- Главная
- Node
- Ամրապնդելով միջմշակութային հաղորդակցությունը․ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները ՌԴ-ում մասնակցեցին կրթական նախագծի
Сентября 06, 2024 | 14:19
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ամրապնդելով միջմշակութային հաղորդակցությունը․ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները ՌԴ-ում մասնակցեցին կրթական նախագծի
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ երկու տասնյակ ուսանողներ Վոլգոգրադում (ՌԴ) մասնակցեցին ռուս-հայկական ամառային դպրոցի շրջանակում կազմակերպված կրթական նախագծին։
ԵՊՀ-ի և Վոլգոգրադի պետական սոցիալ-մանկավարժական համալսարանի (ՎՊՍՄՀ) ուսանողները կրթական նախագծի շրջանակում մասնակցեցին տարաբնույթ միջոցառումների, այդ թվում՝ կրթական ծրագրերի, այցելեցին պատմամշակութային վայրեր։
ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու «Ռուսաց լեզու», «Միջմշակութային հաղորդակցություն», «Ցարիցին-Ստալինգրադ-Վոլգոգրադի պատմություն» կրթական ծրագրերին, կատարելու հատուկ մշակված ինտերակտիվ առաջադրանքներ, ձեռք բերելու նոր հմտություններ, շփվելու լեզվակիրների հետ, ինչպես նաև կատարելագործելու մասնագիտական գիտելիքները:
Կրթական ծրագրերին մասնակցելուց բացի՝ ուսանողներն այցելեցին «Մամաև կուրգան» հուշահամալիր, «Ստալինգրադի ճակատամարտ» արգելոց-թանգարան, «Հին Սարեպտա» պատմաազգագրական թանգարան, Ի. Ի. Մաշկովի անվան կերպարվեստի թանգարան և այլն: Նրանք ծանոթացան Վոլգոգրադի մարզի մշակույթին, պատմությանը, ավանդույթներին։
Մասնակիցները հանդիպեցին նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, եղան Հայ Առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցում:
Ուսանողները ծրագրի ավարտին «Միջմշակութային հաղորդակցության ձևավորում» թեմայով անցան ամփոփիչ ատեստավորում և ստուգեցին իրենց գիտելիքները:
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ, ՌԴ մեկնած ուսանողների խմբի ղեկավար Էդգար Արշակյանը, կարևորելով նմանօրինակ ծրագրերին ԵՊՀ ուսանողների մասնակցությունը, ասաց․ «Ընդհանուր առմամբ, ապագա ռուսագետ-բանասերների համար կարևոր է լեզվակիր միջավայրին, ռուսական մշակույթին անմիջականորեն ծանոթանալը, ինչպես նաև միջմշակութային հաղորդակցությունը։ Մեծ նշանակություն ունի նաև մանկավարժական բաղադրիչը, քանի որ ամառային դպրոցի մասնակից ուսանողներից շատերը ԵՊՀ-ում լրացուցիչ կրթություն են ստանում մանկավարժի որակավորում ստանալու համար»:
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Լուսինե Ավետիսյանը կրթական նախագծի մասնակիցներից է։ Կարևորելով նախագծի նշանակությունը՝ նա ընդգծեց․ «Կրթական ծրագրերի և Վոլգոգրադի պետական սոցիալ-մանկավարժական համալսարանի ուսանողների հետ շփման շնորհիվ ձեռք բերեցինք փորձ, հարստացրինք մեր գիտելիքները ինչպես ռուսաց լեզվից, այնպես էլ միջմշակութային հաղորդակցությունից: Այս գիտելիքներն անպայման պետք կգան ինձ՝ որպես ապագա մանկավարժի»:
Նախագծի մասնակից, ԵՊՀ 4-րդ կուրսի ուսանող Անի Հովհաննիսյանը, խոսելով ամառային դպրոցին մասնակցությունից, նշեց․ «Նախագծի շրջանակում հասցրել ենք ոչ միայն յուրացնել նոր գիտելիքներ, այլև ծանոթանալ քաղաքին, տեղի բնակիչներին։ Ծրագիրը հնարավորություն ընձեռեց մեզ նոր ընկերներ ձեռք բերելու, ընդլայնելու ուսանողական կապերը»:
Ռուս-հայկական ամառային դպրոցի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր, իսկ խմբի ղեկավար Էդգար Արշակյանին ՎՊՍՄՀ ռեկտոր Ա. Մ. Կորոտկովի անունից հանձնվեց շնորհակալագիր՝ ամառային դպրոցի ծրագրի իրականացմանն աջակցելու և միջազգային համագործակցության ամրապնդման համար։
Հավելենք, որ օգոստոսի 23-31-ը անցկացված միջազգային նախագիծն իրականացվել է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը Հայաստանում) և Վոլգոգրադի մարզի վարչակազմի աջակցությամբ: Ծրագրի գործընկերն էր Վոլգոգրադի պետական սոցիալ-մանկավարժական համալսարանը: