Февраля 05, 2025 | 15:50
Наука
Образование
Новая стратегия профилактики распространения рака. Исследование аспиранта ЕГУ
Экзосомы - микроскопические частицы, покрытые мембраной и высвобождаемые клетками, могут оказывать глубокое влияние на развитие рака. Экзосомы, высвобождаемые раковыми клетками, могут способствовать прогрессированию заболевания, влияя на соседние клетки. Аспирантка кафедры генетики и цитологии биологического факультета Ереванского государственного университета Лили Калашян изучает роль экзосом в распространении рака, анализирует возможности их ингибирования с целью замедления развития заболевания.
ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնի ասպիրանտ, կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Լիլի Քալաշյանի «Էքզոսոմների արգելակիչների կիրառումը ճառագայթմամբ մակածված ԴՆԹ-ի անկայունության մակարդակի պոտենցիալ բարձրացման նպատակով քաղցկեղային բջիջներում» գիտական նախագիծը երաշխավորվել է ֆինանսավորման ՀՀ ԿԳՄՍՆ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2024» մրցույթի արդյունքում:
Թեմայի արդիականությունն ու կարևորությունը
Խոսելով թեմայի կարևորության մասին՝ Լիլին նշում է, որ էքզոսոմները ձևավորվում են բջջի մեջ և կուտակում են բջջում պարունակվող տարբեր մոլեկուլներ՝ սպիտակուցներ, լիպիդներ, նուկլեինաթթուներ։ Դուրս գալով բջջից՝ էքզոսոմները տեղափոխում և բջջից բջիջ են փոխանցում իրենց մեջ պարունակվող մոլեկուլները։ Քաղցկեղային բջիջներից արտանետվող էքզոսոմները կապ են հաստատում հարևան բջիջների հետ, ինչը հանգեցնում է քաղցկեղի առաջընթացին և կրկնմանը։ Եվ հակառակը՝ էքզոսոմների արգելակումը համապատասխան քիմիական միացություններով զգալիորեն նվազեցնում է քաղցկեղային բջիջների անկանոն աճը։
«Ներկայում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, քաղցկեղը մահացության գլխավոր պատճառներից է։ Ժամանակակից գիտությունն ուղղված է այնպիսի մեթոդների մշակմանը, որոնք հնարավորություն կտան առավել ճշգրտությամբ և արդյունավետությամբ կանգնեցնելու քաղցկեղային բջիջների բազմացումը՝ միևնույն ժամանակ նվազագույն վնաս հասցնելով նորմալ բջիջներին։ Մեր թիմը, համագործակցելով «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ, վերջին տարիներին ուսումնասիրել է ճառագայթման ազդեցությունը նորմալ և քաղցկեղային բջիջների վրա։ Համեմատվել է ճառագայթման տարբեր տեսակների ազդեցությունը բջիջների կենսունակության, ԴՆԹ վնասվածքների մակարդակի վրա»,- ասում է նա և հավելում, որ իրենք նպատակ ունեն վերհանելու ճառագայթման այնպիսի պարամետրեր, որոնց դեպքում հնարավոր կլինի քաղցկեղային բջիջներում առաջացնել առավել բարդ վերականգնվող ԴՆԹ վնասվածքներ։
Ուսումնասիրելով էքզոսոմների դերը քաղցկեղի տարածման գործընթացում՝ առաջացել է մի նոր գաղափար՝ փորձել քաղցկեղային բջիջները դարձնել ավելի զգայուն ճառագայթման նկատմամբ՝ արգելակելով դրանցից արտանետվող էքզոսոմների արտանետումը։
«Մեր հիմնական նպատակն է պարզել, թե որքանով է էքզոսոմների արգելակումը արդյունավետ քաղցկեղային բջիջների ռադիոզգայնության բարձրացման գործում»,- ընդգծում է ասպիրանտը։
Ուսումնասիրություն՝ ի նպաստ քաղցկեղային բջիջների ռադիոզգայնության բարձրացմանը
Լիլին պատմում է, որ քաղցկեղով հիվանդների մոտ 50%-ը հիվանդության ընթացքում ստանում է ճառագայթային թերապիա: Սակայն նույնիսկ ռադիոթերապիայի սարքերի ժամանակակից տեխնիկական հնարավորություններով շատ հիվանդներ միևնույն է տառապում են ռադիոթերապիայից հետո կրկնվող տեղային քաղցկեղներով։ Սա է հիմնական պատճառը, որ ճառագայթումը համակցվում է թիրախային մոլեկուլային թերապիայի հետ: Ներկայում փորձարկվող տեխնոլոգիան ուղղված է քաղցկեղային բջիջների ռադիոզգայնության բարձրացմանը։ Ասպիրանտի խոսքով՝ սա անչափ կարևոր է ռադիոթերապիայից հետո քաղցկեղի կրկնման կանխարգելման համար։
«Շնորհիվ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնի համագործակցության՝ մենք հնարավորություն ունենք ուսումնասիրելու Հայաստանում և տարածաշրջանում եզակի «AREAL» արագացուցիչի միջոցով գեներացվող էլեկտրոնային փնջերով ճառագայթման ազդեցությունը ԴՆԹ վնասվածքների վրա նորմալ և քաղցկեղային բջիջներում։ Արագացուցիչը դեռևս չի կիրառվում կլինիկական նպատակներով, սակայն մինչ այժմ կատարված փորձերը ցույց են տվել արագացված էլեկտրոններով ճառագայթման արդյունավետությունը՝ համեմատած նախկինում փորձարկված ճառագայթման այլ աղբյուրների, օրինակ՝ ռենտգենյան ճառագայթների կամ քվազի շարունակական ճառագայթման հետ։ Միևնույն ժամանակ, քաղցկեղային բջիջներում էքզոսոմների արգելակման համակցումը էլեկտրոնային փնջերով ճառագայթման հետ լիովին նոր ուղղություն է, որը նախկինում չի ուսումնասիրվել»,- նշում է ԵՊՀ ասպիրանտը՝ խոսելով ուսումնասիրության նորարարությունների մասին։
Նոր հեռանկարներ գիտական արդյունքների կիրառման շնորհիվ
Լիլին մատնանշում է, որ հակաքաղցկեղային թերապիայում նոր մեթոդների ներդրումը բարդ և տարբեր փուլերից բաղկացած գործընթաց է, և իրենք դեռ հետազոտությունների առաջին փուլում են։
«Հետագայում կենդանի օրգանիզմներում խոստումնալից արդյունքներ ստանալու դեպքում հնարավոր կլինի երաշխավորել կիրառվող մեթոդը՝ որպես ճառագայթային թերապիայի բարելավման և արդյունավետության բարձրացման եղանակ»,- ընդգծում է նա։
Հետազոտողը շեշտում է նաև, որ վերջերս Գերմանիայի Յենա քաղաքի Մարդու գենետիկայի ինստիտուտում գործուղման շրջանակում կատարել է ճառագայթված քաղցկեղային բջիջների թելոմերների ուսումնասիրություն։ Իսկ այս տարի հայ և միջազգային գործընկերների հետ համատեղ նախատեսվում է շարունակել և ընդլայնել ուսումնասիրությունները։
Նա հուսով է, որ հետազոտության արդյունքում հետաքրքիր բացահայտումներ կկատարվեն, իսկ ստացված արդյունքներն օգտակար կլինեն ոլորտի հետագա զարգացման համար։
ԵՊՀ ասպիրանտը վստահ է, որ ուսումնասիրություններն ավարտելուց հետո ընդլայնելու է գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ հետազոտելով նոր ուղղություններ, որոնք կունենան գործնական կարևոր նշանակություն։