Марта 22, 2023 | 11:18
Образование
Наука
Серия лекций в образовательных учреждениях Гюмри
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի աշխատակազմը և ուսանողները 2023 թ. փետրվար ամսին շարունակել են այցելությունները «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում:
Այս անգամ ուսանողներն այցելել են Գյումրի, որտեղ իրավական տարատեսակ թեմաներով ինտերակտիվ դասախոսություններ են կարդացել Գյումրու Ագրարային քոլեջի, «Ֆոտոն» և Ակադեմիական վարժարանների դպրոցականների և ուսուցչական կազմի համար:
Դասախոսությունների համար ընտրված թեմաները ներառել են իրավական կարևորագույն հիմնահարցեր, որոնց կարգավորումները արդի ու հետաքրքիր են թե´ ներպետական, և թե´ միջազգային պրակտիկայի համար: Մասնավորապես քննարկվել են քրեական իրավունքի և քրեական դատավարության, խոսքի և մտքի ազատության, ինչպես նաև փախստականների իրավական կարգավիճակի և պաշտպանության վերաբերյալ հիմնախնդիրներ:
Դասախոսությունների սկզբում իրավաբանական կլինիկայի ուսանողները ներկայացրել են կլինիկայի գործունեությունը՝ խորհրդատվությունների իրականացման կարգը, «Իրավունք բոլորի համար» ծրագրի կարևորությունը, հետաքրքրվել են՝ արդյոք ներկաների մեջ կա՞ն ապագա իրավաբաններ: Դասընթացի սկզբում հնչած այս հարցին մեծաթիվ դրական պատասխաններ տրվեցին թեման ավարտելուց հետո:
Պատանիներն ուշադրությամբ ունկնդրել են ներկայացվող նյութը, ապա նույնքան մեծ ոգևորությամբ մասնակցել ինտերակտիվ քննարկումներին, որոնք հաճախ բուռն բանավեճերի են վերածվել: Դասախոսությունների ողջ ընթացքում ուսանողներին են ուղղվել մի շարք հարցադրումներ, որոնց պատասխանները դասընթացի վերջում տվել են հենց իրենք՝ դպրոցականները:
Իրավաբանական կլինիկան հատկապես նշանավորում և կարևորում է այսպիսի միջոցառումների իրականացումը, քանի որ նմանօրինակ այցերն ունենում են փոխադարձ արդյունավետություն. դպրոցականները հնարավորություն են ստանում զարգացնելու իրենց իրավական և սոցիալական գիտելիքները, ձևավորելու ճիշտ պատկերացումներ արդի իրավական խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ և ունենալու մասնագիտական հստակ կողմնորոշում, իսկ իրավաբանական կլինիկայի ուսանողները սովորում են դասը վարելու արդյունավետ մեթոդներ կիրառել և կառավարել լսարանը, այսինքն՝ սովորում են սովորեցնելով:
Հատկապես «Մարդու իրավունքներ» կլինիկական ուղղության ներդրումը ուսանողների համար կլինիկական գործունեությունն առավել հետաքրքիր է դարձրել: Վերջինիս շրջանակում անչափահասների իրավունքների վերաբերյալ հաճախակի անցկացվող դասախոսություններն առավել տեսանելի են դարձրել երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը, իսկ նմանատիպ այցերը հանրակրթական հաստատություններ անգնահատելի հնարավորություն է իրավական տեղեկատվությունը ճիշտ հասցեատերերին փոխանցելու համար:
Իրավաբան ուսանողների տպավորիչ ելույթներով և քննարկումներին աշակերտների ակտիվ մասնակցությամբ ոգևորված՝ կրթական հաստատությունների ղեկավարները հնչեցրին շնորհակալական խոսքեր ու հետագա համագործակցության բազմաթիվ առաջարկներ արեցին, կլինիկայի տնօրենությունն էլ իր հերթին պատրաստակամություն հայտնեց հնարավորության դեպքում կազմակերպել ավելի շատ նմանատիպ այցեր և գործակից կրթական հաստատություններում հաճախակի իրականացնել իրավատեղեկատվական սեմինարներ: