- Главная
- Node
- «ՊԵՐՃ ԲՈՇՆԱՂՅԱՆԸ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ Է ՄԻ ԱՄԲՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ, ԱՎԵԼԻ ՍՏՈՒՅԳ՝ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ»․ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Сентября 30, 2022 | 18:40
Կրթություն
«ՊԵՐՃ ԲՈՇՆԱՂՅԱՆԸ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ Է ՄԻ ԱՄԲՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ, ԱՎԵԼԻ ՍՏՈՒՅԳ՝ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ»․ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ԵՊՀ լուսահոգի պրոֆեսոր, գերհագեցած կենսաուղի անցած զինվորական, ականավոր երկրաբան Պերճ Բոշնաղյանի կյանքին և գործունեությանը նվիրված գրքի շնորհանդեսը։
Պ․գ․դ․, պրոֆեսոր Հակոբ Հարությունյանի հեղինակած «Պերճ Սերգեյի Բոշնաղյան․ ուրվագծեր ռազմական, գիտական և հասարակական-քաղաքական գործունեությունից կամ Momento Vivere» գրքի շնորհանդեսի ժամանակ անվանի գիտնականի գործընկերներն ու երբեմնի ուսանողները վերհիշեցին իրենց ուսուցչի պատգամները, ապրելու յուրահատուկ ձևն ու սկզբունքները։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, ե․գ․թ․, դոցենտ Մարատ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով գրքի հեղինակ Հակոբ Հարությունյանին, նշեց, որ գիրքը մեծարժեք է, քանի որ Պերճ Բոշնաղյանը մեծարանքի արժանի մարդ էր, և նրա կյանքի ու գործունեության օրինակով պետք է դաստիարակել սերունդներին՝ նրանց սովորեցնելով հայրենիքը ճիշտ սիրելու և մեծարելու, հայրենիքին ու գիտությանն անձնվիրաբար ծառայելու ճշմարիտ ուղիները։
Մ․ Գրիգորյանը նշեց, որ ինքը եղել է Պերճ Բոշնաղյանի ուսանողը, և պատիվ է լինել այդպիսի մարդու հետնորդն ու գործը շարունակողը։
Անդրադառնալով Պ․ Բոշնաղյանի՝ մասնագիտական և մարդկային արժեքների ավանդին՝ դեկանը նշեց․ «Պ․ Բոշնաղյանը մշտապես ներկա է իր սիրելի ֆակուլտետում, և մեր գործունեության ընթացքում անընդհատ հիշում ենք մեր դեկանին, որը միշտ ցուցաբերում էր ուսանողակենտրոն մոտեցում․ ցանկացած հարցով նրան դիմելիս միշտ դրական արձագանք էինք ստանում»։
Դեկանը պատմեց մեծանուն համալսարանականի գործունեության որոշ մանրամասներ և հուշեր՝ ներկայացնելով այն բոլոր պաշտոնները, որ զբաղեցրել է Պ․ Բոշնաղյանը Երևանի պետական համալսարանում։
«Հռչակավոր երկրաբանը եղել է ԵՊՀ պրոռեկտոր, երկրաբանական ֆակուլտետի դեկան, կիրառական երկրաբանության ամբիոնի վարիչ և դասախոս։ Բոլոր բնագավառներում Պ․ Բոշնաղյանի գործունեությունը եղել է ուղենշային, և նա շարունակում է մեզ համար ծառայել մարդու և գիտնականի, հայրենիքի նվիրյալ զավակի և քաղաքացու վառ օրինակ։ Այս գիրքն արժանի գնահատականն է Պերճ Բոշնաղյանի ազգանվեր գործունեության»,- ասաց Մ․ Գրիգորյանը։
Կարևորելով երկրաբանի մասնագիտությունը և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դերը կրթության ոլորտում՝ դեկանը շեշտեց, որ ֆակուլտետը միշտ առաջավոր դեր է ունեցել համալսարանում և համալսարանից դուրս։
Երկրաբանության ֆակուլտետում ուսանել և աշխատել են այնպիսի մեծություններ, որոնք հեղինակություն են եղել ամբողջ հանրապետությունում և դրա սահմաններից դուրս։
Գրքի հեղինակ, պ․գ․դ․ (ՌԴ և ՀՀ) Հակոբ Հարությունյանը ներկայացրեց՝ ինչպես է ձևավորել գրքի ստեղծման գաղափարը, ինքն ինչ աղբյուրներից է օգտվել, և ինչ ճանապարհ է անցել ստեղծագործական թիմը կատարյալ արդյունք ապահովելու համար։
Հ․ Հարությունյանը նշեց, որ ինքը միշտ տպավորված է եղել Պերճ Բոշնաղյանի գիտելիքներով և ցանկացած բնագավառում կատարելության ձգտմամբ։ Նա հավաստիացրեց, որ Բոշնաղյանն իսկապես եղել է կատարելություն, և նրա կենսագործունեությունն արժանի էր հանրայնացման, ուստի այսօրինակ աշխատանքները հայոց արժանավորների անունը և գործն անմահացնելու նպատակ ունեն։
«Պերճ Բոշնաղյանը դաստիարակել է մի ամբողջ սերունդ, կամ ավելի ստույգ՝ մի ամբողջ համաստեղություն»,- հպարտությամբ հայտարարեց գրքի հեղինակը։
Պատմության ֆակուլտետի դեկան, պ․գ․դ․, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, մատնանշելով ստեղծված աշխատության բոլոր առավելությունները պատմագիտական վերլուծության տեսանկյունից, ասաց․ «Այս խորազնին ուսումնասիրությունը, ըստ էության, ամբողջական աշխատանք է, որտեղ ներկայացվում է Պ․ Բոշնաղյանի՝ որպես գիտնականի, ռազմական և հասարակական գործչի հերոսական գործունեությունը։ Գրքի հեղինակ Հակոբ Հարությունյանը մեծ հետևողականությամբ և ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել է արխիվային նյութեր՝ կերտելով ամբողջական կերպար»։
Է․ Մինասյանը, անդրադառնալով մեծանուն հայի փոխանցած արժեքներին, նշեց, որ Պ․ Բոշնաղյանը, ունենալով մեծ հեղինակություն և կենսափորձ, սկզբունքային և վիճարկելի մի շարք հարցերում անփոփոխ պահել է իր դիրքորոշումը մինչև վերջ՝ պահպանելով իր ազգային նկարագիրն ու դիմագիծը։
Գրքի մասնագիտական խմբագիր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նույնպես եղել է Պ․ Բոշնաղյանի ուսանողը, և անուրանալի է մեծանուն եկրաբանի դերը ինժիներաերկրաբանական բնագավառի զարգացման գործում։ Մեր զրուցակիցը պատմեց նաև, որ պրոֆեսորի դասախոսությունները միշտ զուգակցվել են պատերազմի վերաբերյալ հուշերով, որոնք եղել են յուրաքանչյուր թեմայի պարտադիր բաղադրիչ։
Պ․ Բոշնաղյանի որդին՝ Արմեն Բոշնաղյանը, շնորհակալություն հայտնելով գրքի ստեղծման համար, ներկաներին մաղթեց հաջողություններ գիտակրթական գործունեության ընթացքում:
ԵՊՀ շրջանավարտ Արարատ Մալխասյանը ևս հիշատակեց Պ. Բոշնաղյանի մարդկային բարձր որակներն ու իր կյանքում ունեցած մեծ դերը։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մարիամ Տաշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գիրքը պետք է լինի յուրաքանչյուր ուսանողի սեղանին, քանի որ այն արտացոլում է ոչ միայն Պ․ Բոշնաղյանի գիտական-մանկավարժական, այլև ռազմական, հասարակական ու քաղաքական գործունեությունը: Գրքի հեղինակ Հակոբ Հարությունյանը, գրքի միջոցով ուսանողների մեջ արթնացնում է հայրենանվեր գործի կարևորության գիտակցումը՝ ոգեշնչելով նրանց և փոխանցելով հայրենասիրական ոգի»:
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին անվանի գիտնականի ուսանողներ, գործընկերներ, ընտանիքի անդամներ և հրավիրյալ այլ անձինք։