ԵՊՀ ներքին դրամաշնորհի (ղեկավար` գ.գ.թ. Ա. Սինխ) շրջանակում Կենսաբանության ֆակուլտետում հյուրընկալվել է պրոֆեսոր Աթանասիոս Թ. Ալեքսիուին:
Չանդիգարի համալսարանի (Հնդկաստան) hետազոտությունների և զարգացման համալսարանական կենտրոնի, «Novel Global Community Education Foundation» գիտության և ճարտարագիտության բաժնի պրոֆեսոր Աթանասիոս Թ. Ալեքսիուին Հունաստանի «Funogen» հետազոտական ընկերության և Ավստրիայի «AFNP Med» հետազոտությունների և կրթության կենտրոնի ղեկավարն է: Նա համագործակցում է միջազգային տարբեր հետազոտական խմբերի հետ (Երևանի պետական համալսարան, Աբդուլազիզ թագավորական համալսարան, Շարժայի համալսարան, Դամանհուրի համալսարան):
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Կենսաբանություն» բակալավրի կրթական ծրագրի ուսանողների համար պրոֆեսորը դասավանդելու է «Կենսաանվտանգության հիմունքներ» դասընթացը (45 ժամ դասախոսություն, 4 ժամ քննություն):
Դասախոսության շրջանակում պրոֆեսորն ուսանողներին ծանոթացնելու է կենսաբանության տարբեր բնագավառներում կիրառվող կենսաանվտանգության նորմերին: Ա. Ալեքսիուին հատկապես կարևորում է կենսաանվտանգության պահպանումը գիտահետազոտական տարբեր լաբորատորիաներում, որոնք, կախված հետազոտական աշխատանքներից, կարող են միմյանցից խիստ տարբերվել: Եթե մի լաբորատորիայում աշխատանքները վերաբերում են մարդու համար ոչ վտանգավոր փորձերին ու հիվանդություններին, ապա մեկ այլ լաբորատորիա կարող է զբաղվել այնպիսի հիվանդությունների ուսումնասիրությամբ, ինչպիսիք են կորոնավիրուսը, էբոլան և այլն: Ուստի, անհրաժեշտ է հստակ պատկերացնել այդ լաբորատորիաներում կատարվող աշխատանքների բնույթը և պահպանել անվտանգության կանոնները:
Դասախոսությունը շատ կարևոր է Կենսաբանության ֆակուլտետի ուսանողների հետագա աշխատանքային գործունեության համար ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան տարբեր գիտահետազոտական լաբորատորիաներում:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը նախատեսում է շարունակել Աթանասիոս Թ. Ալեքսիուիի հետ հետագա համագործակցությունը, ինչը կարևորվում է միջազգային հարթակում մասնագիտական նոր գիտելիքների և փորձի ձեռքբերման ու փոխանակման տեսանկյունից: