Май 13, 2024 | 15:15
Наука
Конференции
Исследовательская работа
Прогресс, вызовы, региональные риски։ в ЕГУ прошла международная научная конференция в рамках проекта «REDEMOS»
ԵՊՀ-ում անցկացվեց «Հետադարձ հայացք գցելով և շարժվելով առաջ. ԵՄ-ն և ժողովրդավարության աջակցությունը մասնատված և խնդրահարույց հարևանությունում» խորագրով միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպվել էր «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրի «ԵՄ ժողովրդավարության աջակցության վերակարգավորումը․ դեպի կայուն ժողովրդավարություն Արևելյան հարևանությունում» (REDEMOS) նախագծի շրջանակում։
«REDEMOS» նախագծի համակարգողն է Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանը, որի հայաստանյան գործընկերն է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը: Նախագծի շրջանակում գործընկեր 11 կազմակերպություններ համատեղ ուսումնասիրում և փորձում են հասկանալ ժողովրդավարության կարևորությունն ու դերը Արևելյան գործընկերության երկրներում:
Թեև ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի հունվարից, սակայն նախագծի մասնակիցներն առաջին անգամ մեկ հարկի տակ համախմբվեցին հենց Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում:
Համալսարանում անցկացվող միջազգային գիտաժողովի նպատակն էր հիմնական շահառուների մասնակցությամբ վերհանել և քննարկել Արևելյան հարևանության երկրներում ԵՄ ժողովրդավարության աջակցության, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական փոխակերպումների, ավտորիտար սպառնալիքների և տարածաշրջանային ռիսկերի վերաբերյալ հիմնահարցերը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով ծրագրի իրականացումը և ԵՊՀ-ի՝ «REDEMOS» ծրագրի մաս կազմելը, նշեց, որ միջազգային տարատեսակ համագործակցությունները նոր հիմք ենք ստեղծում ԵՊՀ-ում հետազոտական բաղադրիչի ներդրման համար:
«ԵՊՀ-ն այս պահին միջազգային ամսագրերում տպագրվող գիտական հոդվածների քանակով առաջատարն է երկրում: Մենք չենք սահմանափակվում այն մակարդակով, որին հասել ենք հետազոտական ու գիտական բաղադրիչներում և ձգտում ենք ավելիին: Կարծում եմ, որ այս ծրագիրը մեծ խթան է ժողովրդավարության ինստիտուտների և գործընթացների հետ աղերս ունեցող հետազոտությունների համար, ինչը ՀՀ-ի համար մեծ անհրաժեշտություն է ոչ միայն տեսական, այլև գործնական առումով»,- ասաց ԵՊՀ ռեկտորը՝ ընդգծելով, որ վերջին շրջանում ԵՊՀ-ում բոլոր որոշումները կայացվում են տվյալների վերլուծության եզրահանգումների հիման վրա, ինչը նվազեցնում է սխալվելու հավանականությունը:
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտությունների բաժնի ղեկավար Արուսյակ Ալեքսանյանը, խոսելով միջոցառման կազմակերպման նպատակից, շեշտեց, որ գիտաժողովը մեկ հարկի տակ է համախմբել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, պետական, հասարակական միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու ԵՄ ժողովրդավարության կարևորագույն հիմնահարցերը Արևելյան գործընկերության երկրներում:
«Այսօր պատիվ ունեմ հանդես գալու և՛ որպես ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ, և՛ «REDEMOS» մեծ ընտանիքի անդամ: Ցանկանում եմ երկու կարևոր հանգամանքի վրա սևեռել ձեր ուշադրությունը. այն զարգացումներն ու գործընթացները, որոնք առկա են Արևելյան հարևանության երկրներում, հստակորեն մատնանշում են, որ ԵՄ ժողովրդավարության աջակցության քաղաքականության և դրա իրականացման գործընթացում ամեն ինչ չէ, որ հարթ է. կան խնդիրներ և խնդրահարույց իրավիճակներ»,- նշեց Ա. Ալեքսանյանը:
Նա հավելեց, որ ԵՄ-ն նմանօրինակ իրավիճակներում ապավինում է փորձագիտական դաշտի օժանդակությանը: Ժողովրդավարությանն ուղղված քաղաքականությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կազմակերպվող գիտաժողովը այդ գործընթացի կարևոր բաղադրիչներից է: Անդրադառնալով երկրորդ հանգամանքին՝ Արուսյակ Ալեքսանյանն ընդգծեց. «ԵՄ-ն փորձագիտական դաշտում տեսնում է նաև Արևելյան գործընկերության երկրների փորձագետների ներկայությունը: Ծրագրի շրջանակում մենք մեր եվրոպացի գործընկերների հետ հնարավորություն ունենք միասին, ձեռք ձեռքի տված աշխատելու, վերլուծելու, հետազոտելու ժողովրդավարության աջակցության խնդիրները, այդ քաղաքականությունը առավել թիրախային և նպատակային դարձնելու համար»:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով ծրագրի իրականացմանը, ապա ժողովրդավարության հիմնահարցերին, նշեց. «Մենք քննարկում ենք այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կայուն ժողովրդավարության, մարդու իրավունքների հիմնահարցերը: Անհրաժեշտ է շեշտել, որ այս տարածաշրջանում շատ տեղին ու կարևոր է քննարկել մարդու իրավունքների հետ կապված խնդիրները: Ես վստահ եմ, որ այսօրինակ ծրագրերի իրականացման համար ներդրումներ կատարելն անչափ կարևոր է»:
Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի պրոֆեսոր, «REDEMOS» ծրագրի փոխհամակարգող, պրոֆեսոր Թոբիաս Շումախերը, ընդգծելով թեմայի արդիականությունը, նշեց, որ ներկայում տարբեր երկրներում ժողովրդավարությանն աջակցելու գործընթացներ են իրականացվում:
««REDEMOS»-ը հայեցակարգ է, միջազգային հետազոտական մեծ նախաձեռնություն, որն իր շուրջն է համախմբել 11 տարբեր ուսումնական հաստատություններ, գործընկերներ ամբողջ Եվրոպայի տարածքով: Ըստ էության, մենք այստեղ ենք՝ հասկանալու քաղաքականության հայեցակարգերի մշակման այն գործիքակազմը, որը կարող է մեզ աջակցել՝ ի նպաստ ավելի ամուր ժողովրդավարության և կայունության: Ծրագրի շրջանակում մենք կկարողանանք արդեն իսկ կատարված հետազոտության արդյունքները ներկայացնել ձեզ՝ հնարավորություն ստեղծելով շահառուներից սովորելու, ինչպես նաև ստանալու տեղեկություններ»,- ասաց Թոբիաս Շումախերը:
Նշենք, որ պանելային քննարկումների ժամանակ բանախոսներն անդրադարձան ժողովրդավարական փոխակերպումներին, ավտորիտար սպառնալիքներին, ինչպես նաև տարածաշրջանային ռիսկերին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, պատգամավոր Սոնա Ղազարյանը, ինչպես նաև ՀՀ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հետազոտողներ, փորձագետներ, ուսանողներ: