- Главная
- Node
- ԱՐՑԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ. ՊԱՏՄԱԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Декабря 08, 2020 | 13:22
Ուսանողական
ԱՐՑԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ. ՊԱՏՄԱԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
ԵՊՀ իրավագիտության և պատմության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Արցախի միջազգային ճանաչումը. պատմաիրավական ակնարկ» խորագրով:
Քննարկումն անցկացվել է հեռավար՝ «Zoom» հավելվածի կիրառմամբ:
Քննարկման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը: ՈՒԳԸ նախագահը ողջունեց ներկաներին և ներկայացրեց պանելային քննարկման բանախոսներին:
Պանելային քննարկման բանախոսներն էին ի.գ.թ., դոցենտ Տարոն Սիմոնյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանը: Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձան Արցախի միջազգային ճանաչման գործընթացին, ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, պատմաքաղաքական զարգացումներին։
Բանախոսները խոսեցին Արցախյան հիմնախնդրի առաջացման, անջատում փրկության համար սկզբունքի, վերջինիս էության մասին. «Կյանքի իրավունքի ապահովման միակ տարբերակն արտաքին ինքնորոշումն է և անկախության ձեռքբերումը, որովհետև եթե կյանքին վտանգ չի սպառնում, ժողովրդի կամ այդ նույն համայնքում ապրող մարդկանց քաղաքական կամ քաղաքացիական իրավունքները, ապա նաև ազգի ինքնորոշման իրավունքը հնարավոր է իրացնել ներքին ինքնորոշման տարբերակով»:
Անդրադարձ կատարվեց այն հարցին, որ բնականաբար, կարևոր է Արցախի Հանրապետության ճանաչումը ոչ միայն Մինսկի խմբի համանախագահների, այլև այլ ազդեցիկ երկրների կողմից, ինչը խնդրի լուծման համար, անշուշտ, մեծ առաջընթաց կլինի:
Քննարկման ժամանակ նշվեց. «Հայաստանը, ճիշտ է, պաշտոնապես չի ճանաչել Արցախի անկախությունը, բայց ներքուստ ճանաչել է արդեն իսկ կատարած բազմաթիվ քայլերով: Օրինակ՝ սկսած Արցախի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության դրոշի կողքին փակցնելուց և պետական այցելություններից, վերջացրած Արցախին ցուցաբերած տարատեսակ օժանդակություններով»:
Հետաքրքիր ու բովանդակալից քննարկման շնորհիվ ուսանողները թեմայի վերաբերյալ նոր գիտելիքներ ձեռք բերեցին:
Պանելային քննարկման ավարտին Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Լեյլի Թադևոսյանը և ԵՊՀ ՈՒԳԸ քարտուղար Սիրանուշ Բաղումյանն ուսանողական հանրույթի պատրաստած հարցերը հղեցին բանախոսներին՝ ստանալով սպառիչ պատասխաններ:
Ուսանողական գիտական ընկերությունը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում բանախոսներին հագեցած ու բովանդակային քննարկման, իսկ ուսանողներին՝ ակտիվ մասնակցության համար։