Июня 11, 2024 | 15:05
Партнеры
Образование
Международное сотрудничество
Новые возможности для развития иранистики в ЕГУ
Представители Университета религий и конфессий города Кум (ИРИ) посетили кафедру иранистики факультета востоковедения ЕГУ и встретились с профессорско-преподавательским составом, обсудив перспективы и дальнейшие планы сотрудничества между двумя структурами.
Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանի նախագահ, դոկտոր Սեյեդ Աբոլհասան Նավաբի գլխավորած պատվիրակությանն ուղեկցեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը։
Հանդիպման առանցքում էին երկու կառույցների գործընկերային հարաբերությունների զարգացումը և նոր ծրագրերի քննարկումը:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը, խոսելով համագործակցության մասին, նշեց. «ԵՊՀ-ն համագործակցում է իրանական մի քանի խոշոր համալսարանների հետ: Այս շարքում Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանն առանձնանում է, քանի որ այն ունի աստվածաբանության, կրոնագիտական հատուկ ուղղվածություն, իսկ Մերձավոր Արևելքում իսլամն ունի մեծ կարևորություն թե՛ ակադեմիական հետազոտությունների տեսանկյունից և թե՛ գործառնական հատվածում՝ որպես քաղաքականության կարևոր գործոն: Այս առումով մեզ համար ևս չափազանց կարևոր է իսլամի ուսումնասիրման լայն հնարավորությունները մեր երկրում և համագործակցությունն այս բուհի հետ»:
Ներկայացնելով գործակցության տարբեր հնարավորությունները՝ Վարդան Ոսկանյանը պատմեց ուսանողների և դասախոսական կազմի փոխանակման, համատեղ հետազոտություններ կատարելու ծրագրերի մասին: Երկու կառույցների գործակցությունը արդյունավետ կլինի ոչ միայն պարսկերենի, այլև արաբերենի ուսուցմանը նպաստելու հարցում՝ նկատի ունենալով Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանում արաբերենի դասավանդման բարձր մակարդակը:
Նախատեսվում է երկու բուհերի համագործակցության պրակտիկ փուլը սկսել 2024-2025 ուստարվա սկզբին։ Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանից ԵՊՀ կժամանի դասախոս, որը կներկայացնի մինչիսլամական Իրանի կարևոր կրոններից մեկը՝ մանիքեությունը: Այն հատկապես կարևոր է, քանի որ մեծ նշանակություն ունի իրանագիտական հետազոտությունների տիրույթում, իսկ մանիքեության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ Հայաստանում գրեթե չկան:
Հայաստանից ևս դասախոսներ կմեկնեն Ղոմի կրոնների և դավանանքների համալսարան՝ դասախոսություններ ներկայացնելու քրիստոնեության առաքելական ուղղության մասին:
Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև ԵՊՀ-ում ԻԻՀ պետական կրոնի վերաբերյալ մասնագիտական գիտելիքների տրամադրումը, այդ ուղղությամբ հետազոտական աշխատանքները որակապես լավարկելու վերաբերյալ։
Կողմերը քննարկեցին ամառային դպրոցի անցկացման ծրագիր՝ ԵՊՀ և Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանի ուսանողների ու դասախոսական կազմի ներառմամբ:
Անդրադառնալով նմանօրինակ հանդիպումների կարևորությանը՝ Վ. Ոսկանյանն ընդգծեց. «Իհարկե, առաջնային նպատակը ակադեմիական գիտական, կրթական և մշակութային համագործակցության խորացումն է, բայց պետք է նկատի ունենալ, որ բարեկամ պետությունների բուհերի գործակցությունը նպաստում է նաև երկու երկրների քաղաքական, տնտեսական ոլորտներում հարաբերությունների խորացմանը»:
Հավելենք, որ ԵՊՀ-ի ու Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2022 թվականին: