ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ գործակցության շրջանակում հայտարարվում է «Գենդերային հիմքով բռնության հիմնահարցերը Հայաստանում» խորագրով հետազոտական աշխատանքների մրցույթ։
Ովքե՞ր ունեն դիմելու հնարավորություն
Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն Երևանի պետական համալսարանի իրավագիտության, փիլիսոփայության և հոգեբանության, սոցիոլոգիայի և ժուռնալիստիկայի ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ կամ նշյալ ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ ձևավորված ուսանողական թիմեր։
Ուսանողական յուրաքանչյուր թիմում պետք է ընդգրկված լինեն առավելագույնը 4 ներկայացուցիչներ (ինչպես նույն ֆակուլտետի, այնպես էլ վերոնշյալ ֆակուլտետների ուսանողներ)։
Ինչպե՞ս մասնակցել մրցույթին
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում և անհրաժեշտ այլ փաստաթղթեր։
Դիմումի մեջ պետք է ներկայացված լինեն հետևյալ տեղեկությունները՝
1. տեղեկություն մրցույթին դիմած անձի կամ թիմի մասին,
2. հիմնական տեղեկություններ հետազոտության վերաբերյալ՝
հետազոտության թեման,
թեմայի արդիականությունը,
նպատակների, խնդիրների նկարագրությունը,
մեթոդաբանական հիմքը,
հետազոտության նշանակությունն ու սպասվող արդյունքները,
հակիրճ նկարագրությունը․
3. առկայության դեպքում՝ կատարած այլ հետազոտությունների վերաբերյալ տեղեկություն (հղում, հակիրճ նկարագրություն և այլն)։
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել ուսանող լինելը հաստատող փաստաթուղթ (ուսանողական քարտ և այլն), ինչպես նաև այլ հետազոտությունների առկայության դեպքում՝ այդ հետազոտությունները։
Ներկայացված դիմումների գնահատման արդյունքների հիման վրա մրցույթին մասնակցելու համար կընտրվեն այն անձինք, որոնց ներկայացրած դիմումները կբավարարեն սահմանված պահանջները։
Մրցանակային քանի՞ տեղ է նախատեսվում
Մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած անձանցից հաղթող կճանաչվեն ներկայացված հետազոտություններից ընտրված լավագույն հետազոտությունների 4 հեղինակներ։
Հետազոտական աշխատանքներում կկարևորվի՝
• նորարարությունը,
• ապացուցահենք արդյունքների առկայությունը,
• «խնդրից լուծում» մոտեցումները։
Գնահատող հանձնաժողովի կազմը
Մրցույթի հաղթողի (հաղթող թիմի) ընտրության գործընթացին մասնակից են լինելու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները, Երևանի պետական համալսարանի իրավագիտության, փիլիսոփայության և հոգեբանության, սոցիոլոգիայի և ժուռնալիստիկայի ֆակուլտետների պատասխանատուները, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչները և ոլորտային մասնագետներ։
Հետազոտության թեմայի ընտրությունը
Հետազոտությունը կարող է ընդգրկել թեմաների լայն շրջանակ՝ պայմանավորված մրցույթի մասնակից ուսանողների մասնագիտական հետաքրքրություններով, օրինակ՝
իրավական համակարգի բացերը և բռնության ենթարկված անձանց համար արդարադատության մատչելիության խոչընդոտները,
խոցելի խմբերը և գենդերային հիմքով բռնությունը, սոցիալ-մշակութային գործոնները և գենդերային հիմքով բռնությունը,
ընտանեկան բռնության հոգեբանական ասպեկտները,
ընտանեկան բռնությունը լրագրողի դիտակետում։
Դիմելու վերջնաժամկետ՝ 2025 թ․ հունվարի 10։
Մանրամասների վերաբերյալ կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։
Դիմումները և կից փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ wrpc@ombuds.am։