- Главная
- Node
- ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՐՏԵՐԿՐԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Май 27, 2022 | 15:40
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՐՏԵՐԿՐԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի՝ կենդանաբանության ամբիոնի գիտաշխատողների ղեկավարությամբ Երևանի բուսաբանական այգում անցկացված «BioBlitz Երևան» միջոցառման շրջանակում իրականացվեց գիտական հետազոտություն, որին մասնակցեցին նաև Վրաստանից ու Գերմանիայից ժամանած գիտնականներ:
«BioBlitz Երևան» միջոցառմանը ԵՊՀ-ից մասնակցեցին կենսաբանության ֆակուլտետի՝ կենդանաբանության ամբիոնի վարիչ կ.գ.դ., պրոֆեսոր Մարինե Առաքելյանը, կ.գ.թ., դոցենտ Գեորգի Պապովը և կ.գ.թ., դոցենտ Աստղիկ Ղազարյանը:
Աստղիկ Ղազարյանը, խոսելով «BioBlitz Երևան» միջոցառման կարևորությունից, նշեց. «Այս նախաձեռնությունը հնարավորություն է ստեղծում, որ մի խումբ գիտնականներ, բնագետներ և կամավորներ միասին ուսումնասիրեն տարածքի կենսաբազմազանությունն ու հանձն առնեն դրա պահպանության գործը: Կարելի է ասել, որ այս միջոցառման շրջանակում սովորական քաղաքացին դառնում է գիտնական, և գիտնականների ղեկավարությամբ կատարվում է ուսումնասիրություն»:
Անդրադառնալով ուսանողների՝ միջոցառմանն ունեցած ակտիվ ներգրավվածությանն ու ցուցաբերած գիտելիքներին՝ Ա. Ղազարյանն ընդգծեց. «Ճիշտ է, մեզ թարգմանիչներ էին ուղեկցում, սակայն արտերկրից եկած գիտնականների հետ ուսանողները հիմնականում շփվում էին անգլերենով: Սա նպաստում է ուսանողների՝ մասնագիտական բառապաշարի զարգացմանը և ստեղծում տեսական գիտելիքները պրակտիկայում կիրառելու հնարավորություն»:
Նշենք նաև, որ «BioBlitz Երևան»-ի մասնակիցներին նախապես տրամադրվել էր ժամանակացույց, որով սահմանված էր, թե որ ժամանակահատվածում կենդանիների որ տեսակի ուսումնասիրությունն է կատարվելու:
«BioBlitz Երևան»-ն իրականացավ «CaBol» ծրագրի շրջանակում: «CaBol» ծրագրի նպատակն է ստեղծել Կովկասի ցամաքային ու ջրային բոլոր օրգանիզմների՝ բույսերի, կենդանիների, մանրէների հավաքածուներ: