Апреля 05, 2023 | 16:58
Наука
Образование
Мероприятие, посвященное Дню геолога в ЕГУ
ԵՊՀ պատմության թանգարանում տեղի է ունեցել «Հայաստանի երկրաբանության անցյալը, ներկան և ապագան» խորագրով հավաքածուների ցուցադրություն, որը կշարունակվի մինչև ապրիլի 20-ը:
Երկրաբանի օրվան նվիրված միջոցառման նպատակն էր ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում պահվող հավաքածուների ցուցադրությամբ անդրադառնալ ՀՀ-ում երկրաբանության զարգացման պատմությանը և երկրաբանի մասնագիտության կարևորությանը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհավորելով երկրաբաններին մասնագիտական տոնի առթիվ, նշեց. «Համալսարանը քայլեր է ձեռնարկում երկրաբանության նկատմամբ ուսանողների հետաքրքրվածությունը մեծացնելու նպատակով: Մեր բարեփոխման քայլերին պետք է գումարվի նաև պետական մարմինների և գործատուների աջակցությունը, որպեսզի իրագործվեն համատեղ հետազոտական ծրագրեր և ապահովվեն ոլորտի առաջխաղացումն ու զարգացումը»:
Հավաքածուների ցուցադրությունը նախաձեռնել էր ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը: Նրա խոսքով՝ սա նաև հարգանքի տուրք է այն դասախոսներին և գիտնականներին, որոնք ԵՊՀ հիմնադրման առաջին օրվանից մեծ դերակատարում են ունեցել համալսարանի զարգացման գործում:
«Պատահական չէ, որ ԵՊՀ-ում նշվում է Երկրաբանի օրը, քանզի ԵՊՀ անվանի շատ դասախոսներ ոչ միայն ջանք չեն խնայել համալսարանում աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հիմնադրման, զարգացման և լավագույն մասնագետների կրթման համար, այլև շատ կարևոր դեր են կատարել ՀՀ-ում երկրաբանության, հանքաբանության ոլորտների զարգացման գործում»,- ասաց Հ. Գասպարյանը:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն անդրադարձավ ՀՀ-ում երկրաբանության զարգացման պատմությանը և ոլորտում առկա հիմնախնդիրներին: Այնուհետև կնքվեց համագործակցության հուշագիր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև: Հուշագրի նպատակն է նպաստել ոլորտի որակյալ մասնագետների պատրաստմանը, կազմակերպել ուսանողների պրակտիկան և նրանց ապահովել աշխատանքով:
Նշենք, որ ցուցադրությունը կազմակերպել էին ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորատի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, պետական այրեր, ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների, այլ համալսարանների ու թանգարանների ներկայացուցիչներ և հանրաճանաչ անձինք: