- Главная
- Node
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ. ԱՄՓՈՓՎԵՑ «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2022» ԾՐԱԳԻՐԸ
Сентября 30, 2022 | 11:51
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ. ԱՄՓՈՓՎԵՑ «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2022» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում ամփոփվեց ֆակուլտետի ՈՒԽ-ի կազմակերպած «Իրավունքի ամառային դպրոց 2022» ծրագիրը: Ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը բանախոսներին և եզրափակիչ քննությունը հաջողությամբ հանձնած 28 մասնակիցներին հավաստագրեր հանձնեց:
«Իրավունքի ամառային դպրոց 2022» ծրագրի նպատակն էր ՀՀ տարբեր մարզերի ավագ դպրոցների աշակերտներին իրավական գիտելիքներ փոխանցելը՝ նպաստելու նրանց՝ իրավագիտակից քաղաքացի դառնալուն և օգնելու մասնագիտական կողմնորոշման հարցում։ Ֆակուլտետի ուսանողները ծրագրի շրջանակում կարդացել են դասախոսություններ՝ պետության և իրավունքի տեսության, դատական համակարգի գործունեության, սահմանադրական, քաղաքացիական իրավունքների և իրավական այլ թեմաների վերաբերյալ:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը, մասնակիցներին շնորհավորելով ամառային դպրոցը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նրանք հետագայում կկիրառեն ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները։ Գ. Ղազինյանը նաև կարևորեց ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնած ամառային դպրոցի դերը՝ նշելով, որ այն նպաստում է դիմորդների՝ իրավագիտության նկատմամբ հետաքրքրվածության ավելացմանը։
«Ֆակուլտետի ուսանողական խորհրդի ներդրած ջանքերն այս ծրագրի իրականացման գործում բարձր գնահատանքի են արժանի: Ամառային դպրոցի շրջանակում բանախոսել են ֆակուլտետի լավագույն ուսանողներ, որոնք, կարծում եմ, դպրոցականների համար լավ ուսանողի օրինակ են դարձել»,- ընդգծեց դեկանը:
Ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Մանե Խաչատրյանը, որը նաև ծրագրի բանախոսներից էր, մեզ հետ զրույցում անդրադարձավ ամառային դպրոցի նշանակությանն ու ընձեռած հնարավորություններին:
«Կարծում եմ՝ իրավագիտական գիտելիքներ ստանալն ապագա ուսանողներին հետագայում կօգնի առավել հեշտ ընկալել մասնագիտական դասախոսությունները։ Բացի դրանից՝ այս ծրագրի գործառույթներից է մասնագիտության ընտրության հարցում աշակերտներին կողմնորոշելը։ Նշեմ, որ ծրագիրն արդյունավետ էր նաև այլ ոլորտներով հետաքրքրված մասնակիցների համար, քանի որ նրանք, ստացել են այնպիսի գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու՝ իրավագիտակից կենսակերպ վարելու համար»,- նշեց Մանե Խաչատրյանը:
Ամառային դպրոցի շրջանակում ֆակուլտետի ուսանող Միքայել Շախտանյանը դասախոսել է «Պետություն: Պետության ձև» թեմայի շրջանակում: Նա իր ելույթում մասնակիցներին սեփական անձի հանդեպ արդար լինելու խորհուրդ է տվել, քանի որ հակառակ դեպքում, հնարավոր չէ ազնվություն ցուցաբերել պետության և մարդկանց նկատմամբ:
Ամառային դպրոցի մասնակից Սերժ Մեսրոպյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցի մասին տեղեկացել էր ընկերոջից և դիմել էր որպես աշակերտ, իսկ այժմ արդեն ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող է։
«Նախորդ տարի ընկերս մասնակցել էր ծրագրին և վստահեցնում էր, որ ինքս, դրան մասնակցելով, ձեռք կբերեմ կարևոր և օգտակար գիտելիքներ: Ծրագրի ավարտից հետո վստահաբար կարող եմ ասել, որ արդարացան իմ բոլոր սպասելիքները»,- ասաց Ս. Մեսրոպյանը։
Մեր զրուցակիցը հավելեց, որ իր համար հատկապես կարևոր էր այն, որ դասախոսությունները գիտահանրամատչելի էին և ունեն կիրառական նշանակություն:
Նշենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ն մշտապես իրականացնում է ծրագրեր, որոնց ներգրավված են ՀՀ ավագ դպրոցների աշակերտներ, այդ թվում՝ տարբեր մարզերից։