- Գլխավոր
- Նորություններ
- «ICPC» հիմնադրամի պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՊՀ-ում
Հուլիս 18, 2024 | 14:51
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն
«ICPC» հիմնադրամի պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՊՀ-ում
Կառավարությունը ներկայացրել է հայտ «ICPC» ծրագրավորման ուսանողական մրցույթի աշխարհի եզրափակիչը Հայաստանում կազմակերպելու համար։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է «ICPC» հիմնադրամի նախագահ Բիլ Փաուչերի գլխավորած պատվիրակությանը՝ վստահեցնելով, որ ԵՊՀ-ն պատրաստ է ներդնելու անհրաժեշտ միջոցներն ու ռեսուրսները հեղինակավոր միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար։
«ICPC» մրցույթը ամենահեղինակավոր թիմային ծրագրավորման մրցույթն է աշխարհում։ ԵՊՀ թիմերն այս օլիմպիադային մասնակցում են դեռևս 2001 թվականից և տարեցտարի գրանցում ավելի լավ արդյունքներ։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպման ժամանակ փաստեց, որ համալսարանը մեծապես կարևորում է ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և ստեղծում համապատասխան պայմաններ ուսանողների և հետազոտողների համար․ ««ICPC» մրցույթը կրթական, գիտական և տեխնոլոգիական առաջընթացին նպաստող կարևոր միջոցառում է, և մենք պատրաստ ենք ներդնելու անհրաժեշտ միջոցներն ու ռեսուրսները, որպեսզի հեղինակավոր այս միջոցառումը կազմակերպվի լավագույնս։ Վստահ ենք, որ օլիմպիադայի կազմակերպումը Հայաստանում կխթանի ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեր երկրում և տարածաշրջանում, ինչպես նաև կխորացնի համագործակցությունը միջազգային հանրության հետ»:
«ICPC» հիմնադրամի նախագահ Բիլ Փաուչերը նշեց, որ միջազգային օլիմպիադան եզակի հնարավորություն է երիտասարդ ծրագրավորողների համար՝ ցուցադրելու իրենց կարողությունները, ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև գաղափարներ փոխանակելու տարբեր երկրների երիտասարդների հետ:
ԵՊՀ պրոֆեսոր, մրցույթի հայաստանյան տարածաշրջանի տնօրեն Վահրամ Դումանյանն էլ փաստեց, որ այս մրցույթը բնագավառի միջազգային ամենաբարձր հարթակն է․ «Այսպիսի միջոցառումները կարևոր են ոչ միայն անհատական զարգացման, այլև համաշխարհային գիտական և տեխնոլոգիական համագործակցության համար: Հայաստանի և ԵՊՀ-ի համար այսպիսի միջոցառումների կազմակերպումը մեծ քայլ է դեպի միջազգային հանրության ինտեգրում»: