Марта 14, 2023 | 14:34
Образование
Наука
Студенты ЕГУ приняли участие в Методической школе, организованной в Центре Тагора
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ՀԿՀ) հայագիտության ինստիտուտի Թագորի կենտրոնում (Կոտայքի մարզ, գ. Մայակովսկի) անցկացվեց մեթոդաբանական դպրոց, որի նպատակն էր հայաստանյան բուհերի ուսանողներին ներկայացնել հետազոտություն կատարելու հմտությունները։
Մեթոդաբանական հինգերորդ դպրոցը կազմակերպել էր ՀԿՀ Թագորի կենտրոնը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ: Այն ուներ արևելագիտական ուղղվածություն։
Դպրոցի շրջանակում Միջին Արևելքով ու Կովկասով հետաքրքրվող ուսանողները ծանոթացան ինչպես հետազոտություն կատարելու առանցքային հմտություններին (թեմայի ընտրություն, գրականության որոնում, հետազոտական հարցի ձևակերպում և այլն), այնպես էլ ակադեմիական շարադրանքի առանձնահատկություններին։
ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, ուսանողներին ներկայացնելով թվային (թվանշային) արաբագիտության (իսլամագիտության) ոլորտում առկա ծրագրերն ու զարգացման միտումները, փաստեց. «Այս դպրոցը բացառիկ հնարավորություն է մեր ուսանողների համար՝ համակարգված գիտելիք ստանալու հետազոտական տարբեր մեթոդների վերաբերյալ և ծանոթանալու հետազոտական նոր գործիքների։ Լիահույս եմ, որ այս դասընթացները դրական ազդեցություն կունենան ուսանողների կողմից կատարվող հետազոտությունների որակի վրա»:
Մեթոդաբանական դպրոցի մասնագետ Աշխեն Հակոբյանը, որը վերջերս է վերադարձել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից, խոսելով դպրոցի ընձեռած հնարավորություններից, նշեց. «Դպրոցի մասնակիցները մի քանի օրվա ընթացքում ծանոթացան հետազոտական հիմնական մեթոդաբանությանը և գործիքներին։ Սակայն դպրոցի հիմնական գործառույթը ոչ միայն գիտելիք հաղորդելն է, այլև հետազոտություն կատարելիս գիտական մեթոդաբանության պատշաճ կիրառությունը ցույց տալը և ուսանողներին իրենց ընթացիկ ուսումնասիրությունները պլանավորելու հարցում աջակցելը»:
Դպրոցի աշխատանքների նախագծող և կազմակերպիչ Նաիրա Սահակյանը, անդրադառնալով դպրոցի նորարարական մոտեցումներին, ասաց. «Այսօրինակ դպրոց կազմակերպելու համար հիմք է դարձել այն փաստը, որ հայաստանյան բուհերում դեռևս հետազոտական մեթոդաբանության վերաբերյալ դասընթացներ չեն անցկացվել: Մենք փորձել ենք որոշ չափով այդ բացը լրացնել։
Իհարկե, մեր փորձը փոքր ներդրում է, և հույս ունենք, որ հայաստանյան բուհերը, տեսնելով դպրոցի մեծ պահանջարկը, մեծ ուշադրություն կդարձնեն հետազոտական մեթոդաբանության խնդիրներին, որովհետև հենց դրանք են կազմում յուրաքանչյուր հետազոտության հիմքը»:
Մեթոդաբանական դպրոցի հիմնական մասնագետները տարբեր ոլորտների գիտնականներ են, որոնք նախքան դասավանդումը վերապատրաստվել են ՀԿՀ հայագիտության ինստիտուտում՝ զարգացնելով մեթոդաբանություն դասավանդելու վերաբերյալ գիտելիքները։ Վերապատրաստումը մի քանի փուլով անցկացրել է հետազոտական մեթոդաբանության մասնագետ, կլինիկական կրթության պրոֆեսոր Արթինե Սամկեանը:
Խոսելով Ա. Սամկեանի անցկացրած դասախոսությունների մասին՝ հետազոտական դպրոցի դասախոս Աննա Գևորգյանն ընդգծեց. «Ա. Սամկեանի համապարփակ, համընդգրկուն դասախոսություններն ու նրա պատրաստակամ, սրտացավ վերաբերմունքը վերապատրաստման գործընթացը դարձրին շատ հաճելի, իսկ ստացած արժեքավոր գիտելիքը չափազանց օգտակար էր մեզ համար թե՛ որպես հետազոտողների, թե՛ որպես մեթոդաբանական դպրոցի դասավանդողների»։
Նշենք, որ դպրոցի թեմատիկ հատվածում ուսանողների համար տարբեր թեմաներով դասախոսություններ են կարդացել նաև Կենտրոնական եվրոպական համալսարանի հետազոտող Սոնա Գրիգորյանը, Լեյդենի համալսարանի դասախոս Ցոլին Նալբանդեանը, Փրինսթոնի համալսարանի շրջանավարտ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Վարագ Գեթսեմանեանը, արաբագետ Գոռ Գևորգյանը։