- Главная
- Node
- «Ակտիվ ուսուցում» մեթոդի վերաբերյալ ձեռք բերված գիտելիքները փոխանցվել են Կենսաբանության ֆակուլտետի դասախոսներին
Февраля 06, 2020 | 10:40
«Ակտիվ ուսուցում» մեթոդի վերաբերյալ ձեռք բերված գիտելիքները փոխանցվել են Կենսաբանության ֆակուլտետի դասախոսներին
«Erasmus+ PRINTeL» ծրագրի շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոս Կարեն Թռչունյանը տարբեր ֆակուլտետների դասախոսների հետ մասնակցել է Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում անցկացված «Ակտիվ ուսուցում» կամ «Active Learning» խորագրով դասախոսների վերապատրաստման դասընթացին և ստացած գիտելիքները փոխանցել ֆակուլտետի իր գործընկերներին:
Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում անցկացված «Ակտիվ ուսուցում» խորագրով վերապատրաստման դասընթացի ընթացքում Կարեն Թռչունյանն իր գործընկերների հետ հնարավորություն է ունեցել ծանոթանալու ակտիվ ուսուցման առանցքային ձևերին, մեթոդաբանությանը, ինչպես նաև տարբեր համացանցային, թվային կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը լսարանում։
Կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ վերապատրաստման դասընթացի շրջանակում հնարավորություն է ստացել ներկա գտնվելու պրոֆ. Վիմ Վան Պետեգեմի ակտիվ ուսուցման դասընթացներից մեկին՝ որպես դիտորդ, որի շնորհիվ ծանոթացել է ակտիվ ուսուցման գործնական կիրառմանը:
Նա իր ստացած նոր գիտելիքներն ու հմտություններն արդեն փոխանցել է գործընկերներին՝ Կենսաբանության ֆակուլտետի դասախոսների համար կազմակերպելով «Ակտիվ ուսուցում» 5-օրյա վերապատրաստման դասընթացը, որին մասնակցել են ֆակուլտետի տարբեր ամբիոնների 15 դասախոսներ:
Դասընթացի ժամանակ Կարեն Թռչունյանը գործընկերներին պատմել է, թե ինչ հնարավորություններ են տալիս ակտիվ ուսուցման հիմնական մեթոդները: Քննարկվել են մի շարք հարցեր, թե ինչպես կարելի է կազմել առարկայական ծրագիր, որի բաղկացուցիչ կազմում ներառված կլինեն նոր մեթոդները, որ կուրսերում կարելի է այն նախնական կիրառել և այլ գործնական քայլեր:
«Թեպետ դասընթացից առաջ նույնպես մեր դասախոսներն այդ մեթոդների մի մասը կիրառում էին, բայց վերապատրաստման ընթացքում նրանք ծանոթացան, թե ինչպես կարող են դրանք համակարգված կիրառել»,- մեզ հետ զրույցում ասաց դասախոսը:
Նրա հավաստմամբ, վերապատրաստման դասընթացի մասնակիցները պայմանավորվել են մարտի ավարտին նորից հանդիպել և քննարկել, թե ինչ արդյունքներ են գրանցվել. «Դրանք իհարկե այժմ շատ նկատելի չեն կարող լինել, գուցե 5 կամ 7 տարի անց միայն ազդեցություն ունենան, բայց ուսանողների շրջանում անցկացրած էլեկտրոնային հարցումների ժամանակ բոլորը նշել են, որ կիրառված մեթոդներն արդյունավետ են»:
Կարեն Թռչունյանի կարծիքով, մեթոդների կիրառելիությունը պետք է մեծ թվով առարկաների շրջանակում լինի, այդ է պատճառը, որ վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար հրավիրվել են տարբեր ամբիոնների դասախոսներ. «Ուսանողները պետք է անընդհատ կիրառեն դասախոսների կողմից առաջարկվող մեթոդները, շարժի մեջ լինեն, որ իրենց համար սովորական դառնա այդ գործընթացը»:
Խոսելով ակտիվ ուսուցման մեթոդների կիրառման արդյունավետության մասին՝ կենսաբ. գիտ. դոկտորը փաստեց, որ ըստ հետազոտությունների արդյունքների՝ լսարանի 90%-ը ներգրավվում է լսարանում ուսումնական գործընթացի մեջ, բացի դրանից՝ մեթոդների կիրառումը նպաստում է ուսանողների առաջադիմության բարձրացմանը:
ԵՊՀ-ում ակտիվ ուսուցումը զարգացնելու համար Կարեն Թռչունյանն առաջարկում է ավելացնել առցանց հարթակների կիրառումը, դասախոսների համար ձեռնարկներ ստեղծել և այլն:
Քնար Միսակյան