ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում ս.թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ գիտխորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ գիտքարտուղար Մերի Հովհաննիսյանը, Կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական, գիտական կազմը և ուսանողները։
ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը ներկայացրեց բուհում իրականացվող ուսումնական և գիտական բարեփոխումների ընթացքը, պատասխանեց պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին հուզող հարցերի։
Ռեկտորը խոսեց ոչ միայն վերջին տարիներին միջազգային հարթակներում Երևանի պետական համալսարանի ձեռք բերած հաջողությունների, նոր համագործակցությունների, այլև ներբուհական կրթական ու հետազոտական ծրագրերի զարգացման ու նորարարական նախաձեռնությունների մասին, ինչը խիստ կարևորվում է ԵՊՀ–ի՝ որպես գիտակրթական կառույցի առաջատար լինելու հարցում։
Կենսաբանության ֆակուլտետում ուսումնառությանն առնչվող որոշ հարցերի, ֆակուլտետի կրթական և գիտահետազոտական աշխատանքների, հրատարակչական գործունեության և միջազգային տարաբնույթ համագործակցությունների մասին խոսեց նաև կենսաբանության ֆակուլտետի դեկան, կ․գ․դ․, դոցենտ Կարեն Ղազարյանը։
Ղազարյանը ռեկտորին և մասնակիցներին ներկայացրեց ֆակուլտետի զարգացման առանցքային ուղղությունների՝ կրթական ծրագրերի, ուսումնական գործընթացի և գիտահետազոտական աշխատանքների բարելավման, աշխատանքները՝ ուշադրությունը սևեռելով վարչարարության որոշ հիմնախնդիրների լուծմանը։
Ելույթ ունեցողները նշեցին, որ նմանատիպ հանդիպումների ժամանակ բարձրացրած հարցերի լուծումը կնպաստի բարձրորակ կրթական և հետազոտական աշխատանքների, նորարարությունների իրականացմանը, որակյալ կադրային ներուժի ստեղծմանը և ընդլայնմանը:
Եզրափակելով հանդիպումը՝ Հովհաննես Հովհաննիսյանը մատնանշեց այն կարևորագույն նշանակությունը, որ ունեն նմանօրինակ հանդիպումները հիմնական խնդիրների շուրջ համատեղ աշխատելու և նշանակալի արդյունք գրանցելու տեսանկյունից: