Պատմաբան
Ծնվել է 1900 թ. հունվարի 3-ին Լոռու Ծաթեր գյուղում: Տնտեսական ծանր պայմանների պատճառով մեկնել է Թիֆլիս և ինը տարի աշխատել որպես բանվոր:
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո վերադարձել է հայրենիք, զբաղվել կոմերիտական աշխատանքով, միաժամանակ լրացրել կրթության պակասը:
1923 թ. ընդունվել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետ: 1926 թ. ընդունվել է կոմկուսի շարքերը: 1927 թ. ավարտել է համալսարանը և ստանձնել ԵՊՀ ուսանողական գործադիր բյուրոյի քարտուղարի, այնուհետև՝ կուսակցական կոմիտեի քարտուղարի պարտականությունները:
1930-1931 թթ. կուսակցական աշխատանք է կատարել ՀԿ(բ)Կ Արտաշատի շրջկոմում որպես ագիտ-պրոպագանդայի բաժնի վարիչ, ապա՝ նույն շրջկոմի առաջին քարտուղար: 1931 թ. ընդունվել և 1936 թ. ավարտել է Բաքվի մարքսիզմ- լենինիզմի ինստիտուտը: Վերադառնալով Երևան՝ կուսակցական ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀԿ(բ)Կ ԿԿ դպրոցական բաժնում:
1937 թ. նոյեմբերին նշանակվել է ԵՊՀ ռեկտոր:
1938 թ. հունվարի 8-ին ձերբակալվել է՝ մեղադրվելով հակահեղափոխական, աջ տրոցկիստական, ազգայնական կազմակերպության անդամ լինելու, հակահեղափոխական ագիտացիա վարելու, առանց թույլտվության զենք պահելու, ինչպես նաև Բաքվի մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տեռորիստական խմբավորման անդամ լինելու մեջ: 1939 թ. հունիսի 9-ին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման ուղղիչ աշխատանքային գաղութում և աքսորվել Վլադիվոստոկ:
1947 թ. հունվարի 9-ին ազատվել է պատժի կրումից, փետրվարի 9-ին վերադարձել Հայաստան, սակայն երկու տարի անց՝ 1949 թ. փետրվարի 18-ին, կրկին ձերբակալվել է նույն մեղադրանքով: 1949 թ. հունիսի 18-ին դատապարտվել է ազատ աքսորի և ուղարկվել Կրասնոյարսկ: Աքսորից ազատվել է 1954 թ.:
1955 թ. արդարացվել է. գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով: Քայքայված առողջության պատճառով չկարողանալով աշխատել՝ անցել է թոշակի:
Վախճանվել է 1964 թ. հունիսի 8-ին Երևանում: