11.03.2014
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։
ԵՊՀ-ից պետական մրցանակների է արժանացել ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Շուքուրյանը «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար:
ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը սփյուռքահայ գործընկերոջ՝ Երվանդ Զորյանի հետ 14 տարի առաջ ստեղծել է մի ծրագիր, որն այսօր էլ անփոխարինելի է: Նշելով, որ չիպավորման դարաշրջանում, երբ գրեթե յուրաքանչյուր ոլորտ զարգանում է հիշողության կրիչների ու համակարգիչների շնորհիվ, մեծանում են նաև պահանջներն այդ չիպերի նկատմամբ, ակադեմիկոսը փորձում է մատչելի ներկայացնել իրենց աշխատանքի էությունը. «Չիպի կամ նանոչափական բյուրեղի արտադըրման տեխնոլոգիայի ժամանակ օգտագործվող տարածությունը նանոմետրն է: Նանոն մի քանի անգամ փոքր է միլիմետրից, ու որքան փոքր է սխեմայի տարրերի միջև հեռավորությունը, այդքան մեծ է բյուրեղի պոտենցիալ հնարավորությունների օգտագործումը: Տասը տարի առաջ մասնագետները կարողանում էին նախագծել նանոբյուրեղներ, որոնց տարրերի հեռավորությունը հաճախ 180 նանոմետր էր, այսօր տասն անգամ ավելի քիչ է: Տնտեսած տարածքը ծրագրային ապահովման ու հիշողության համար է օգտագործվում: Առաջընթացին զուգահեռ, սակայն, նոր խնդիրներ են ծագում ու շատ հաճախ արտադրվող չիպերի մեծ մասը խոտանվում է հենց արտադրման ընթացքում: Նախկինում խոտանը հայտնաբերում էին հատուկ սարքի միջոցով»:
Ըստ այդմ՝ չիպում ներկառուցված թեստավորման ունիվերսալ ծրագիրն օգնում է դեռևս նախագծման փուլում հայտնաբերել ցանկացած կրիչի թերությունները, տեղայնացնել և ախտորոշել՝ նվազեցնելով արտադրվող չիպի խոտանի հավանականությունը: Ավելին՝ որպեսզի թեստավորումն իրականացվի առանց թեստավորման առկայության, հայ մասնագետները բազմազան սարքերը բնութագրող մեկ լեզու են ստեղծել ու այն կոչել «ՄԱՍԻՍ»: Սա թերևս գյուտի հայկական ծագման ամենավառ հուշումն է:
Հ.Գ.: «Երևանի համալսարան» թերթը ստորև առավել հանգամանորեն է ներկայացնում Սամվել Շուքուրյանի և Երվանդ Զորյանի «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի տեսական ու կիրառական նշանակությունը:
Ոչ միայն տեսական, այլև կիրառական արդյունքներ
Բյուրեղների նախագծման դժվարացման աճը և դրանց չափերի կրճատումը հանգեցնում են բյուրեղների արտադրության տեխնոլոգիաների կտրուկ դժվարացմանը և արտադրանքի հուսալիության էական իջեցմանը, ինչին գումարվում է նաև նախագծման և արտադրության ժամանակի աննախադեպ նվազումը: Այդ պայմաններում շատ կարևոր է դառնում, որ բյուրեղի մեջ ներկառուցված թեստավորման և վերականգնման լուծումները լինեն զարգացումներին համահունչ՝ բյուրեղների բարձր որակը և ոլորտի տեխնոլոգիական գործընթացների օպտիմիզացիայի համաչափությունն ապահովելու համար:
Սպասվող լուծումը համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների մշակումն է, որոնք պետք է ապահովեն արդյունավետ թեստավորման և վերականգնման ներկառուցվածքի արագ ստացումն արդեն իսկ նախագծված բյուրեղի համար, դրա ներմուծումը բյուրեղի մեջ և ստացված համալիրի ճշտության արդյունավետ ստուգումը, սխալների հայտնաբերումը ու ախտորոշումը: Ոչ պակաս կարևոր են արտադրության դեֆեկտների արագ հայտնաբերումը և տեղայնացումը՝ բյուրեղների զանգվածային արտադրությունից առաջ տեխնոլոգիական գործընթացներն առավել հուսալի արտադրանքի ստացմանը հարմարեցնելու համար:
Հիմնական լուծումները, որոնք ստացված են վերոնշյալ աշխատանքի հեղինակներ Երվանդ Զորյանի և Սամվել Շուքուրյանի տպագրություններում, ներկայացնում են ինտեգրացված համակարգ՝ ներդրված հիշողությունների և բյուրեղի վրա տեղավորված այլ առանձին մտավոր սեփականություն հանդիսացող հանգույցների թեստավորման, վերականգնման և ախտորոշման համար: Արդյունքներին 3000-ից ավելի հղում են արել և դրանք լայնորեն կիրառել են այլ հետազոտողներ:
Մասնավորապես առավել կարևոր արդյունքները 2011 թ-ի սեպտեմբերից մինչև 2013 թ-ի սեպտեմբերն ընկած ժամանակաշրջանում ծածկում են հետևյալ տեսանկյունները.
Հիշողության առաջավոր թեստավորման և վերանորոգման ալգորիթմները, որոնք ապահովում են 20 և ավելի ցածր նանոմետրանոց հիշողության սարքերում նոր դեֆեկտների ծածկույթը:
Ինտերֆեյսի նկարագրություն թեստավորման և վերականգնման գործիքի ու հիշողության սարքերի և այլ առանձին մտավոր սեփականություն հանդիսացող հանգույցների միջև, այդ թվում՝ լեզու հիշողության կառուցվածքային մոդելի նկարագրության համար և մեթոդներ դրա արդյունավետ օգտագործման համար:
Նոր հիերարխիկ ճարտարապետություն թեստային համակարգի համար, որն ապահովում է համակարգային թեստի արդյունավետության զգալի աճ:
Նոր մեթոդներ և ստանդարտներ տվյալների հաղորդման համար թեստի հիերարխիայի տարբեր մակարդակների միջև:
Մեխանիզմ հիշողության սարքերում նոր անսարքությունների կանխատեսման համար ապագա տեխնոլոգիաներում և այդ մեխանիզմի արտացոլումը ներկառուցված թեստավորման և վերականգնման գործիքում:
Հաջորդական և զուգահեռ թեստավորման ճկուն պլանավորման հնարավորություն, ինչն օպտիմիզացնում է թեստավորման ժամանակի և հզորության ծախսը:
Պաշտպանություն փափուկ սխալներից հիշողության սարքերի համար՝ հաշվի առնելով դրանց կառուցվածքը:
Ֆիզիկական խափանումների քարտեզի վրա հիմնված խափանումների խորացված ախտորոշում, ինչպես նաև խափանված բիթային բջիջների կորդինատների որոշում:
Ստացված արդյունքները ոչ միայն հիմք են հանդիսանում հետագա հետազոտությունների համար, այլև ինքնին կիրառությանը կողմնորոշված են: Այս տեսակետից կարևոր է նշել, որ երկու հատուկ գործիքներ, որոնք մշակվել են «Սինոփսիս» ընկերությունում, օգտագործվում են հեղինակների ստացած արդյունքները: Այդ գործիքներն են 2001 թ-ին հայտարարված «DesignWare STAR Memory System» (SMS) և 2013 թ-ին հայտարարված «DesignWare STAR Hierarchical System» (SHS) արտադրանքները, որոնք օգտագործում են ավելի քան 300 ընկերություններ:
Արագ զարգացող կիսահաղորդչային թեստավորման շուկայում 11 տարին երկար ժամանակ է առաջատար դիրքերում գտնվելու համար: Շատ արտադրատեսակներ արագորեն փոխարինվում են նորերով և նույնքան արագորեն պարզապես մոռացվում են: Շատ արտադրատեսակներ երբեք մրցանակներ չեն շահում, իսկ այն մի քանիսը, որոնք շահում են, հազվադեպ են շահում մեկից ավելին:
SMS արտադրանքն այդպիսի հազվագյուտ թեստային արտադրատեսակներից է: Երկրորդ անգամ 2013 թ-ին այն ստացել է «Թեստավորման և չափման՝ աշխարհում լավագույնը թեստավորման մեջ» մրցանակը (Test & Measurement World Best in Test Award): 2002 թ-ին այն ստացավ թեստավորման մեջ լավագույն՝ «Տարվա արտադրանք» մրցանակը, իսկ 2013 թ-ի նոր մրցանակն արտահայտում է արդյունաբերության գնահատականն արտադրանքի նկատմամբ:
Այս թեմայով կարդացեք նաև
- «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար» - YouTube
- Պետական մրցանակի արժանացած կանադահայ գիտնականը կարևորում է հայ մասնագետների հետ համագործակցությունը - Պանորամա | Հայաստանի նորություններ (panorama.am)
- Նախագահը հանձնել է պետական մրցանակներ. «Դուք մարմնավորում եք շարունակականությունն ու զարգացումը ձե՛ր գործով և ձե՛ր նկարագրով» - Պանորամա | Հայաստանի նորություններ (panorama.am)