայմանագրով սահմանված 1-ին կիսամյակի վարձավճարի 50%-ի չափով։