Այսօրվանից ուժի մեջ է մտնում ԵՊՀ կոլեկտիվ նոր պայմանագիրը
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Ռուբեն Սերոբյանն այսօր կնքել են ԵՊՀ կոլեկտիվ նոր պայմանագիր, որը գործելու է մինչև 2026 թվականի հուլիսի 18-ը։
![](/sites/default/files/styles/large_slide/public/2024-07/ysu00986.jpg?h=790be497&itok=WUvrCnjq)
Կոլեկտիվ պայմանագրով կարգավորվում են ԵՊՀ աշխատողների ներկայացուցչական մարմնի՝ Արհեստակցական կազմակերպության և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները։
Ըստ պայմանագրի՝ կողմերը համագործակցելու են սոցիալական գործընկերության հիմնական սկզբունքների համաձայն, ձեռնարկելու են միջոցներ աշխատանքային վեճերի կանխման, աշխատանքային հարաբերություններում աշխատողների և գործատուի շահերի փոխհամաձայնեցման ուղղությամբ։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ փոփոխելու ԵՊՀ արհեստակցական կազմակերպության կանոնադրությունը։ Փոփոխությունները հնարավորություն կտան ապահովելու առավել թափանցիկ, հաշվետու և արդյունավետ կառավարման մեխանիզմներ, որոնք կնպաստեն աշխատողների սոցիալական խնդիրների առավել արդյունավետ լուծմանը և աշխատանքային հարմարավետ պայմանների ստեղծմանը։