Երևանի պետական համալսարանի և «Fastex»-ի միջև կնքված համագործակցության հուշագրի համաձայն՝ համալսարանում մեկնարկում է «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ․ կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով դասընթացը։ Սեպտեմբերին մեկնարկող դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեն Web3 ոլորտով բոլոր հետաքրքրվողները։
Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները կընդգրկվեն հիմնական խմբում և կմասնակցեն շաբաթական երկու անգամ անցկացվող դասընթացներին։
Երկու ամիսների ընթացքում դասընթացավարները կանդրադառնան բլոկչեյն տեխնոլոգիաներին և կրիպտոգրաֆիկայի հիմունքներին, DeFi (ապակենտրոնացված ֆինանսական հավելվածներ) և թվային ակտիվների առանձնահատկություններին, Web3 ոլորտում առկա ռիսկերին, անվտանգության մեխանիզմներին և կիրառելիությանը, ինչպես նաև ոլորտում առկա օրենսդրական կարգավորումներին։ Բացի հիմնական դասընթացավարներից՝ ուսանողները հնարավորություն կունենան լսելու նաև հրավիրյալ բանախոսների ելույթները։
Նախագրանցումների փուլը կմեկնարկի ս․թ․ հուլիսի 15-ին։ Գրանցման համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան NFT հավաստագրեր։
Դասընթացները կվարեն Web3 ոլորտում միջազգային փորձ ունեցող մասնագետներ Վախթանգ Աբրահամյանը («Fastex»-ի գործադիր տնօրեն), Վարդան Խաչատրյանը («Fastex»-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ), Արամ Ջիվանյանը («Fastex»-ի խորհրդական), Կարեն Թերջանյանը («Bahamut» բլոկչեյնի գլխավոր նախագծող), Պավել Արամյանը («Bahamut» բլոկչեյն ծրագրի ղեկավար), Արմեն Բաղդասարյանը («Fastex»-ի համագործակցությունների գծով ղեկավար)։
Դասընթացի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար հետևե՛ք ԵՊՀ-ի և «Fastex»-ի սոցիալական հարթակների էջերին։
Հավելենք, որ կարևորելով բուհ-գործընկեր կազմակերպություն կապի ամրապնդումը՝ Երևանի պետական համալսարանը շարունակում է ընդլայնել գործընկերների շրջանակը։ Համագործակցելով բուհերի հետ՝ կազմակերպությունները հնարավորություն են ունենում լավագույն ուսանողներին և շրջանավարտներին ընդգրկելու իրենց աշխատանքներում, իսկ բուհերը հնարավորություն են ընձեռում ուսանողներին և շրջանավարտներին՝ աշխատանքի անցնելու ոլորտի լավագույն կազմակերպություններում։ Այսօրինակ գործակցային կապերն ապահովում են աշխատաշուկայում մրցունակ մասնագետների ներգրավումը, ինչպես նաև ուսանողների և շրջանավարտների մասնագիտական կարիերայի ստեղծումը։
«Fastex»-ի մասին
«Fastex»-ը արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով «Fastex Exchange» փոխանակման հարթակը և «ftNFT» հարթակը՝ իր ֆիջիթալ սփեյսներով: ««Fastex»-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։