Сентября 18, 2024 | 16:09
Наука
Образование
Международное сотрудничество
Принципы написания научной статьи по поднесению немецкому профессору
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում գիտակրթական դասախոսությամբ հանդես եկավ Գերմանիայի կենսա- և երկրագիտությունների ազգային ինստիտուտի (Institute of Bio- and Geosciences, IBG-3, Germany) պրոֆեսոր Ռոլանդ Բոլը:
Դասախոսության շրջանակում պրոֆեսորն անդրադարձավ «Կանաչ ֆոսֆորը՝ որպես շրջակա միջավայրի համար անվտանգ պարարտանյութ» և «Ինչպես ճիշտ պլանավորել գիտական հետազոտությունները: Գիտական հոդվածներ գրելու հմտությունները» թեմաներին:
Բանախոսը նախ ներկայացրեց ֆոսֆորական պարարտանյութերի արտադրման ու կիրառման ծավալները և դրանցով պայմանավորված էկոլոգիական հիմնախնդիրները ողջ աշխարհում: Նա մասնավորապես խոսեց հողային ռեսուրսների՝ ուրանով աղտոտման գործընթացի մասին, որն իբրև ուղեկցող տարր պարունակվում է հանքային ծագում ունեցող ֆոսֆորական պարարտանյութերում: Պրոֆեսորը ուրվագծեց կանաչ ֆոսֆատի՝ որպես այս էկոլոգիական հիմնախնդիրը մեղմող այլընտրանքային միջոցի սինթեզի և կիրառման հեռանկարները:
Այնուհետև Ռոլանդ Բոլը թվարկեց գրագետ գիտական հոդված գրելու սկզբունքները, որոնք կիրառելով իրենց աշխատանքային գործունեության ընթացքում՝ երիտասարդ գիտնականները կկարողանան իրենց հոդվածները տպագրել բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում։
Անդրադառնալով միջազգային համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը նպաստող հանդիպումների և տարբեր համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների միջև փորձի փոխանակման կարևորությանը՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, կ․գ․դ․ Կարեն Ղազարյանը նշեց, որ ֆակուլտետը մշտապես համագործակցում է աշխարհի առաջատար բուհերի հետ՝ պարբերաբար կազմակերպելով փոխայցելություններ և իրականացնելով համատեղ ծրագրեր։ Տարբեր համալսարաններից հրավիրված դասախոսների մասնակցությամբ կազմակերպվող դասախոսությունները նպաստում են ուսանողների և դասախոսների մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերմանն ու փորձի փոխանակմանը։ Կ. Ղազարյանն ընդգծեց, որ այս միջազգային համագործակցությունը կարող է գիտակրթական նոր ծրագրերի իրականացման հիմք դառնալ:
Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի նախաձեռնությամբ: