- Главная
- Node
- ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՍԹԱՐՄՈՒՍ» ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻՆ
Сентября 12, 2022 | 16:19
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՍԹԱՐՄՈՒՍ» ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի և կենսաբանության ֆակուլտետները «Գիտության ճամբարում» ներկայացել են թեմատիկ տաղավարներով:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը սեպտեմբերի 8-11-ը վերածվել էր գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ներկայացվում էին գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնը «Գիտության ճամբարում» ներկայացրել է Հայաստանում տարածված և Կարմիր գրքում գրանցված ժայռային մողեսներ, փափկամարմիններ, սարդեր, թիթեռներ և այլ կենդանատեսակներ:
Կենսաբանության ֆակուլտետի ավագ լաբորանտ, կ.գ.թ. Ռուզաննա Պետրոսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով մողեսների վերոնշյալ տեսակների ցուցադրման կարևորությանը, ասել է. «ԵՊՀ-ում իրականացնում ենք բնապահպանական բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ ստեղծել ենք լաբորատորիա, որտեղ բազմացնում ենք անդրկովկասյան բազմագույն մողեսիկներ, ապա դրանց բաց թողնում բարենպաստ բնակլիմայական պայմաններում»:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակից Մերի Արզումանյանը, խոսելով փափկամարմինների, սարդերի և թիթեռների որոշ տեսակների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացման կարևորությունից, ընդգծեց. «Քանի որ ողնաշարավոր կենդանիներն առավել շատ են ուսումնասիրված, քան անողնաշարավորները, ուստի ճամբարը հնարավորություն է ստեղծում մարդկանց ուշադրությունը սևեռելու դեպի անողնաշարավոր կենդանիները: Սա կնպաստի դրանց ճանաչելիության բարձրացմանը և կրտսեր սերնդի շրջանում կենդանաբանության նկատմամբ հետաքրքրություն կառաջացնի, ինչը հետագայում կօգնի մասնագիտության ընտրության հարցում»:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիան «Գիտության ճամբարում» ներկայացրել է օպտիկական տարրեր, այդ թվում՝ բևեռացուցիչներ, զտիչներ, ալիքատարներ, հոլոգրամներ և այլն:
Ֆիզիկայի ֆակուլտետի ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆ.մ.գ.թ. Մուշեղ Ռաֆայելյանը, անդրադառնալով ֆիզիկայի հանրայնացման կարևորությանը, փաստեց, որ ճամբարը գիտահանրամատչելի է և ներգրավում է թե՛ դպրոցահասակների, թե՛ ուսանողների և թե՛ հետազոտող-գիտնականների։
««Գիտության ճամբար»-ը, կարելի է ասել, երիտասարդների համար ոգեշնչման աղբյուր է և հետաքրքրություն է առաջացնում բարդ թվացող գիտության նկատմամբ»,- ասել է Մ. Ռաֆայելյանը:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնը ներկայացրել էր Հեյգեր-Մյուլլերի հաշվիչ սարքը, սցինտիլյացիոն հաշվիչ սարքը, ինչպես նաև Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչների հետ՝ Ջրաջրային էներգետիկական ռեակտորի (ՋՋԷՌ 440) մանրակերտը և այլն:
Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Գոռ Մուրադյանն ընդգծեց, որ շատերը տեղեկացված չեն, թե ներկայացվող սարքերը կենսական ի՞նչ նշանակություն ունեն, և ճամբարը նաև ձեռք է բերում ճանաչողական բնույթ։ Ամփոփելով խոսքը՝ նա նշեց, որ մասնակիցների թիվը և հետաքրքրվածությունը գերազանցել են իրենց սպասելիքները:
Ֆիզիկայի ֆակուլտետի մեկ այլ ուսանող՝ Ալվարդ Մալխասյանը, մեզ հետ զույցում անդրադարձավ ճամբարի ընձեռած հնարավորություններին՝ նշելով. «Մարդկանց մեծամասնությունը ֆիզիկան համարում է բարդ գիտություն, բայց այս ճամբարն ապացուցեց, որ եթե գիտությունը հանրամատչելի ներկայացվի, շատերին կհետաքրքրի: Այս ճամբարը կարևոր է նաև նրանով, որ ներգրավել է ոչ միայն գիտության, այլև արվեստի բնագավառի ներկայացուցիչներին»:
Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան N6 հիմնական դպրոցի աշակերտներին ուղեկցում էր ուսուցիչը, որը մեզ հետ զրույցում ասաց․ «Վերջին տարիների տեխնոլոգիական մեծ առաջընթացը նպաստել է մեխանիկական աշխատանքի կրճատմանը: Այսօր հետաքրքիր է տեսնել երիտասարդ սերնդի գիտական նվաճումները»:
Ճամբարի մասնակից Հասմիկ Գասպարյանը պատմեց, որ բազմիցս մասնակցել է նմանօրինակ միջոցառումների, սակայն «Գիտության ճամբարն» իր տեսակով տարբերվող էր և ներգրավել էր տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների:
Նշենք, որ տարբեր տաղավարներ ներկայացնում էին գիտության տարբեր ճյուղեր՝ աստղաֆիզիկա, ռոբոտաշինություն, տիեզերական և արհեստական արբանյակներ և այլն: