Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Ծնվել է 1936 թ. մայիսի 1-ին ԼՂԻՄ (այժմ՝ Արցախի Հանրապետություն) Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում: 1953 թ. ավարտել է տեղի դպրոցը, 1958 թ.՝ ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1963 թ.՝ ասպիրանտուրան:
1964 թ. պաշտպանել է թեկնածուական, 1980 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1982թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1986 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1990 թ.՝ ակադեմիկոս:
1958-1960 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող: 1960-ից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում: 1964-1968 թթ. եղել է նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1968-1970 թթ.՝ լաբորատորիայի բաժնի վարիչ, 1970-1980 թթ.՝ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն: 1980-2006 թթ.՝ նույն ինստիտուտի տնօրեն:
1993-2006 թթ. եղել է ԵՊՀ ռեկտոր, նշանակալի ավանդ բերել համալսարանի՝ եռաստիճան կրթական համակարգի անցնելուն, նպաստել եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու գործընթացին: 2006-2021 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ նախագահ:
Հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների, որոնք վերաբերում են դեցիմետրական տիրույթի քվանտային ուժեղարարների ստեղծմանը և դրանց ռադիոաստղագիտական կիրառություններին, քվանտային էլեկտրոնիկայի համար արհեստական բյուրեղների ստեղծման տեխնոլոգիաների կատարելագործմանը, բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգերի մշակմանն ու ներդրմանը: Մասնավորապես առաջարկել է մակարդակների շրջման սխեմա, որը հնարավորություն է տալիս միաժամանակ ուժեղացնելու տարբեր հաճախություններով երկու ազդանշաններ: Փորձնականորեն այդ սխեման իրականացրել է 21 սմ և 3 սմ երկարության ալիքների համար:
Նրա մշակած ալիքատարային քվանտային ուժեղարարը PATAM-600 մեծ ռադիոաստղադիտակի ընդունող համակարգի զգայնությունը մեծացրել է 14 անգամ, որը հնարավորություն է տվել հետազոտելու տիեզերական մի շարք աղբյուրների ռադիոճառագայթումը:
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում նրա ղեկավարությամբ ստեղծված բարձր զգայնության ռադիոընդունիչ սարքերը լայնորեն կիրառվել են բնական պաշարների հետազոտման «Природа» և «Океан» տիեզերական ծրագրերում, ինչպես նաև ռադիոաստղագիտական և բժշկակենսաբանական հետազոտություններում:
Համահեղինակ է «Theoretical Analysis of Spin Lattice Relaxation and Maser
Properties of Cr3+ -TiO2» (Gothenburg, 1976) և «Methods and Materials for Remote Sensing» (USA, 2004) մենագրությունների:
1965-ից դասավանդում է ԵՊՀ-ում, 1983-1986 թթ. ղեկավարել է իր նախաձեռնությամբ ստեղծված ԳԲՀ ռադիոֆիզիկայի ամբիոնը: 2006-ից ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչն է:
Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 9 և դոկտորական 2 ատենախոսություն:
1995-ից ԵՊՀ -ում գործող ֆիզիկայի մասնագիտական խորհրդի նախագահն է:
1988 թ. արժանացել է ՀԽՍՀ, 1989 թ.՝ Ուկր. ԽՍՀ Պետական մրցանակների:
1981 թ. պարգևատրվել է «Պատվո նշան», 1985 թ.՝ Ժողովուրդների բարեկամության, 1986 թ.՝ Հոկտեմբերյան հեղափոխության, 1999 թ.՝ ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, 2004 թ.՝ Իտալիայի Նախագահի, 2005 թ.՝ Ֆրանսիայի կառավարության շքանշաններով, 2005 թ.՝ ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, 2007 թ.՝ Հայ Առաքելական եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշանով, 2017 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
2006 թ. նրան շնորհվել է «Գիտական ուսումնասիրությունների և բարձրագույն կրթության բնագավառում ձեռք բերած բացառիկ նվաճումների համար» ԵՊՀ մեդալ: