Հանրակրթական ուսումնական հաստատություններում բնագիտական առարկաների ուսուցման ընթացքում ոչ առաջնային տեղ են գրավում գործնական աշխատանքները կամ հենց բուն փորձերը: Հաճախ է քննարկվում այն հարցը, որ հանրակրթական ուսումնական հաստատությունները միշտ չէ, որ հնարավորություն ունեն բնագիտական առարկաների դասավանդման ընթացքում իրականացնելու գործնական աշխատանքներ: Բնագիտական առարկաներն աշակերտների համար ավելի հասկանալի, մատչելի և գրավիչ դարձնելու համար ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնն առաջարկում է ամառային բնագիտական աշխատարան-ծրագիր։ Ծրագիրը եզակի հնարավորություն է՝ գիտափորձերի և պրակտիկ աշխատանքի միջոցով հասկանալու, թե «ինչպես է աշխատում» մեզ շրջապատող աշխարհը։
Ծրագրի նկարագրություն.
«Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր» կրթական ծրագիրը ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությունն է։ Ծրագրի շրջանակում 8-12-րդ դասարան փոխադրված դպրոցականները ԵՊՀ դասախոսների և ուսանողների օգնությամբ կսովորեն ինքնուրույն կատարել գործնական աշխատանքներ ու գիտափորձեր «Ֆիզիկա», «Մոլեկուլյար ֆիզիկա», «Օրգանական քիմիա», «Անօրգանական քիմիա», «Աշխարհագրություն և երկրաբանություն», «Քարտեզագրություն և գեոմորֆոլոգիա» և «Կենսաբանություն» առարկաների շրջանակում (բուսաբանություն, կենդանաբանություն, էկոլոգիա, ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, գենետիկա):
Ծրագիրը կմեկնարկի հունիսի 3-ին և կտևի 3 շաբաթ։ Այս ընթացքում, հիմնվելով հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի վրա, դպրոցականները ԵՊՀ լաբորատորիաներում կկատարեն գործնական աշխատանքներ, գիտափորձեր և համակողմանի կուսումնասիրեն վերոնշյալ առարկաները գործնականում:
Ծրագրի ընթացքում դպրոցականները սեփական փորձի հիման վրա կսովորեն՝
ինչ են լույսի բևեռացումը, գույները, օպտիկական մանրաթելը, լույսի ճնշումը, անիվի իներցիայի մոմենտը, Նյուտոնի գնդիկները, լավա լամպը, գրավիտացիան, ոչ նյուտոնյան հեղուկը,
տարբերակել ՀՀ տարածքում աճող սնկերը, բարձրակարգ և ստորակարգ բույսերը,
գնահատել մարդու քաղցկեղածին բջիջների կենսունակությունը տրիպան կապույտի բացառման թեստով,
ինչպես օճառացնող հեղուկի միջոցով բանանից անջատել ԴՆԹ-ն,
գնահատել հողերի աղակալվածության աստիճանը,
կատարել միաբջջավորների տարբեր ներկայացուցիչների մանրադիտակային ուսումնասիրություն,
դիտարկել օդի, ջրի և հողի մանրէաբանական կազմը (Պետրիի թասիկներում և մանրադիտակով),
կազմել երկրաբանական կտրվածք նախապես տրված քարտեզներով, պարզաբանելու տվյալ տեղամասի երկրաբանական կառուցվածքը, շերտերի փոխհարաբերությունները և օգտակար հանածոների տարածումը՝ ըստ խորության,
կատարել գեոդեզիական չափումներ ավանդական և ժամանակակից սարքերով և տիեզերական նկարների վերծանում ամպային տիրույթում,
Ժամանակացույց
Դպրոցականները աշխատարաններ կայցելեն շաբաթական 2 օր՝ 3-4 ժամով: Ծրագրով նախատեսված է նաև մեկանգամյա առողջ սնունդ:
Բնագիտական առարկաների աշխատարանները լինելու են՝ ԵՊՀ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաները և լսարանները:
Փաթեթներ.
Ծրագրի փաթեթներին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումներով՝
8-12-րդ դասարանի դպրոցականների փաթեթ / Արժեքը՝ 58.000 ՀՀ դրամ/
11-12-րդ դասարանի դպրոցականների փաթեթ /Արժեքը՝ 55.000 ՀՀ դրամ/
Հետաքրքրվողները պետք է մինչև ս.թ. մայիսի 27-ը լրացնեն հետևյալ հարցաթերթը:
Հարցերի դեպքում դիմել ԵՊՀ շարունակական կրթության կենտրոն:
Հեռ.՝ (+374 60) 710 212
Էլհասցե՝ cce@ysu.am