- Главная
- Node
- «ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԻՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ԱՅՆ ԻՄ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆ Է». ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Май 27, 2020 | 14:13
Հասարակություն
«ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԻՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ԱՅՆ ԻՄ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆ Է». ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը հաղթող է ճանաչվել «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգում: Պարոն Մելքոնյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մանկավարժական գործունեության հետաքրքիր կողմերի ու դժվարությունների մասին:
- Պարո՛ն Մելքոնյան, ինչպե՞ս հասկացաք, որ պետք է զբաղվեք արևելքի ուսումնասիրությամբ:
- Դեռ դպրոցական տարիներին հետաքրքրություն ունեի արևելքի նկատմամբ, ինչը հենված էր մի կողմից՝ ընտանեկան որոշ իրողությունների, իսկ մյուս կողմից՝ հայերիս շրջանում եղած ավանդական պատկերացումների վրա: Դեռ մանկուց մշեցիների մեր ավանդական գերդաստանում շատ եմ լսել պատմություններ Օսմանյան կայսրության, հայերի նկատմամբ քաղաքականության, Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մայրական պապս և տատս 1915 թ. Կիլիկիայից գաղթել են Սիրիա, 1948-ին էլ ներգաղթել Խորհրդային Հայաստան: Մայրական տատիս տանը և թաղամասում՝ Նոր Արեշում, որտեղ բնակվում էին տարբեր երկրներից ներգաղթյալ հայրենադարձներ, զգացվում էր արևելյան միջավայրի ազդեցություն՝ սկսած կենցաղից, խոհանոցից, վերջացրած թուրքերենի և արաբերենի կիրառումով: Այսինքն՝ իմ միջավայրը կարծես դրդում էր ուսումնասիրելու արևելքը, ինչը սկսվեց սիրողական հետաքրքրությունից, ապա դարձավ արդեն մասնագիտություն ու գիտական հետազոտությունների թեմա: Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը՝ արևելագիտությունը. այն իմ ինքնության մի մասն է:
- Ե՞րբ եք սկսել իրականացնել մանկավարժական գործունեություն: Ի՞նչն է ամենահետաքրքիրն այդ գործում:
- Մանկավարժական գործունեությամբ սկսել եմ զբաղվել 2003 թվականից՝ ասպիրանտուրայում ուսանելու տարիներին: Իմ մանկավարժական ուղին, կարելի է ասել, «դասական արևելագիտական է». ես սկսել եմ դասավանդել թուրքերեն, այնուհետև թուրքական գրականություն, քանի որ թեկնածուական ատենախոսությունս նվիրված էր ժամանակակից թուրք գրականությանը: Դոկտորական ատենախոսությունս նվիրված էր 20-րդ դարի Թուրքիայի պատմությանը, մասնավորապես թուրքական քաղաքականությանն այդ երկրի քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույների նկատմամբ: Եվ արդեն տևական ժամանակ է՝ դասավանդում եմ «Թուրքիայի Հանրապետության պատմություն» առարկան: Հիմա վերադառնամ մանկավարժական ուղուս «դասական արևելագիտական» բնութագրմանը. արևելագիտությունը միջգիտակարգային գիտություն է, և արևելագետը պետք է լավ տիրապետի արևելյան տվյալ երկրի լեզվին, իմանա այդ երկրի պատմությունը, գրականությունը, կրոնը, մշակույթը և այլն: Եվ արևելագետի համար ամենևին էլ խորթ ու զարմանալի չէ դասավանդել և՛ պատմաքաղաքագիտական, և՛ բանասիրական բնույթի առարկաներ: Հիմա զբաղվածությանս պատճառով չեմ հասցնում այլևս թուրքերեն դասավանդել, սակայն մյուս առարկաները դասավանդելիս սիրում եմ երբեմն լեզվական, անգամ լեզվական-քաղաքագիտական անդրադարձներ կատարել: Ահա, հենց այս նշվածներն էլ արևելագիտական-մանկավարժական գործունեությանս հետաքրքիր կողմերից են:
- Գիտամանկավարժական գործունեությունից բացի՝ կատարում եք նաև վարչական աշխատանք: Ինչպե՞ս եք համատեղում, ի՞նչ դժվարություններ են ի հայտ գալիս:
- Այո՛, վարչական աշխատանք կատարում եմ 2009 թվականից. 2009-2017 թթ. եղել եմ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկանը, իսկ 2017 թ. ընտրվել եմ նույն ֆակուլտետի դեկան: Իրականում վարչական և գիտամանկավարժական գործունեությունները, թվում է, թե կարող են խանգարել իրար. նման կարծիքի համար երևի կա օբյեկտիվ հիմք: Սակայն այս երկու ուղղությունները ես փորձում եմ համատեղել և այդպիսով խուսափել լճացումից: Այսինքն՝ այս միջոցով խուսափում եմ միայն վարչական աշխատող լինելու կամ միայն գիտությամբ զբաղվող և գործնական-կազմակերպչական թույլ հմտություններ ունեցող դասախոս դառնալու հեռանկարից: Ես վարչականը և գիտամանկավարժականը համադրելու համար գտել եմ ինձ համար ներդաշնակ ոճ, և կարծես թե դեռևս ստացվում է:
- Ի՞նչ մեթոդներ և սկզբունքներ եք կիրառում դասախոսությունների ընթացքում՝ դրանք առավել հետաքրքիր և արդյունավետ անցկացնելու նպատակով:
- Դասախոսություններն իրականացնում եմ իմ և իմ գործընկերների կողմից պատրաստված հայալեզու բուհական դասագրքերի հիման վրա, օգտագործում եմ նաև ցուցադրումներ, որոնք ավելի ամբողջական են դարձնում նյութը: Օգտակար եմ համարում նաև դասախոսությունների ընթացքում կիրառել պատմական դեպքերը կամ գրական ստեղծագործությունները, գրականությունները համադրելու մեթոդը: Պատմաբան-արևելագետի համար կարևոր են նաև մեծ քաղաքականության փոքր մանրուքները, որոնք ճակատագրական են եղել ոչ միայն համաշխարհային քաղաքականության, այլև մեր ազգի համար:
- Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ուսանողներին և գործընկերներին:
- Խորհուրդներ կարող եմ տալ միայն իմ կրտսեր գործընկերներին, իմ ասպիրանտներին, ուսանողներին, իսկ ավագ գործընկերներիցս ես ինքս եմ խորհուրդներ ակնկալում: Ուստի իմ կրտսեր գործընկերներին խորհուրդ կտամ անվերապահ նվիրումով իրականացնել մանկավարժի, այն էլ արևելագետ-մանկավարժի իրենց գործը, քանի որ այն ունի ոչ միայն կրթական, այլև քաղաքական ու անվտանգային նշանակություն: Արևելագետ լավ ուսանողները մեր երկրի անվտանգության վաղվա ապահովողներն են, մեր երկիրն աշխարհում ներկայացնողներն են թե՛ որպես գիտնական, թե՛ որպես դիվանագետ: Իսկ ուսանողներին խորհուրդ կտամ լավագույնս օգտագործել իրենց ժամանակը՝ լավ մասնագետ դառնալու և ապագայում հայրենիքին օգտակար լինելու համար:
Քնար Միսակյան