- Главная
- Node
- ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Октября 02, 2022 | 11:17
Կրթություն
Գիտություն
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Ս․թ․ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը Վանաձորում կայացավ Համահայկական գիտաժողովը, որի կազմակերպիչներից էր Երևանի պետական համալսարանը։
Համահայկական գիտաժողովը ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսավորած գիտական լաբորատորիաների ձևավորման, թեմատիկ և այլ դրամաշնորհային ծրագրերի հրապարակային հաշվետվություն էր։ Հնգօրյա գիտաժողովի ընթացքում բնագիտության ոլորտի գիտնականները ներկայացրին իրենց հետազոտությունները՝ լսելով տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքներ և քննադատություն:
Գիտաժողովի նպատակն էր խթանել գիտության զարգացումը, հանրապետությունում ստեղծել կապեր գիտահետազոտական ինստիտուտների ու համալսարանների գիտնականների միջև՝ նպաստելով միջգիտակարգային հետազոտությունների և միջառարկայական կապերի հաստատմանն ու զարգացմանը:
ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով գիտաժողովի կարևորությանը, նշեց․ «Համահայկական գիտաժողովը բացառիկ իրադարձություն էր իր ձևաչափով։ Այն մեկտեղել էր գիտության տարբեր բնագավառների ներկայացուցիչների, որոնք հնարավորություն ունեցան միմյանց հետ սերտ համագործակցելու, ինչպես նաև իրազեկվելու, թե առհասարակ ինչ ուղղություններով են աշխատում հայ գիտնականները, միջազգային ինչ համագործակցություններ ու գիտական ձեռքբերումներ ունեն»։
Ե․ Մանուկյանը պատմեց, որ ԵՊՀ անվանի գիտնականները մեծ ոգևորությամբ են ներկայացրել համալսարանի գիտական ներուժը, և համալսարանականների ուսումնասիրած թեմաները մեծ հետաքրքրություն են առաջացրել։
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆ․մ․գ․դ․ Ռաֆիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում շեշտեց գիտաժողովի կարևորությունը՝ նշելով, որ այն ազդարարել է նոր համագործակցությունների մեկնարկ։ Դեկանը հայտնեց, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում ԿԳՄՍՆ գիտության կողմիտեն ֆինանսավորման է երաշխավորել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտական խմբերի ներկայացրած չորս թեմա։ Ռ․ Հակոբյանն ասաց, որ իր ղեկավարած գիտական խումբը ներկայացրել է «Հեղուկ բյուրեղային ալիքաթիթեղներ օպտոﬔխանիկական և օպտոէլեկտրոնային արդյունաբերության համար» գիտական թեմայի շրջանակում կատարված աշխատանքը։
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի` ակադեմիկոս Գ․ Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆ․մ․գ․դ․ Արամ Սահարյանը նույնպես կարևորեց գիտաժողովի նշանակությունը և քննարկվող թեմաների արդիականությունը։ Ամբիոնի վարիչի ղեկավարած գիտական խումբը ներկայացրել է «Արտաքին դաշտերով և տոպոլոգիայով մակածված քվանտային երևույթներ դաշտի տեսության մեջ և կոնդենսացված ﬕջավայրերի ֆիզիկայում» թեմայի շրջանակում կատարված աշխատաքների ընթացքը և գրանցած արդյունքները։
Խոսելով հետազոտության թեմայի ընտրությունից՝ ամբիոնի վարիչն ասաց. «Հետազոտությունը պատասխանում է մի շարք հարցերի՝ ինչպիսի՞ դեր ունեն քվանտային երևույթները տիեզերագիտության մեջ և վաղ տիեզերքի կոսմոլոգիայում, ինչպե՞ս և ինչո՞ւ է տիեզերքն այսօր ընդարձակվում և այլն։ Այս հարցերի պատասխանները, որոնք մենք ստացել ենք կատարված հետազոտությունների արդյունքում, էական դեր ունեն տիեզերագիտության ոլոտում»:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի՝ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կ․գ․դ․ Աննա Փոլադյանը մեզ հետ զրույցում պատմեց հնգօրյա գիտաժողովի ընթացքում ստացած տպավորությունների ու ձեռքբերումների մասին։
«Իմ գիտական գործունեության ընթացքում բազմիցս մասնակցել եմ միջազգային ու հանրապետական գիտաժողովների, սակայն ինձ համար այս մեկն առանձնահատուկ էր։ Սովորաբար յուրաքանչյուր ոլորտ առանձին է գիտաժողով կազմակերպում, ուստի դա լինում է միայն մեկ ուղղությամբ, իսկ այս անգամ տարբեր մանագիտությունների ու տարբեր բնագավառների գիտնականներ էին մեկ հարկի տակ»,- ասաց Ա․ Փոլադյանը։
Մատնանշելով գիտաժողովի առանձնահատուկ բնույթը՝ ամբիոնի վարիչը հավելեց․ «Այսպիսի միջոցառումների շնորհիվ գիտնականները հնարավորություն են ունենում միմյանց հետ շփվելու և՛ պաշտոնական, և՛ ոչ ֆորմալ միջավայրում, ինչը ծնունդ է տալիս նոր նախաձեռնությունների և համատեղ հետազոտությունների։ Օրինակ՝ ոչ ֆորմալ միջավայրում անցկացված քննարկումներից մեկի ժամանակ զրուցում էինք դպրոցահասակ սովորողներին գիտության մեջ ներգրավելու և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու շուրջ»։
Մեր զրուցակիցը հավաստեց, որ կատարվող հետազոտությունների գերակշիռ մասը գիտության միաժամանակ մի քանի բնագավառի հետաքրքրությունների շրջանակում է, և լիարժեք ուսումնասիրություն կատարելու համար հարկավոր է համագործակցել և խնդրո առարկան հետազոտել տարբեր տեսանկյուններից։
«Ներկայում գիտությունն առանձին չի զարգանում, և խրախուսվում են միջդիսցիպլինար հետազոտությունները, ուստի օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ միմյանց հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություններ՝ հետագայում համատեղ աշխատելու ուղղությամբ»,- իր խոսքը եզրափակեց Ա․ Փոլադյանը։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, ք․գ․թ․ Արմեն Գալստյանի խոսքով՝ միջմասնագիտական քննարկումները կարող են փոխել գիտական հետազոտությունների ուղղությունը, առաջ բերել նոր տեսանկյուններ, որոնք առավել արդյունավետ կդարձնեն գիտական աշխատանքները։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ֆիզիկոս Միքայել Խանբեկյանը, ընդգծելով ստեղծված գիտական միջավայրի նշանակալի դերը, ասաց․ «Գիտաժողովը կարևոր է նրանով, որ դրա շնորհիվ սերտ կապեր ստեղծվեցին գիտնականների միջև, որոնք ներկայացնում են գիտության տարբեր բնագավառներ։ Այն հնարավորություն տվեց, որ, օրինակ, ֆիզիկոսի աշխատանքը լսի քիմիկոսը, հասկանա, թե իր ուսումնասիրությունն ի՞նչ նոր ուղղվածություն կարող է ստանալ քիմիայի բնագավառում»։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) գիտական էկոհամակարգի ծրագրերի համակարգող, ԵՊՀ գիտաշխատող, կ․գ․թ․ Տիգրան Հարությունյանը, արժևորելով գիտաժողովի դերը, ասաց․ «Լիահույս ենք, որ այսպիսի գիտաժողովներ հաճախ կկազմակերպվեն, քանի որ դրանք էական նշանակություն ունեն ՀՀ-ում գիտության զարգացման գործում՝ մեկտեղելով հանրապետության գիտակրթական տարբեր կառույցների գիտական միտքը և հիմք դառնալով նոր համագործակցությունների»։
Նշենք, որ գիտաժողովը կայացավ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի, ԵՊՀ Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի համագործակցությամբ և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ:
Հավելենք՝ ԵՊՀ գիտնականներն ակտիվ ներգրավված են գիտական հետազոտություններում, և մենք պարբերաբար անդրադառնում ենք նրանց գիտական գործունեությանը, այդ թվում՝ ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաներին, որոնց հնարավոր է ծանոթանալ ԵՊՀ կայքէջի «Գիտական թեմա» շարքում։