Երևանի գարեջրի գործարանը հիմնադրվել է 1952 թ.: 1997 թ. վերակազմավորվել է բաժնետիրական ընկերության: Վաթսուն տարվա պատմություն ունեցող «Երևանի գարեջուր» ընկերությունը տարիներ շարունակ իր կայուն տեղն է զբաղեցնում Հայաստանի առաջատար ձեռնարկությունների շարքում, իսկ «Կիլիկիա» ապրանքանիշը դարձել է բարձր որակի յուրատեսակ հոմանիշ:
Այսօր ձեռնարկությունում արտադրվում է գարեջրի 12, բնական հյութերի ու նեկտարների 10 և զովացուցիչ ըմպելիքների 13 տեսակ, շշալցվում է նաև «Լուզինյան» հանքային ջուր: Ընկերության արտադրանքը արտահանվում է Ավստրալիա, Կանադա, Չինաստան, Ֆրանսիա, Վրաստան, Մալայզիա, Մյանմա, Լեհաստան, Ռուսաստան, Սինգապուր, Իսպանիա, Թուրքմենստան, Ուկրաինա, ԱՄՆ և այլ երկրներ:
Ժամանակակից տեխնոլոգիայով, բարձրորակ հումքով և հայկական գարեջրի դարավոր ավանդույթների պահպանմամբ արտադրվող «Կիլիկիա» գարեջուրը միջազգային մի շարք հեղինակավոր ստուգատեսներում բազմիցս հաստատել է իր բարձր կարգը` նվաճելով 30 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե մեդալներ և 3 «Գրան-Պրի» մրցանակ, պարգևատրվել բազմաթիվ պատվոգրերով:
1998 և 2003 թթ. ընկերությունն արժանացել է «Արտադրանքի և ծառայությունների որակի ասպարեզում» ՀՀ կառավարության մրցանակի: BID միջազգային կազմակերպության կողմից «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ին եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք թողարկելու համար 1999 թ. շնորհվել է «Ոսկե աստղ» (Շվեյցարիա, ք. Ժնև), իսկ 2001 թ.` «Լավագույն որակի համար» (Գերմանիա, ք. Ֆրանկֆուրտ) պատվավոր մրցանակներ:
2012 թ. «Տարվա լավագույն ապրանքանիշ» hամազգային մրցանակաբաշխությունում «Երևանի գարեջուր» ընկերությունը հաղթող ճանաչվեց և արժանացավ հատուկ մրցանակների՝ «Տարվա լավագույն գարեջուր» (գարեջուր «Կիլիկիա»), «Տարվա հայտնություն» (գարեջուր «Երևան»), «Տարվա լավագույն և էկոլոգիապես մաքուր հյութեր, և՛ մանուկների, և՛ մեծահասակների համար» («Արևա» բնական հյութեր ու նեկտարներ) անվանակարգերում: Որակի վերահսկողությունը արտադրության բոլոր փուլերում իրականացվում է ISO 22000 ստանդարտի և ՎՎՀԿԿ-ի (Վտանգների վերլուծություն և հսկման կրիտիկական կետեր) հիման վրա:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ։
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/beerkilikia