Ս.թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10։00-ին, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին հյուրընկալել էր Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) Հայաստան ժամանած Դուբայի բրիտանական համալսարանի դոկտոր Սոլոմոն Դեյվիդը։
ԵՊՀ ՄԿԶԿ տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ շատ արժեքավոր են նման հանդիպումները և հանդիսանում են համագործակցության նոր նախաձեռնությունների հնարավորություն։ Այնուհետև խոսքը տրվեց հյուրին՝ Բրիտանական համալսարանի դոկտոր Սոլոմոն Դեյվիդին, որը հանդես եկավ «Կրթական քաղաքականությունը բևեռացված աշխարհում» թեմայով հետաքրքիր դասախոսությամբ։ Դասախոսությանը մասնակցում էին նաև ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցման ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Ղազարյանը, ամբիոնի ասիստենտ Իշխան Դադյանը, ինչպես նաև ֆակուլտետի ուսանողներ։ Բանախոս Սոլոմոն Դեյվիդի դասախոսության հայերեն թարգմանությունն ապահովեց Իշխան Դադյանը, ում շնորհալի թարգմանությամբ մեծ լսարանի համար հասանելի դարձավ դոկտորի խոսքը։
Իր ելույթում Սոլոմոն Դեյվիդը Կենտրոնի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացրեց գլոբալ աշխարհում կրթական քաղաքականության դրվածքը, փոփոխությունների միտումներն ու ռազմավարական արդի վեկտորները։ Նա հավելեց, որ չնայած կրթության իրավունքի իրացման գործընթացում արձանագրված հսկայական ձեռքբերումներին՝ աշխարհը բևեռացված է, և կրթական քաղաքականության տարբեր մոդելներ են գործում՝ ոչ համաչափ դարձնելով կրթական քաղաքականության դրվածքն ամբողջ աշխարհում։ Կրթական շահեկան մոդելների առավելությունների հիման վրա են ձևավորվում առավել կատարելագործվածները, որոնք համապատասխանեցվում են ժամանակի պահանջներին։
Հանդիպման ավարտին ծավալվեց հետաքրքիր քննարկում, մասնակիցները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը: Քննարկման հիմնական թեմաներն էին կրթական ռազմավարությունների պլանավորման գործընթացը, կրթական քաղաքականության իրականացման մեխանիզմները, թույլ և ուժեղ կողմերը, հնարավորություններն ու ռիսկերը։ Այնուհետև մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն պրոֆ․ Ն․ Հարությունյանը հուշանվեր ընծայեց բանախոսին: Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը կլինի շարունակական: