Июня 04, 2024 | 14:00
Наука
Партнеры
Образование
Укрепляются партнерские отношения между вузами и рынком труда
В Ереванском государственном университете состоялась фокус-групповая дискуссия с представителями финансового, банковского сектора и сферы услуг на тему «Проблемы и перспективы сотрудничества вузов и рынка труда» Цель мероприятия - укрепление партнерских связей. В рамках встречи был обсужден ряд вопросов, связанных с регулированием отношений вуз-рынок труда, направлениями сотрудничества, а также разработкой и реализацией целевых программ.
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի համագործակցությամբ կատարվող «Բուհ-աշխատաշուկա համագործակցության խնդիրները և հեռանկարները» թեմայով հետազոտության շրջանակում պարբերաբար անցկացվում են մասնավոր և պետական կազմակերպությունների ներկայացուցիչների ֆոկուսխմբային քննարկումներ՝ պարզելու կազմակերպությունների պատրաստակամությունը, մոտիվացվածությունը, մտահոգությունները բուհերի հետ համագործակցության տարբեր ձևաչափերի զարգացման առնչությամբ: Այդ նպատակով ԵՊՀ-ում կազմակերպված միջոցառմանը ֆինանսաբանկային և սպասարկման ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպեցին ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը:
«Վերջին մի քանի ամսվա ընթացքում գործակցային կապեր են հաստատվել մեծ թվով գործընկերների հետ։ Կարևորելով գործընկերների հետ կապերի ամրապնդումը՝ առաջարկում ենք ինտիտուցիոնալ շրջանակի ձևավորման ևս մեկ գաղափար՝ ստեղծել ԵՊՀ գործընկերների ակումբ, որը կծառայի ոչ միայն համագործակցությունը համապարփակ դարձնելուն, այլև կդառնա միմյանց հետ հաղորդակցվելու հարթակ։ Սա մի նախագիծ է, որը մենք ձեռնամուխ ենք եղել իրագործելու: Ակումբի ստեղծման գաղափարը ծնվեց արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող «ԲանՈՒԳործ» էքսպոյի շնորհիվ՝ էքսպոյի ընձեռած հնարավորությունները դիտարկելու և վերլուծելու արդյունքում։ Այս գաղափարի շուրջ արդեն մի շարք հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել գործընկեր կազմակերպությունների հետ՝ ստանալով դրական արձագանքներ»,- նշեց Միքայել Հովհաննիսյանը:
Հանդիպմանը գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում՝ որքանով է կազմակերպությունը կարևորում բուհերի հետ համագործակցությունը, ինչ գործոններ են ազդում համագործակցող բուհերի ընտրության վրա, որոնք են բուհ-կազմակերպություն համագործակցության շրջանակում տվյալ կազմակերպության կիրառած կապուղիները, ինչպես նաև այն, թե կազմակերպությունը վերջին 5 տարիների ընթացքում ձեռնարկել է արդյոք հետազոտական, զարգացման (R&D) և խորհրդատվական համատեղ ծրագրեր բուհերի հետ։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, խոսելով կենտրոնի՝ գործընկերների հետ հետադարձ կապի ապահովման և հաղորդակցության բաղադրիչի կարևորության մասին, շեշտեց. «Մեր հիմնական առաքելությունը աշխատաշուկայի բոլոր խնդիրները հասկանալն է, գործատուների հետ ամենօրյա շփումների արդյունքում նրանց պահանջներն ու առաջարկները լսելը և դրանք արձանագրելը, խնդրահարույց բոլոր հարցերը ֆակուլտետային պատասխանատուներին և ղեկավարությանը ներկայացնելը և, ի վերջո, այս բոլոր խնդիրները լուծելու հարցում կապող օղակը դառնալը: Թերևս այս նպատակով ենք պարբերաբար կազմակերպում հանդիպումներ և քննարկումներ՝ վերհանելով բոլոր խնդիրները, որոնք կարևոր են և՛ գործատուի, և՛ բուհի համար»:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, կարևորելով աշխատաշուկայի հետ կապի ամրապնդումը, նշեց, որ բուհ-աշխատաշուկա հարաբերությունների կանոնակարգման հիմքում են երեք հիմնական շահակիցներ՝ բուհը, ուսանողը և կազմակերպությունը, հետևաբար՝ ամեն մեկի պատկերացումներն ու ակնկալիքները վերհանելը կարևոր է հետագայում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից:
«ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը մշտապես կարևորել է աշխատաշուկայի հետ կապի ամրապնդումը։ Թերևս դա է պատճառը, որ երեք տարի առաջ մենք ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից թեմատիկ ֆինանասավորում ստացանք բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդման թեմայով: Հետազոտական ծրագրի շրջանակում ուսումնասիրել ենք, թե որքանով են բուհերը պատրաստ համագործակցելու, ինչպես նաև հետազոտելու խնդիրը ուսանողների տեսանկյունից․ իսկ այժմ շատ հետաքրքիր է լսել աշխատաշուկայի ներկայացուցիչների տեսակետները: Նշեմ, որ այսօրվա հանդիպումը միտված է նաև նախանշելու այն հիմնական ուղղությունները և համագործակցության ձևաչափերը, որոնք երկուստեք ընկալելի և ընդունելի են»,- նշեց ֆակուլտետի դեկանը:
Նմանօրինակ հանդիպումները հնարավորություն են ընձեռում պահպանելու ԵՊՀ-ի և գործընկեր կազմակերպությունների միջև հետադարձ կապը, հասկանալու, թե ուսանողները ինչ խնդիրներ ունեն, որոնք հնարավոր է լուծել ուսումնական գործընթացի կամ դասընթացների վերանայման միջոցով:
«Մեր հիմնական ակնկալիքը համագործակցության շնորհիվ համալսարանի կրթական և հետազոտական մակարդակը բարձրացնելն է, ինչպես նաև համագործակցությունն առավել սերտ դարձնելը: Այս գործակցությունը նպաստելու է մեր կրթության որակի բարձրացմանը, քանի որ հաշվի ենք առնելու գործընկերների նկատառումները թե՛ դասավանդման բովանդակության, թե՛ մեթոդաբանության վերանայման առումով»,- ասաց Կ. Խաչատրյանը՝ ընդգծելով, որ նշյալ խնդիրներին ուշադրություն դարձնելն ու դրանց հնարավոր լուծումներ գտնելը կարող են նպաստել, որ ԵՊՀ ուսանողները դառնան առավել մրցունակ աշխատաշուկայում:
Ֆինանսաբանկային և սպասարկման ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկվեց նաև, թե կազմակերպությունները համագործակցության ինչ նոր ձևաչափեր են առաջարկում: Մասնակիցները խոսեցին այն կարևոր հիմնահարցերի մասին, որոնք խոչընդոտում են բուհի հետ սահուն համագործակցությանը: Նրանք նաև առաջարկեցին տարբեր գաղափարներ, որոնցից մեկն էլ ոլորտային մասնագետների դասախոսություններ անցկացնելն է: