- Главная
- Node
- Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության տարածաշրջանային տնօրենը հյուրընկալվել է ԵՊՀ-ում
Октября 25, 2024 | 15:38
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության տարածաշրջանային տնօրենը հյուրընկալվել է ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ տնօրեն Լոր Կաստենին և նրա հետ քննարկել երկկողմ համագործակցությունն ընդլայնելուն ուղղված քայլեր։
Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ռուզաննա Ղանթաղչյանը, ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Սարգսյանը, որը նաև ԵՊՀ և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Երևանյան գործակալության համակարգողն է, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության առաջատար մասնագետ Հայկուհի Մկրտչյանը։
Հանդիպման ժամանակ Լոր Կաստենը շեշտեց, որ գործակալության նպատակն է աջակցել ֆրանկոֆոն համալսարանների միջև համագործակցությանը, նախագծերի իրականացմանը, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի զարգացմանը տարածաշրջանում։
«Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ մեր համագործակցությունն ընձեռում է հնարավորություններ՝ ընդլայնելու ուսանողների և դասախոսների գիտելիքներն ու հմտությունները: Համատեղ կրթական և հետազոտական ծրագրերը, կրկնակի դիպլոմների նախաձեռնություններն ու շարժունության հնարավորությունները կամրապնդեն մեր համալսարանի դիրքերը և կնպաստեն գիտակրթական միջավայրի զարգացմանը»,- նշեց ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Լոր Կաստենի հետ քննարկվեցին ԵՊՀ ֆրանսախոս ուսանողների և դասախոսների շարժունության ծրագրերի, ֆրանկոֆոն համալսարանների հետ մագիստրոսական ծրագրերում կրկնակի դիպլոմների ներդրմանն առնչվող, ինչպես նաև դոկտորանտուրայի շրջանակում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր։