- Главная
- Node
- Նախադեպը չունեցող «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսը ԵՊՀ-ում
Май 16, 2023 | 21:19
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն
Նախադեպը չունեցող «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսը ԵՊՀ-ում
Մայիսի 16-ին ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսը՝ նվիրված համալսարանի հիմնադրման 104-ամյակին։ Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվեցին կրթության և կարիերայի՝ միմյանց փոխկապակցված տոնավաճառներ, պանելային քննարկումներից բաղկացած կոնֆերանս, գերազանցության մրցանակաբաշխություն, տարաբնույթ աշխատարաններ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ և ցուցադրություններ։
Բանն էր սկիզբն ամենայնի․․․
Գործն էր սկիզբն ամենայնի։
Յո․ Վ․ Գյոթե «Ֆաուստ»
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ ԵՊՀ ռեկտորը, ողջունելով էքսպոյի բոլոր մասնակիցներին, նշեց Երևանի պետական համալսարանի՝ երկրի որակյալ կրթության ու գիտության կազմակերպման, մտավոր ներուժի, մտքերի ու գաղափարների գեներացման հիմնական հարթակը լինելու մասին՝ առանձնակի կարևորելով գործընկերների հետ արդյունավետ և շարունակական փոխգործակցությունը։
«ԵՊՀ-ն պարզապես բարձրագույն կրթության կենտրոն չէ. այն անսպառ էներգիայի ու ոգեշնչման աղբյուր է՝ մեր ներուժը բացահայտելու և մեծ նպատակներին ու երազանքներին հասնելու համար։ Համալսարանի հիմնադրման օրվան նվիրված տոնական միջոցառումները մենք մեկնարկում ենք «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2023» խորագիրն ունեցող ցուցահանդեսով, քանի որ վստահ ենք, որ կրթության զարգացման երաշխիքներից մեկը կապն է աշխատաշուկայի հետ. համալսարանի տրամադրած գիտելիքը պետք է իր արդյունավետ կիրառությունը գտնի աշխատանքում, ուստի հասկանալով աշխատաշուկայի արդի միտումները՝ մենք կկարողանանք վերանայել մեր կրթական ծրագրերը և քայլել ժամանակի պահանջներին համընթաց»,- ընդգծեց Հ․ Հովհաննիսյանը։
Ցուցահանդեսի հիմնական գործընկերը «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն է, որի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, ներկայացնելով կազմակերպության և համալսարանի միջև արդյունավետ համագործակցության կարևորությունը և հեռանկարները, առանձնակի շեշտեց․ ««Երեմյան Փրոջեքթս»-ը Հայաստանի բիզնես ոլորտի խոշորագույն գործատուներից է, որն ունի ավելի քան 2000 աշխատակից։ Համալսարանի հետ համագործակցությունը և այսօրինակ միջոցառումներին մեր մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատում են մեր ընկերության պատրաստակամությունը՝ միավորելու ջանքերը սննդի անվտանգության, սննդի արտադրության և տեխնոլոգիաների, ինչպես նաև արտադրության այլ ոլորտների զարգացմանը միտված ծրագրերի իրականացման գործում։
Առաջիկա տարիներին հանրությանը ներկայանալու ենք ավելի մասշտաբային նախագծերով։ Մեր թիմը կրկին ընդլայնվելու է, և վստահ եմ, որ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը ծառայեց իր նպատակին՝ երիտասարդների համար դառնալով այն հարթակը, որտեղ նրանք հնարավորություն ստացան գործատուների հետ անմիջականորեն հաղորդակցվելու և դեպի աշխատաշուկա նոր ուղիներ նախանշելու»։
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ներկայացնելով ցուցահանդեսի կազմակերպման մտահղացումը, նպատակը և նշանակալիությունը, ընդգծեց․ «ԵՊՀ հիմնադրման 104-ամյակը որոշեցինք այս տարի տոնել յուրօրինակ կերպով՝ միավորելով գործառնական տարատեսակ բաղադրիչներ, որոնք անմիջականորեն առնչվում են համալսարանի գործունեությանը և նպաստում կառույցի՝ տարբեր ուղղություններով տարվող աշխատանքների զարգացմանը։ Մենք շարունակաբար աշխատում ենք դիմորդների, ուսանողների, շրջանավարտների և գործընկերների հետ և նպատակ ունենալով առավել ամրապնդելու պարբերական բնույթ ունեցող այսօրինակ փոխգործակցությունները՝ կազմակերպեցինք «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը։
Խոսելով էքսպոյի խորագրի մասին՝ Մ․ Հովհաննիսյանը նշեց, որ անվանումն ունի խորհրդանշական բացատրություն․ ««Լոգոս»-ը բանն է, խոսքը, միտքը, բանականությունը, գիտելիքը, որոնք գլխավորապես ընկած են կրթության հիմքում, իսկ գործը ստացած գիտելիքի կիրառման անմիջական հնարավորությունն ու հիմնական նպատակն է․ ստանալով գիտելիքը՝ ստեղծում ենք նոր արժեք»։
ԵՊՀ մարքեթինգի բաժնի ղեկավար Ազնիվ Գրիգորյանը, մեզ հետ զրույցում ընդգծելով այսօրինակ միջոցառումների կարևորությունը թե՛ ուսանողների, թե՛ գործատուների և թե՛ համալսարանի համար՝ նշեց․ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը կոչված է մեկտեղելու լայն հնարավորությունները, որոնք առաջարկվում են ինչպես ուսանողներին, այնպես էլ գործատուներին։ Փոխհամաձայնեցված գործակցությունը երկուստեք կարևոր է թե՛ գործատուի համար, որի գործունեությունը ճիշտ ուղով կզարգանա ԵՊՀ լավագույն կադրերի շնորհիվ և թե՛ ուսանողների համար, որոնք համալսարանում ստացած տեսագործնական գիտելիքների շնորհիվ հնարավորություն ունեն մասնագիտությամբ աշխատելու դեռևս ուսանողական տարիներից։ Բուհ-գործատու արդյունավետ համագործակցությունը նշանակալի քայլ է նաև համալսարանի և առհասարակ պետության կայուն զարգացման ուղղությամբ»։
«Այս բազմաբևեռ միջոցառման շնորհիվ համալսարանի բոլոր անկյուններում աշխույժ և ակտիվ մթնոլորտ է ստեղծված։ Այցելուները մեծ ոգևորությամբ ձգտում են լինել ամենուր, մասնակցել բոլոր խաղերին, քվեսթներին, վիկտորինաներին և շահել մրցանակներ։ Այս ամենը խթան է հետագայում այսպիսի միջոցառումների թիվն ավելացնելու և մասշտաբն առավել ընդլայնելու համար»,- հավելեց Ա․ Գրիգորյանը։
Անդրադառնալով միջոցառման կազմակերպական աշխատանքներում ԵՊՀ մարքեթինգի թիմի ներգրավվածությանը՝ Ազնիվ Գրիգորյանը նշեց․ «Մեծ պատասխանատվություն էր ստանձնել այսպիսի կարևոր միջոցառման կազմակերպական և դիզայներական աշխատանքների կատարումը․ հանրության համար էքսպոյի մանրամասների հասանելիության ապահովում ԵՊՀ սոցհարթակներում, գործընկերների ներկայացվածություն ԵՊՀ պաշտոնական կայքէջում, համալսարանի ամբողջ տարածքով և սոցիալական հարթակներով ուղիղ եթերի կազմակերպում, հընթացս միջոցառման վերաբերյալ այցելուների իրազեկվածության ապահովում և շատ այլ գործառույթներ, որոնք, համալսարանականների կարծիքով, հաջողությամբ կատարեցինք»։
Ներկայացնելով «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ի շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կատարած աշխատանքը՝ կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց․ «ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը հայաստանյան և միջազգային գործատուների, այդ թվում՝ մասնավոր և պետական հատվածի գործընկերների հետ ձեռք բերած համագործակցության շրջանակում նրանց ներգրավել է այս էքսպոյում։ Մեր գործընկերները ներկայացել էին տեղեկատվական տաղավարներով, որտեղ դիմորդներին, ուսանողներին և շրջանավարտներին ծանոթացնում էին իրենց առաջարկած հնարավորություններին, հատկապես կարիերա ստեղծելու տեսանկյունից։ Այդ համատեքստում շատ կարևոր է այն, որ էքսպոյի շրջանակում գործատուներն անմիջական կապ հաստատեցին ուսանողների հետ՝ հանդես գալով առարկայական առաջարկներով»։
Կ․ Նազարյանն առանձնակի կարևորեց նաև դիմորդի՝ աշխատաշուկայի հնարավորությունների մասին տեղեկացված լինելը, քանի որ դա նշանակալի, հաճախ նաև վճռորոշ դեր ունի մասնագիտական կողմնորոշման գործում։
«Գործատուի հետ արդյունավետ կապը համալսարանի համար միշտ է կարևոր եղել, և այդ կապն ամրապնդվել է տարբեր ձևաչափերի նախաձեռնություններով, ընդհուպ հուշագրերի կնքումով։ Նկատենք, որ բուհն իր կրթական ծրագրերը կազմելիս առաջնորդվում է՝ հաշվի առնելով գործատուի պահանջները և աշխատաշուկայի առաջընթացը»,- նշեց Կ. Նազարյանը։
Անդրադառնալով այսօրինակ միջոցառումների կազմակերպման էական նշանակությանը՝ Կարինե Նազարյանը փաստեց, որ դրանք ստեղծում են մի միջավայր, որտեղ ուսանողները հնարավորություն են ունենում մեկ օրվա ընթացքում ծանոթանալու իրենց մասնագիտական ոլորտի ներկայացուցիչ կազմակերպություններին, ինչպես նաև պանելային քննարկումների միջոցով բարձրաձայնելու և հանրայնացնելու իրենց հետաքրքրող շատ խնդիրներ՝ միասին գտնելով դրանց լուծման ուղիները։
ԵՊՀ կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումները (ֆակուլտետներ, ինստիտուտներ, կենտրոններ) «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ի շրջանակում ներկայացրին իրենց գործունեությունը, կրթական ծրագրերն ու արտասահմանյան առաջատար բուհերի հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում կրկնակի դիպլոմ ստանալու հնարավորությունները։ Այցելուները ծանոթացան ֆակուլտետների կրթական ծրագրերի առանձնահատկություններին, ԵՊՀ ընդունելության կարգին, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հեղինակած մասնագիտական գրքերին և գիտական հոդվածներին, ԵՊՀ գիտահետազոտական նախագծերին, աշխատաշուկայում առկա հնարավորություններին։ Նրանք նաև անմիջականորեն հաղորդակցվեցին առաջատար դասախոս-մասնագետների և անվանի գիտնականների հետ, մասնակցեցին տարբեր մասնագիտությունների առնչվող հետաքրքիր խաղ-մրցույթների, վիկտորինաների, կատարեցին տարաբնույթ գիտափորձեր, ինչպես նաև լուսաբանեցին իրադարձությունն իրենց հատուկ ձեռագրով։
Երևանի պետական համալսարանի գործընկեր կազմակերպությունները տարբեր տաղավարներում այցելուներին ծանոթացրին իրենց գործունեությանը և ներկայացրին աշխատանքի հնարավորությունները։ ԵՊՀ-ն համագործակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների, ՀՀ պետական և մասնավոր ընկերությունների հետ՝ ապահովելով ուսանողների և գործատուների միջև շարունակական կապը։ Էքսպոյի ժամանակ գործընկեր կազմակերպությունները ոչ միայն ներկայացրին կոնկրետ ոլորտի (մասնագիտության) վերաբերյալ մանրամասներն ու թափուր հաստիքները, այլև մասնակցեցին այնպիսի քննարկումների, որոնք ապագայում կնպաստեն ուսանողների մասնագիտական հմտությունների և կարողունակությունների զարգացմանը: Ընդհանուր առմամբ, էքսպոյին մասնակցել են տեղական ու միջազգային մոտ ութսուն գործատու։
Շարունակելի․․․