- Главная
- Node
- «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Ի ՎԵՐՋՈ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՏՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ Է». ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Апреля 17, 2020 | 18:25
Հասարակություն
«ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Ի ՎԵՐՋՈ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՏՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ Է». ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը շարունակում է ամեն ուրբաթ կազմակերպել առցանց հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ դեկան Նաղաշ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ:
Այսօր առցանց հանդիպման հյուրն էր «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր, «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման հեղինակ և վարող Արամ Աբրահամյանը:
Առցանց հանդիպման ընթացքում Արամ Աբրահամյանն անդրադարձավ արտակարգ դրության իրավիճակում լրագրողների աշխատանքի առանձնահատկություններին՝ մասնավորեցնելով սեփական փորձը:
Հանդիպման սկզբում հյուրը պարզաբանեց տնից աշխատելու կարևորությունը:
«Այս պահին ես աշխատում եմ տնից ոչ թե այն պատճառով, որ ինձ համար հաճելի է, այլ այս աշխատանքը կատարվում է սոցիալական պատասխանատվության շրջանակում,- ասաց Արամ Աբրահամյանը,- շփվելով ստեղծագործական անձնակազմի հետ՝ կամա, թե ակամա մարդը կարող է տարածել հիվանդությունը»։
Նրա խոսքով, այն էականորեն կարելի է կանխարգելել, եթե յուրաքանչյուրը կարողանա հնարավորինս խուսափել հիվանդության տարածման օղակ հանդիսանալուց:
Այնուհետև Արամ Աբրահամյանը ներկայացրեց հեռավար աշխատանքի առանձնահատկությունները․«Ինձ հեռուստատեսությունը տրամադրել է որակյալ տեսախցիկ, որով մենք կապ ենք հաստատում մեր զրուցակիցների հետ և այդպես կատարում ենք մեր լրագրողական աշխատանքը»:
Առանձնացնելով լրագրողների հեռավար աշխատանքի առանձնահատկությունները՝ բանախոսը նշեց, որ հարցազրույցի դեպքում նա կարող է հյուրին ցանկացած պահի ընդհատել, ճշտող հարցեր տալ, արձագանքել, նույնը չի կարելի ասել հեռավար հարցազրույցի դեպքում․«Հեռավար հարցազրույցի դեպքում զրուցակիցը պետք է վերջացնի իր միտքը և հետո միայն կկարողանանք անցնել հաջորդ հարցին, և հաճախ այդ միտքը կարող է շատ ավելի երկար տևել, քան թույլ է տալիս եթերային ժամանակը»:
Նրա գնահատմամբ, հեռավար հարցազրույցը կենդանի զրույցի լավագույն տարբերակը չէ:
Արամ Աբրահամյանը խորհուրդ տվեց ապագա լրագրողներին խուսափել պետական պաշտոնյաներին հարցերը նախապես ուղարկելու պրակտիկայից․«Մեր աշխատանքում ամենահետաքրքիրն իմպրովիզն է, մարդու կենդանի արձագանքը զգալը»:
Բանախոսը պատմեց նաև, որ տաղավար մարդկանց հյուրընկալելիս աշխատում է նախքան հարցազրույցը չշփվել նրանց հետ, քանի որ եթե լրագրողը նախօրոք հյուրի հետ շփվում է թեմայի մասին, ապա իմպրովիզացիայի չափաբաժինը նույնպես պակասում է․«Մյուս կողմից մեծ է նաև հավանականությունը, որ հյուրին ձանձրալի կլինի արդեն հաղորդման շրջանակում խոսել նույն թեմայից»:
Անդրադառնալով այս օրերին «Առավոտ» թերթի աշխատանքին՝ Արամ Աբրահամյանը նշեց, որ այն ավելի հեշտ է կանոնակարգել․«Ես ունեմ թերթի և կայքի հրաշալի խմբագիրներ, որոնք հիմնականում կարողանում են առանց ինձ անհանգստացնելու գործը գլուխ բերել, իսկ ես շարունակում եմ ամեն օր գրել իմ խմբագրականները»:
Արամ Աբրահամյանն առցանց դասախոսության ընթացքում անդրադարձավ թե՛ հեռուստատեսային, թե՛ թերթային լրագրության՝ արտակարգ իրավիճակում առաջացած առանձնահատկություններին՝ նշելով, որ այժմ շատ հանդիպումների ու ասուլիսների լրագրողները հետևում են առցանց և առցանց էլ ուղարկում են իրենց հարցերը, ինչն առկա պայմաններում ճիշտ է, բայց, ըստ բանախոսի, լրագրողական որակյալ աշխատանքի համար անհրաժեշտ են շարժում և տարածություն:
«Լրագրողին կերակրում են նրա ոտքերը,- փաստեց Արամ Աբրահամյանը,- այս պայմաններում լրագրողը չի կարող մրցակցային առավելություն ունենալ այն լրագրողի նկատմամբ, որը շարժման մեջ է և փորձում է հետաքրքիր նյութ պատրաստել, իսկ լրագրությունն ի վերջո հետաքրքիր պատմություններ գտնելու արվեստ է»:
Բանախոսը պատմեց նաև իր առօրեական սահմանափակումների մասին, որոնք թելադրել է արտակարգ դրությունը:
Հյուրը ևս մեկ անգամ շեշտեց, որ այս օրերին լրագրողների կարևոր գործառույթներից մեկը մարդկանց անընդհատ հիշեցնելն է վարակի տարածման վտանգների մասին, որպեսզի մարդիկ իրավիճակին թեթևամտորեն չմոտենան:
Առցանց դասախոսության վերջում Արամ Աբրահամյանը պատասխանեց առցանց հետևորդների հարցերին:
Անի Պողոսյան