- Главная
- Node
- ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿԵՆՍԱՔԻՄԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
Сентября 20, 2022 | 10:10
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿԵՆՍԱՔԻՄԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
Եվրոպական կենսաքիմիական ընկերությունների ֆեդերացիայի (FEBS) 46-րդ գիտաժողովի ընթացքում համալսարանականները ներկայացրել են զեկուցումներ՝ նվիրված քաղցկեղի ուսումնասիրության, մանրէների նյութափոխանակության և նանոտեխնոլոգիայի զարգացման հիմնախնդիրներին:
Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Լիլիթ Գաբրիելյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով միջազգային գիտաժողովներին հայ գիտնականների, հատկապես երիտասարդների մասնակցության կարևորությանը, նշեց. «Երիտասարդ գիտնականները հնարավորություն են ստանում գիտական հանրույթին ներկայացնելու իրենց հետազոտական աշխատանքները, շփվելու օտարերկրյա գիտնականների հետ, ինչն էլ նպաստում է մտքերի փոխանակմանը և հետագա համագործակցությունների զարգացմանը»,- ասաց Լ. Գաբրիելյանը:
Դոցենտը փաստեց, որ ֆակուլտետի գիտնականների հետազոտական աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել օտարերկրյա գիտնականների շրջանում, քննարկումների ընթացքում եղել են համագործակցության առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանում կենսաքիմիայի ոլորտի զարգացմանը:
ԵՊՀ հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ Նիկոլայ Ավթանդիլյանը հատկանշական է համարում համալսարանական գիտնականների մասնակցությունը գիտաժողովի հատուկ նիստերին, որտեղ ներկայացվել են կենսաքիմիայի նորագույն ուղղությունները, ապագա քայլերը, գիտական դրամաշնորհները, գիտական հոդվածներ գրելու հմտությունները, կարճաժամկետ ու երկարաժամկետ ուսուցման հնարավոր տարբերակներն ու մեթոդները:
«Ուրախալի է այն փաստը, որ յուրաքանչյուր օր մենք ունեցել ենք առնվազն մեկ զեկուցում: Դա վկայում է այն մասին, որ մեր ամբիոնի հետազոտական աշխատանքներն ընդգրկում են կենսաքիմիայի բոլոր բնագավառները»,- մեզ հետ զրույցում ասաց Ն. Ավթանդիլյանը։
Լաբորատորիայի վարիչը նույնպես գիտական հետաքրքրությունների շրջանակի և աշխարհայացքի ընդլայնման տեսանկյունից կարևորեց երիտասարդների մասնակցությունը միջազգային գիտաժողովներին:
Նշենք, որ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտնականները ներկա են եղել գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, ունկնդրել Եվրոպայի առաջադեմ կենսաբանների դասախոսությունները, մասնակցել պլենար քննարկումներին և ծանոթացել մի շարք հայտնի ընկերությունների գիտական նորարարություններին ու անալիտիկ մեթոդներին:
Լիսաբոնում կայացած գիտաժողովի ժամանակ ավելի քան 3000 գիտնականների ներկայացրած աշխատանքները, որոնք վերաբերում էին կենսաքիմիայի, մոլեկուլային կենսաբանության և հարակից ոլորտների արդի զարգացումներին, տպագրվել են «FEBS Open Bio» հեղինակավոր ամսագրի՝ գիտաժողովին նվիրված հավելվածում:
Եվրոպական կենսաքիմիական ընկերությունների ֆեդերացիայի 46-րդ գիտաժողովին հայ գիտնականների մասնակցությունը ֆինանսավորվել է FEBS-ի դրամաշնորհների կոմիտեն («Young Scientist- FEBS Sprinzl Scheme» bursary), ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի միջոցներով: