- Главная
- Node
- ՖԻԶԻԿԱՅԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ
Февраля 18, 2021 | 16:37
ՖԻԶԻԿԱՅԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ
ԵՊՀ աստղադիտարանն այսօր հյուրընկալել էր Երևանի թիվ 184, 118, 94, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ, «Հերացի», Փարաքարի ավագ դպրոցների աշակերտներին:
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության և ԵՊՀ աստղադիտարանի տնօրեն Աշոտ Մելքոնյանի նախաձեռնությամբ մասնագիտական կողմնորոշման նպատակով անվճար դասընթացներ են կազմակերպվել ապագա դիմորդների համար:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ աստղադիտարանի տնօրեն, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Աշոտ Մելքոնյանն առանձնահատուկ կարևորեց նմանատիպ նախաձեռնությունների դերն ինչպես ապագա ուսանողների մասնագիտական կողմնորոշման հարցում, այնպես էլ Հայաստանում «Ֆիզիկա» առարկայի հանրայնացման գործում:
«Շատ երեխաներ առանձնահատուկ հետաքրքրություն են տածում «Ֆիզիկա» առարկայի հանդեպ,- փաստեց աստղադիտարանի տնօրենը,- այս դասընթացները կուղղորդեն նրանց, ինչպես նաև կօգնեն Հայաստանում վերակենդանացնել հետաքրքրությունն առարկայի նկատմամբ»:
Նրա խոսքով, ավագ դպրոցի աշակերտները շատ ոգևորված են դասընթացի բովանդակությամբ:
«Դասընթացի ժամանակ աշակերտները հնարավորություն ունեն առավել մանրամասն անդրադառնալու այն թեմաներին, որոնք սովորաբար դուրս են մնում դպրոցական ծրագրերից, բայց առանձնահատուկ կարևոր են առարկան լավ պատկերացնելու համար»,- նշեց պարոն Մելքոնյանը:
Նա տեղեկացրեց, որ ֆիզիկայի անվճար դասընթացի շրջանակում մասնակիցների համար կկազմակերպվեն նաև տարաբնույթ հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ. «Հույս ունենք, որ բնական գիտությունները կվերականգնեն իրենց կարևոր դերը մեր կյանքում, իսկ մենք էլ ամեն ինչ կանենք քայլ առ քայլ դրան հասնելու համար»: