ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին կազմակերպվեց մշակութային, գիտաճանաչողական արշավ, որի շրջանակում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի, Պատմության և Կենսաբանության ֆակուլտետների մի խումբ ուսանողներ այցելեցին Բյուրական, եղան պատմամշակութային կառույցներում, մասնակցեցին գիտական միջոցառման։
Այց Սուրբ Հովհաննես եկեղեցի
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի աշխատակիցները և ուսանողները մշակութային արշավի շրջանակում այցելեցին նախ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի և հանդիպեցին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանին։ Նա ուսանողներին ներկայացրեց տեղեկություններ եկեղեցու պատմության, ճարտարապետական կառուցվածքի ու հետաքրքիր այլ դրվագների մասին, որից հետո կատարվեց միասնական աղոթք։
ԵՊՀ դասախոս, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սաթենիկ Վարդանյանն իր հեղինակային «Հիսուս Քրիստոսի կերպարը 20-րդ դարի հայ կերպարվեստում» գիրքը նվիրեց Տեր Վրթանես քահանա Բաղալյանին։
Ավարտին ներկաները ստացան քահանայի օրհնությունը՝ սիրո և խաղաղության մաղթանքով։
Բյուրականի ուսումնաարտադրական բազայում
Սուրբ Հովհաննես եկեղեցուց հետո արշավի մասնակիցներն այցելեցին ԵՊՀ կազմում գործող Բյուրականի ուսումնաարտադրական բազա, որտեղ տնօրեն Բենիամին Պետրոսյանը դիմավորեց արշավականներին։ Նա ուսանողներին ծանոթացրեց տեղանքին, ներկայացրեց բոլոր պայմանները բազայում հանգստի կազմակերպման, ուղեգրերի տրամադրման ընթացակարգերի ու կատարված աշխատանքների մասին։
Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողների և դասախոսների հանգիստն ապահովելու համար ԵՊՀ կազմում գործող Բյուրականի ուսումնաարտադրական բազան վերանորոգվել է 2021 թ.: Լիարժեք հանգիստ անցկացնելու համար բազան ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով և գործում է ամբողջ տարին:
Բյուրականի աստղադիտարանում
Արշավականների խումբն այցելեց նաև Բյուրականի աստղադիտարան և մասնակցեց «18-րդ համբարձումյանական ընթերցումներ» խորագրով գիտական միջոցառմանը, որտեղ հնչեցին գիտական զեկուցումներ, ծավալվեցին թեմատիկ քննարկումներ։
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ԵՊՀ ուսանողների համար ներկայացրեց «Արվեստ և տիեզերք» թեմայով դասախոսություն՝ անդրադառնալով նաև Վիկտոր Համբարձումյանի կարևոր գիտական հայտնագործություններին։
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Մարիետա Կարապետյանը ներկայացրեց «Մարդը տիեզերքի մի մասնիկն է» թեմայով դասախոսություն։
Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում
Գիտական միջոցառումից հետո համալսարանականներն այցելեցին Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, որտեղ թանգարանի աշխատակիցը ներկայացրեց անվանի աստղաֆիզիկոսի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը։ ՀՀ Ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի առանձնատունը կառուցվել է 1950 թ․, իսկ որպես տուն-թանգարան բացվել է 1998 թ․՝ մեծանուն գիտնականի 90-ամյակի առթիվ։ Տուն-թանգարանում ներկայացված է Վիկտոր Համբարձումյանի կենսագրությունը, նրա ընտանիքի պատմությունը, աստղաֆիզիկոսի մասնագիտական ուղին և համաշխարհային գիտության զարգացման ոլորտում նրա ունեցած բացառիկ նշանակության մասին փաստավավերագրական հարուստ նյութեր: Թանգարանում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, գիտաժողովներ և «Համբարձումյանական ընթերցումներ»։
ԵՊՀ ուսանողները ծանոթացան մեծ գիտնականի կյանքին, գործունեությանը և գիտական ձեռքբերումներին։
Բացահայտելով մշակույթի և գիտության կապը
Արշավի մասնակից ուսանողները գոհունակություն հայտնեցին բովանդակալից ծրագրից՝ ընդգծելով, որ այն հնարավորություն ընձեռեց բացահայտելու արվեստի և գիտության կապը։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Արվեստաբանություն» կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանող Միլենա Դալլաքյանը նշեց,որ գիտաճանաչողական, մշակութային արշավը հնարավորություն ընձեռեց գործնականում ամրապնդելու տեսական գիտելիքները, ինչպես նաև մշակութային հագեցած օր անցկացնելու համալսարանական ընկերների հետ։ Կարևորելով նմանօրինակ միջոցառումները՝ նա ընդգծեց դրանց նշանակությունը գիտելիքները հարստացնելու, մասնագիտական աճ ապահովելու և նոր ընկերներ ձեռք բերելու տեսանկյունից։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նշեց, որ համալսարանի մշակութային կյանքում ակտիվություն և հետաքրքրություն ապահովելու համար պարբերաբար մշակում և իրականացնում են տարբեր ծրագրեր՝ հաշվի առնելով ուսանողների հետաքրքրություններն ու պահանջները։ Նա առաջնահերթ է համարում ուսանողների ներգրավվածությունը մշակութային ոլորտում։ Այս համատեքստում Կ․ Դավթյանը կարևորեց գիտաճանաչողական, մշակութային արշավի նշանակությունը՝ մշակույթի և գիտության կապը ցույց տալու, նոր գիտելիքներ փոխանցելու, ինչպես նաև ուսանողների շրջանում մշակութային արժեքներն ամրապնդելու տեսանկյունից։