ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 503 սրահում ս.թ. նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ «Ռուսաստանի Դաշնության ժամանակակից արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների դասավանդումը հայկական բուհերում» խորագրով միջազգային գիտամեթոդական կլոր սեղան:
Հանդիպումը կազմակերպել էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը, Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը (Մոսկվա) և ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնը: Կլոր սեղանը վարում էր Ռուսաստանյան հետազոտություններ կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Արամ Սաֆարյանը: Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձան Ռուսաստանի արդի արտաքին քաղաքականության հիմնական և սկզբունքային հարցերի դասավանդման ընդհանուր վիճակին: Հավաքվածները հետաքրքրությամբ լսեցին ՀԶԱՀԻ-ի փոխտնօրեն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալենտինա Կոմլևայի և ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի ռազմավարական հաղորդակցությունների և պետական կառավարման ամբիոնի վարիչի տեղակալ, ք.գ.թ., դոցենտ Լիդիա Սիդորովայի զեկուցումները:
Ծավալվեց ակտիվ քննարկում, հնչեցին հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ուղղված տեսակետներ ու կարծիքներ: Հատկանշական է, որ բացի գիտնականներից և հանրապետությունում հայտնի փորձագետներից, կլոր սեղանին մասնակցում էին նաև Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի և մագիստարատուրայի ուսանողները: