Октября 22, 2024 | 10:00
Международное сотрудничество
Студенческий
Участие в международных образовательных программах — гарантия развития профессиональных способностей
Четверо студентов Института физики ЕГУ один семестр обучались в Свободном университете Брюсселя (Бельгия) в рамках программы «Эразмус+» и теперь применяют полученные знания и опыт, выполняя исследовательскую работу в лабораториях Института физики ЕГУ. Они участвуют в исследовательской работе научной группы лаборатории фотоники и искусственного интеллекта ЕГУ.
Երևանի պետական համալսարանի և Բրյուսելի ազատ համալսարանի համագործակցության շնորհիվ ուսանողները դեռ բակալավրիատում ուսանելու տարիներից հնարավորություն ունեն շարունակելու իրենց կրթությունն արտերկրում, մասնակցելու մի շարք ծրագրերի: Ընձեռված այս հնարավորությունն ուսանողներին օգնում է ամրապնդելու գիտելիքները, գործակցային և ընկերական կապեր ստեղծելու տարբեր համալսարանների ուսանողների հետ:
Մեզ հետ զրույցում ուսանողները պատմել են արտերկրում կատարած ուսումնասիրությունների, ձեռք բերած նոր գիտելիքների և հմտությունների մասին:
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանող Նժդեհ Քուրեանը սովորում է «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսում: Կարևորելով օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտում հետազոտական աշխատանքների դերը՝ նա պատմեց, որ Բրյուսելի ազատ համալսարանում ուսումնասիրել են բազմաթիվ թեմաներ, կատարել տարատեսակ գիտափորձեր:
«Դասընթացներն անցկացվել են լաբորատորիաներում. ամեն շաբաթ օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառներում հայտնի նոր գիտափորձեր ենք կատարել: Ուսումնասիրել ենք տարբեր սարքեր, հավաքագրել տվյալներ, կատարել դրանց վերլուծություն, գրառում և այլն: Հատկանշական է, որ պարտադիր գրառել ենք կատարված լաբորատոր աշխատանքների արդյունքում ստացված տվյալները, որպեսզի հետագայում ուրիշ մասնագետներ կամ ուսանողներ, կարդալով այդ գրառումները, հասկանան, թե այստեղ մենք ինչ ուսումնասիրություններ ենք կատարել և ինչ արդյունքներ ենք արձանագրել»,- ասաց ուսանողը՝ ընդգծելով, որ իր հետազոտությունը նվիրված էր թվային մեթոդներով պոլիմերային ալիքատարերի հետազոտությանը, որին հաջորդել են եռաչափ լազերային տպիչով հաշվարկված սարքերի տպումն ու բնութագրումը։
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Էդվարդ Գրիգորյանը արտերկրում ուսումնառությունը շարունակելը համարում է վերապատրաստում՝ միտված կարողությունների զարգացմանը: Ուսանողը շեշտեց, որ ստացած գիտելիքները կարող է կիրառել ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայում, որը պարբերաբար վերազինվում է ժամանակակից նոր տեխնոլոգիաներով։
«Ֆոտոնիկայի աշխատարաններում ուսումնասիրություններ կատարելով՝ ստացել եմ ֆոտոնիկայի մասին հիմնարար գիտելիքներ՝ ինչպե՞ս կատարել գիտափորձ, ինչպե՞ս ստանալ օպտիկական համակարգեր և այլն: Ծանոթացել եմ ֆոտոնիկայի բնագավառի տարբեր ճյուղերին, մասնակցել «Օպտիկայի կիրառությունները սենսորներում» տեսական դասընթացներին, և տեղի լաբորատորիայում կատարել իմ հետազոտությունը, որը վերաբերում էր երկչափ նյութերի կառուցվածքի ուսումնասիրությանը՝ օպտիկական հատկությունների, ինչպես նաև բազմաշերտ նմուշի հաստության չափմանը»,- նշեց Էդվարդը:
Ուսանողը «Էրազմուս+» ծրագրի մասին լսել է բարձր կուրսի ուսանողներից, հրավիրյալ դասախոսներից, որոնք ներկայացրել են ծրագրի առավելություններն ու առանձնահատկությունները: Լինելով Օպտիկների միջազգային կազմակերպության ԵՊՀ-ի ուսանողական մասնաճյուղի («YՍO Student Chapter») անդամ՝ ծանոթացել է Բրյուսելի ազատ համալսարանի գիտաշխատող Տաթև Չալյանի հետ, ումից էլ ճշտել է ծրագրի մասնամասները:
Օպտիկամանրաթելային ռամանյան զոնդերի վերաբերյալ հետազոտություն է կատարել «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Լիլիթ Մելիքյանը: Լիլիթն առաջին անգամ «Էրազմուս+» ծրագրով Բրյուսել է մեկնել դեռ 2023 թվականին: Աշխատելով Բրյուսելի ազատ համալսարանի պրոֆեսոր Տիգրան Բաղդասարյանի հետ՝ հինգ ամիս կատարել է ուսումնասիրություններ, մոդելավորում և եռաչափ տպագրություն: Մեկ տարի անց կրկին մեկնել է նույն համալսարան՝ արդեն եռամսյա գիտական այցով:
«Երկու համալսարանների գործակցության շրջանակում Բրյուսելի ազատ համալսարանի ֆոտոնիկայի դեպարտամենտի վարիչ, պրոֆեսոր Հեյդի Օտտևաերեն գարնանը եկել էր Հայաստան։ Նա ինձ առաջարկել է իրենց խմբում անցկացնել վերապատրաստում, որի շրջանակում պետք է օգնեի ասպիրանտին լաբորատորիայում գիտափորձեր կատարելիս: Երկու այցի արդյունքում բազմաթիվ գիտելիքներ եմ ստացել, աշխատել բակտերիաների հետ, չափումներ կատարել կենսաբանության ոլորտում, պատրաստել բիոնմուշներ, այնուհետև՝ ռամանյան չափումներ: Ինձ համար տպավորիչ էր այն, որ ասպիրանտը մագիստրատուրայի ուսանողից խորհուրդներ էր հարցնում. կարելի է ասել, որ հենց դա է գիտելիքի ազատությունը և այդ շփումների շնորհիվ է, որ հարստանում են գիտելիքներդ»,- մատնանշեց Լիլիթը:
Նա հենց իր պատմությամբ էլ կարևորեց «Էրազմուս+» ծրագրի դրական ազդեցությունը ուսանողների մասնագիտական ճանապարհի կառուցման տեսանկյունից: Լիլիթը վստահ է, որ նմանօրինակ ծրագրերը ևս նպաստում են ուսանողների գիտելիքների և փորձի փոխանակմանը:
«Երևանի պետական համալսարանը բանիմաց մասնագետներ է պատրաստում: Այստեղ ստացած գիտելիքներս օգնում են քայլ առ քայլ առաջ շարժվելու: ԵՊՀ-ն չի զիջում որևէ այլ համալսարանի, քանի որ հիմնարար գիտելիքներից բացի՝ մենք ստանում ենք լավագույն հնարավորությունները՝ օգտվելու այս կամ այն ծրագրից»,- ասաց նա:
«Տեսական ֆիզիկա» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Հայկ Հարությունյանը նույնպես 2023 թվականին է մեկնել Բելգիա՝ կրթությունը շարունակելու: Անցկացվող դասընթացներից բացի՝ Հայկը ներգրավված է եղել տեսախցիկի միջոցով տարածության մեջ լազերային փնջի տեղորոշմանն առնչվող հետազոտություններում:
Հատկանշական է, որ Հայկը սովորել է «Ռադիոֆիզիկա» բակալավրի կրթական ծրագրում և «Էրազմուս+» միջռազգային ծրագրին մասնակցելու արդյունքում է որոշել ուսումը շարունակել օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտում:
«Ծրագիրը մեծ սեր և հետաքրքրություն է առաջացրել օպտիկայի և ֆոտոնիկայի հանդեպ, այդ իսկ պատճառով որոշեցի շարունակել գործունեությունս հենց այդ ուղղությամբ: Ստացած մեծ փորձառության շնորհիվ ինձ հնարավորություն է ընձեռվել դիմելու և այս տարվա ամռանը մեկնելու Սաուդիան Արաբիայի Արքա Աբդուլլայի անվան գիտության և տեխնոլոգիայի համալսարան (KAUST)՝ մասնակցելու ամառային մեկամսյա ճամբարի: Ֆիզիկայի բնագավառում կատարելով բազմաթիվ հետազոտություններ՝ ստացել ենք հետաքրքրական տվյալներ, դրանք ներկայացրել պաստառների տեսքով: Ասեմ, որ այնտեղ ներկայացված պաստառներից իմ պատրաստածը ճանաչվել է լավագույնը»,- ընդգծեց Հայկը՝ մատնանշելով, որ կատարած այցերի շնորհիվ հաստատել է բազմաթիվ ընկերական հարաբերություններ, որոնք մինչ այժմ պահպանում է:
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանողները փաստում են, որ այսօրինակ ծրագրերի շնորհիվ շփվում են ոլորտի լավագույն մասնագետների, դասախոսների հետ, ձեռք բերում նոր գիտելիքներ և համագործակցելու հմտություններ, որոնք հետագայում կիրառելու են ԵՊՀ լաբորատորիաներում հետազոտական աշխատանքներ կատարելիս: