- Главная
- Node
- ECER 2022-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Августа 24, 2022 | 16:57
Կրթություն
Գիտություն
Հասարակություն
ECER 2022-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «ՀՀ-ում կրթության ոլորտի վերլուծության արդյունքներն ու եզրահանգումները» խորագրով պանելային քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին կրթության ոլորտի համապարփակ վերլուծության արդյունքները, պլանավորված անելիքները և թեմատիկ հետազոտություններ։
Պանելային քննարկումը մեկնարկեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ, ներկայացուցչի ժ.պ. Սիլվիա Մեստրոնիի ողջույնի խոսքով։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին նախադպրոցական և հանրակրթության ոլորտներին վերաբերող հետազոտությունները, որոնք իրականացրել են վեց թիմեր։ Թիմերի ղեկավարները կարևորեցին այն, որ ուսումնասիրությունների ժամանակ անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում առկա թե՛ առավելություններին և թե՛ թերություններին։
Պանելային քննարկմանը ներկայացած հետազոտական թիմերից մեկը ղեկավարում էր ԵՊՀ դոցենտ, EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ և ECER 2022 համաժողովի կոորդինատոր Աննա Ալեքսանյանը, որը, մեզ հետ զրույցում անդրադառնալով կատարված հետազոտությունների արդյունքներին և դրանց տարածման կարևորությանը, նշեց. «Հետազոտությունները լայն ընդգրկում ունեն՝ սկսած նախադպրոցական կրթությունից մինչև կրթության կառավարում։ Դրանց արդյունքներն արդեն ամփոփման փուլում են և շուտով կներկայացվեն շահագրգիռ կողմերին։ Անչափ կարևոր եմ համարում այն, որ կրթության ոլորտին առնչվող բոլոր մասնագետները հնարավորություն կունենան ծանոթանալու ուսումնասիրություններին»։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև հետազոտությունների կատարման նպատակով ձևավորված հիմնական հինգ ուղղությունները։ Հետազոտության արդյունքները ներկայացնելուց հետո մասնակիցները հնչեցրին հարցեր։ Տեղի ունեցավ ինտերակտիվ պլենար քննարկում՝ նախապես մշակված հարցաշարով, որը վերաբերում էր հետազոտության արդյունքներին։ Մասնակիցները, պատասխանելով հարցերին, ներգրավվեցին հետազոտության արդյունքների ներկայացման գործընթացում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի համակարգող Արման Գասպարյանի խոսքով՝ հետագայում ուսումնասիրություններ իրականացնելիս այս շրջանակում արված հետազոտությունները մասնագիտական հանրույթի համար կծառայեն որպես հիմք։
«Հուսով ենք՝ մասնագիտական հանրույթը կօգտագործի մեր հավաքագրած տվյալները, որպեսզի ավելի լավ ճանաչի ոլորտում աշխատող մարդկանց խնդիրները, ինչպես նաև կծանոթանա խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկվող լուծումներին»,- ի լրումն նշեց Ա․ Գասպարյանը։
Հավելենք, որ նշված հետազոտություններն իրականացվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ և «Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամ»-ի (GPE) տրամադրած դրամաշնորհի միջոցով։